Հանդիսատեսի սրտերը բաբախում էին դասական ու էլեկտրոնային երաժշտության անզուսպ բիթերի ներքո. «DJ Meets Orchestra - A New Generation Music Show»-ն վերադարձավ՝ ապացուցելու, որ երբ բախվում են երկու հզոր երաժշտական տիեզերքներ, արդյունքում ստացվում է բացարձակ կախարդանք եւ էներգիայի ու ադրենալինի հզոր ժայթքում:
Ակադեմիական դահլիճը մեկ երեկոյով վերածվեց մի հսկայական, բաբախող պարահրապարակի, որտեղ դասական երաժշտության գլուխգործոցները միաձուլվեցին թվային դարաշրջանի կրակոտ ռիթմերին։ Նվագախմբի հոգին եւ էլեկտրոնային երաժշտության զարկերակը միախառնվել էին մի կատարյալ սինթեզի մեջ, իսկ դահլիճը լեփ-լեցուն էր ամենատարբեր տարիքի եւ երաժշտական նախասիրություններ ունեցող հանդիսատեսով, որոնց երբեք նույն վայրում չէիր հանդիպի:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Յարոսլավ Բիչկովի դինամիկ ու կրակոտ ղեկավարությամբ, եւ դիջեյ ԴերՀովան ստեղծեցին մի այնպիսի ձայնային հրաբուխ, որն ուղղակի ստիպում էր հանդիսատեսին վեր թռչել տեղերից։
Շոուն մեկնարկեց Կարլ Օրֆի «O Fortuna»-ի հզորագույն ակորդներով, որն անմիջապես էլեկտրականացրեց դահլիճի մթնոլորտը։ Այնուհետեւ սկսվեց իսկական երաժշտական կարուսել, որտեղ առանց շնչելու վայրկյան տալու միմյանց հաջորդում էին տարբեր դարաշրջանների, ոճերի ու ժանրերի ստեղծագործություններ: Երեկոյի ընթացքում դասականն ու ժամանակակիցը ոչ թե մրցում էին, այլ՝ լրացնում միմյանց. Դվորժակի 9-րդ սիմֆոնիայի հանրահայտ 4-րդ մասը ստացել էր թարմ, ժամանակակից շունչ, իսկ Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիայի ավանգարդային, հզոր հատվածները զուռնայի մենանվագի եւ էլեկտրոնային բիթերի ներքո հնչեցին էլ ավելի տպավորիչ ու տիեզերական։
Զուռնայի մենանվագով հանդես եկավ անկրկնելի Հարություն Չքոլյանը: Նա նաեւ խորհրդավոր, արեւելյան հնչողություն հաղորդեց բլուլի մենանվագով Սթինգի «Անապատի վարդը» (Desert Rose) կուլտային երգին: Հնչեցին Ռիմսկի-Կորսակովի հանրահայտ «Իշամեղվի թռիչքը», Ջոն Ուիլյամսի «Աստղային պատերազմները» (The Imperial March), եւ Հանս Ցիմերի «Time»-ը, որոնց էլեկտրոնային-սիմֆոնիկ կատարումները ստիպեցին բոլորին պահել շունչը։
Համերգի առանձնահատուկ զարդն էին մենակատարները, որոնք անհավանական «դրայվ» ու վառ գույներ հաղորդեցին: Արամ Ասատրյանի ջութակի վիրտուոզ մենանվագը Վիվալդիի «Փոթորիկ» (Storm) ստեղծագործության մեջ անչափ տպավորիչ էր։ Հարություն Չքոլյանն իր բլուլով ու զուռնայով ապահովեց երեկոյի թերեւս ամենահուզիչ ու միեւնույն ժամանակ էներգետիկ պահերը: Վահե եւ Լառա (Barbar Project) վոկալ դուետը բեմը բոցավառեցին իրենց անհավանական խարիզմայով։ Մայքլ Ջեքսոնի «Billie Jean»-ը, Eurythmics-ի «Sweet Dreams»-ը, Սթինգի հանրահայտ «Desert Rose»-ը եւ The Verve-ի «Bittersweet Symphony»-ն հանդիսատեսը երգում էր նրանց հետ։
Երբ թվում էր, թե էներգիայի մակարդակն արդեն հասել է առավելագույնին, հնչեցին Coldplay-ի «A Sky Full Of Stars»-ը եւ Boney M-ի «Rasputin»-ը՝ դահլիճը վերածելով լույսերի ու անդադար պարի շքահանդեսի:
Իսկ վերջնական, հաղթական կետը դրվեց Արամ Խաչատրյանի հանճարեղ «Սուսերով պարով»։ Դա ոչ թե պարզապես կատարում էր, այլ էներգետիկ հարվածային ալիք, որտեղ ֆիլհարմոնիկի հզորությունը եւ ԴերՀովայի (DJ DΞRHOVΛ) բիթերը միավորվեցին մեկ ընդհանուր հաղթական ակորդի մեջ։
Տեքստը՝ Աստղիկ Դալլաքյանի
Լուսանկարները՝ Մարիա Վարդանովայի


×
49






