×


Շահան Արծրունի․ «83-ում մարզերով շրջելը մի քիչ դժվար է, բայց հանուն երեխաների ու հայ մշակույթի՝ արժե»

2019 թվականից սկսած՝ ՀՕՖ-ի ու դաշնակահար Շահան Արծրունու համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի մարզերում երեխաների համար վարպետության դասեր են անցկացվում, որոնց հաջորդում են բարեգործական համերգները: BRAVO.am-ի հետ զրույցում Արծրունին պատմել է այդ կարեւոր նախաձեռնության, մարզերի երաժշտական ներուժի ու հայկական մշակույթի առանձնահատկության մասին:

- Պարոն Արծրունի, պարբերաբար այցելում եք Հայաստան ու մարզերի երեխաների համար վարպետության դասընթացներ անցկացնում: Ինչպե՞ս է դրվել այդ համագործակցության սկիզբը:

- 6-րդ տարին է, որ մասնակցում եմ այս նախաձեռնությանը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՀՕՖ-ն առաջարկեց Երեւանից դուրս շրջագայության մասնակցել, լինել Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում, որպեսզի այդ բնակավայրերի արվեստի վարժարանների աշակերտներն էլ հնարավորություն ունենան Սփյուռքում բնակվող հայ երաժիշտների գիտելիքները ստանալ ու նրանց տեսակետներին ծանոթանալ։ Ամեն տարի մայիսին ժամանում եմ Հայաստան, շրջագայում տաբեր քաղաքներով. նախ անցկացնում եմ վարպետության դասեր, ապա բացառիկ տաղանդավորների հետ համատեղ համերգով ենք հանդես գալիս:


- Այս անգամ ինչպիսի՞ երեխաների հանդիպեցիք ու ի՞նչ տպավորություններ ստացաք Ձեր ուղեւորությունից։ 

- Նախ այցելեցի Նոյեմբերյան ու Իջեւան, ապա եղա Արտաշատում, Մեղրիում, Քաջարանում ու Կապանում, իսկ մեր զրույցի ընթացքում գտնվում եմ Գորիսում: Իմ երեքշաբաթյա այցի ընթացքում նախատեսված է այցելել 9 բնակավայր, որոնցում 2-ական օր եմ մնում: Ինձ համար 83 տարեկանում մի քիչ հոգնեցուցիչ է այսպիսի շրջապտույտ անել, սակայն երեխաների հետ շփումնը մեծ հաճույք է պարգեւում: 

Տեսնում եմ, թե  ինչպես են նրանք ու իրենց ուսուցիչներն ընդունում իրենց փոխանցվող գիտելիքները: Այս վեց տարվա ընթացքում հարյուրավոր աշակերտների եմ լսել, որոնցից, երեւի, մի քանիսն այնպիսի տաղանդ ունեն, որ կարող էին Եվրոպայում կամ Միացյալ Նահանգներում իրենց երաժշտությամբ հռչակ եւ ճանաչում ձեռք բերել: Հանդիպել եմ նաեւ տաղանդավոր սաների, որոնք վստահորեն կշարունակեն ու կավարտեն իրենց բնակավայրերի երաժշտական կրթօջախները, մյուսներն էլ պարզապես նվագել կսովորեն: Բոլորի համար էլ այս դասընթացները կարող են օգտակար լինել ու կարգապահություն սերմանել: Պետք է այդ փոքրիկներին քաջալերել, որպեսզի հնարավորությունների շրջանակում դրսեւորեն իրենց ունակությունները: 

- Այդքան էլ հեշտ չէ 83 տարեկանում նման ճանապարհորդություն կատարել՝ նախ ԱՄՆ-ից հասնել Հայաստան, հետո շրջել մարզերում: Ի՞նչ եք հոգեւոր ու էմոցիոնալ առումով ստանում երեխաների հետ շփումից: 

- Այս աշխատանքն ինձ ներքին գոհացում է պարգեւում: Ուրախ եմ, որ իմ ստացած փորձառությունը երիտասարդների հետ կիսելու հնարավորություն ունեմ, ինչն ինձ մեծ բավականություն է պարգեւում: Կոստանդնուպոլսի կոնսերվատորիան էի ավարտել, բայց ոչինչ չգիտեի հայկական երաժշտության մասին, հետո սովորեցի: Իմ կյանքի գլխավոր նպատակն է եղել հայկական մշակույթի տարածումը: Հենց մեր մշակույթն է ազգի հարստությունը: Պետք է ամեն ջանք գործադրենք, որպեսզի մեր մշակույթը պահենք եւ զարգացնենք։ Այն, որ այս ճանապարհորդությունների ընթացքում երեխաները շփվում են ուրիշ հայի հետ, արդեն իսկ առավելություն է, որպեսզի այլ ստեղծագործողների գործերն էլ սովորեն ու մշակեն: 


100 աշակերտի լսեցի, ոչ մեկը չնվագեց հունգարացի կոմպոզիտոր Բելա Բարտոկի գործերը: Մինչդեռ պարտադիր է, որ երիտասարդները նրա պես ստեղծագործողի գործերին տեղյակ լինեն: Ցավոք, ոչ մեկի կատարմամբ նաեւ Դմիտրի Կաբալեւսկու գործերը չլսեցի, ինչը շատ մեծ պակաս ու բացթողում է: Բայց միայն օտարազգիների մասին չխոսենք. թեեւ Արամ Խաչատրյան հնչեց, բայց երեխաները չնվագեցին Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի կամ Ալեքսանդր Հարությունյանի գործերը։ Այս անունները կարեւոր են ու պետք է լինեն նրանց նվագացանկում:

- Ձեր կարծիքով՝ հայերն աշխարհում հիմնականում ի՞նչ մշակութային արժեքներով ու հարստությամբ են առանձնանում:  

- Ինձ համար հայ լինելու ամենակարեւոր կետն այն է, որ ինքնուրույն լեզու ունենք, ու այն միայն մերն է։ Նաեւ սեփական տառեր ունենք, ինչը եւս առանձնահատկություն է: Գիտեմ, որ արտերկրում հայ շատ երիտասարդներ այսօր չեն կարողանում կանոնավոր հայեր խոսել, ինչը շատ ցավալի երեւույթ է: Երբ առավոտից մինչեւ գիշեր հեռուստատեսությունն անգելերեն է, ընտանիքի անդամներն էլ միմյանց հետ միայն այդ լեզվով են հաղորդակցվում, շատ քչերն են առօրյայում հայերեն խոսում: Այս ցավալի իրավիճակն է Միացյալ Նահանգներում ու առհասարակ Սփյուռքում, այդպես է նաեւ Թուրքիայում, որտեղ միայն Պոլսում մի քանի տասնյակ հազար հայ կա: Չնայած՝ հայալեզու երկու օրաթերթ է հրատարակվում, բայց միայն տարեցներն են դրանք գնում, որպեսզի այդ պարբերականներն իրենց գոյությունը շարունակեն: Սակայն վստահ եմ, որ միայն վերնագրերն են աչքի անցկացնում եւ բովանդակությունը չեն էլ կարդում: 


- Ձեր կարծիքով՝ ի՞նչ քայլերով կարելի է հաղթահարել այս իրավիճակը։

- Ելք գրեթե չկա: Եթե շարունակեն թուրքերեն, ֆրանսերեն, անգլերեն ու այլ լեզուներով արտահայտվել, ինչն ավելի հեշտ է, քանի որ շուրջբոլորն այդ լեզուն են օգտագործում, հայերեն խոսելու մասին ոչ մեկն էլ չի մտածի: Շատ ցավալի իրականություն է, սակայն դրանից դուրս գալու ճարը չգիտեմ։ Նկատում եմ, որ արեւելահայերում այնքան ռուսերեն բառեր եք խառնում լեզվին, երբ դրա համարժեքը կա: Ինչո՞ւ դրանք չեն գործածում, այլ փոխարենն ընտրում են ռուսերենը: Բոլոր երկրներում էլ այդ երեւույթը կա. Թուրքիայում էլ անգլերեն ու ֆրանսերեն բառեր են գործածում: Սակայն անընդունելի է, որ Հայաստանում նման բան կատարվի: Իմ հույսը դրել եմ Հայաստանի վրա, որպեսզի այստեղ մեր հարստությունը՝ հայ գիրն ու գրականությունը, պահվեն ու պահպանվեն։ Սփյուռքում ու Հայաստանում արեւելահայերեն ու արեւմտահայերեն հսկայական գրականություն կա, բայց ինչպե՞ս պիտի կարողանանք դրանք իրար միացնել: Անիրականանալի է բոլորը արեւելահայերենի ու արեւմտահայերենի թարգմանել: Բայց զգում եմ, որ հենց արեւելահայերենը պիտի շարունակի ավելի հայեցի մնալ, որովհետեւ Սփյուռքում հայերենի գործածությունը շատ ավելի քիչ է։


- Եվ, պարոն Արծրունի, մի քիչ Ձեր պլաններից խոսենք. ԱՄՆ վերադառնալուց հետո ի՞նչ նախագծերի վրա եք աշխատելու: 

- Արդեն բավական պատկառելի տարիքում եմ ու հսկայական երաժշտական ժառանգություն ունեմ: Ուզում եմ կայք ստեղծել ու այդ ամենն այնտեղ ընդգրկել: Դա հնարավորություն կտա իմ արվեստով հետաքրքրվողներին ծանոթանալ գործերիս հետ: Շատ եմ ցանկանում, որ նաեւ երիտասարդ սերունդն իմանա իմ գործունեության մասին: Եթե Բեթհովեն, Մոցարտ կամ Շեքսպիր չես, ամեն ինչ այնքան հեշտ է մոռացվում, եւ այդ ժառանգությունը պահպանելու համար պետք է գրի առնել: Արդեն պայմանավորվել եմ, որ իմ արխիվն ու գրքերը ցուցադրվեն Չարենցի անվան գրականության թանգարանում: Սկսել եմ նաեւ կենսագրական գիրք գրել, որում կընդգրկեմ իմ ունեցած բազմաթիվ պատմական նկարները: Ուզում եմ, որ դրանք պահպանվեն: Կարծում եմ՝ նման ձեւաչափով ճանապարհորդությունը վերջինն էր, որովհետեւ ֆիզիկապես շատ եմ հոգնում, բացի այդ էլ, իմ տեղն արդեն պետք է երիտասարդ ուժերը զբաղեցնեն ու ամեն ինչ անեն հայկական երաժշտությունը զորացնելու եւ տարածելու համար:  

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի 
Լուսանկարները՝ ՀՕՖ-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW