×


Գեղամ Հակոբյանի եւ Էմմա Հովհաննիսյանի նորաստեղծ ընտանիքը, անմոռանալի հարսանիքն ու մեղրամիսը

Օրեր առաջ տեղի է ունեցել երգիչներ Գեղամ Հակոբյանի եւ Էմմա Հովհաննիսյանի գեղեցիկ ու անմոռանալի հարսանիքը: Հիմա զույգը մեղրամիսն է անցկացնում Կիպրոսում, որտեղից պատասխանել է Bravo.am-ի հարցերին:

- Նախ շնորհավորում ենք ձեզ ու երջանկություն մաղթում: Բայց մինչ հարսանիքին անդրադառնալը, եկեք հիշենք, թե ինչպես եք ծանոթացել: 

- Մեր առաջին հանդիպումը տեղի ունեցավ «Swag studio»-ում՝ «Park bridge»-ի շոուի փորձերի ընթացքում։ Նոր շոուի շրջանակներում մենք ոչ միայն նույն բեմում էինք, այլեւ ունեինք մեր զուգերգը, միասին երգում ու պարում էինք։ Հենց այդ բեմից էլ սկսվեց մեր գեղեցիկ պատմությունը (ծիծաղում են,-հեղ.): 

- Ի՞նչ է ձեզնից ամեն մեկը հիշում այդ օրվա մասին:

Էմմա. Փորձի ընթացքում հենց առաջին իսկ պահից սկսեցինք շփվել ու խոսել տարբեր թեմաներից։ Այնքան անմիջական էր ամեն ինչ, կարծես վաղուց էինք ճանաչում իրար, չնայած հեռակա էինք ծանոթ:

Գեղամ. Հիշում եմ, թե ինչպես իր վարակիչ ժպիտով ու դրական էներգիայով մտավ ստուդիա։ Միանգամից գրավեց ուշադրությունս: Շատ արագ տրվեցինք բուռն ու հետաքրքիր զրույցի:


-Իսկ ե՞րբ հասկացաք, որ սիրում եք իրար ու պատրաստ եք ընտանիք կազմել:

- Երբ զգացինք, որ միմյանց հետ մեզ լիարժեք, հանգիստ ու երջանիկ ենք զգում, քանի որ մեզ մոտ ամեն բան բնական էր, դրական ու անկեղծ: Այդ ժամանակ էլ հասկացանք, որ մեր ապագան պատկերացնում ենք միայն միասին եւ ուզում ենք ընտանիք կազմել:

- Գեղամ, մի քիչ պատմեք ամուսնության առաջարկության մասին, իսկ Դուք՝ Էմմա, այդ օրվա Ձեր հույզերից:

Գեղամ. Եկավ մի պահ, երբ գրեթե մեկ ամիս շարունակ անընդհատ խոսում էինք ամուսնությունից ու այդ խոսակցություններն այլեւս սովորական քննարկումներ չէին: Այդ պատճառով էլ առաջարկությունն անակնկալ չեղավ, որոշեցինք ավանդական ձեւով նշանադրություն կազմակերպել։

Էմմա. Այդ օրը բավական պատասխանատու էր երկուսիս համար, քանի որ մեր հարաբերությունները մտնում էին ավելի պաշտոնական փուլ։

- Ինչո՞ւ որոշեցիք հենց այս ամռանն անել հարսանիքն ու ինչպիսի՞ն էր կազմակերպչական ընթացքը:

- Հարսանիք կազմակերպելը, իսկապես, ամենահեշտ գործերից չէ (ծիծաղում են,-հեղ.): Այն բավական սթրեսային, ժամանակատար եւ մեծ պատասխանատվություն պահանջող գործընթաց է։ Որոշեցինք այն անել ամռանը, քանի որ դա մեր ամենասիրելի շրջանն է՝ տաք է, բայց ոչ այնքան, որ անհարմար լինի, եւ հենց այդ պատճառով հունիս ամիսը մեզ համար դարձավ ամենահարմար ընտրությունը։ Ամեն ինչ կազմակերպում էինք երկուսով՝ ամեն մանրուք հաշվի առնելով եւ փորձելով ոչինչ բաց չթողնել։ Իհարկե, մեծ աջակցություն ունեինք մեր ընկերների կողմից, ինչն էլ ավելի էր հեշտացնում կազմակերպչական աշխատանքները։





- Ինչպիսի՞ հարսանիք էիք պատկերացրել, որքանո՞վ հենց ձեր ուզածը ստացվեց եւ ովքե՞ր էին այդ կարեւոր օրը ձեր կողքին:


-Հարսանիքը գերազանցեց մեր պատկերացումները, քանի որ այն անցավ ավելի լավ, քան երբեւէ կարող էինք պատկերացնել։ Դա ոչ միայն մենք զգացինք, այլև հյուրերի արձագանքներից հասկացանք: Բոլորն այնքան ջերմ խոսքեր էին ասում եւ իրենց տպավորություններով կիսվում մեզ հետ, որ դա դարձավ մեր ամենամեծ հաստատումը՝ օրն իսկապես հաջողված էր։ 

Ուզում էինք բոլորի համար հիշվող հարսանիք կազմակերպել, որ մեր հյուրերը պարեին, վայելեին ու անկեղծորեն ուրախանային։ Մեր կարծիքով՝ իսկապես հաջողված հարսանիքն այն է, երբ մարդիկ ամբողջությամբ բացվում են, պարում եւ այդ օրն ապրում են ամբողջ սրտով: 

Իհարկե, հարսանիքին նախորդող 2-3 օրերն ամենալարվածն էին, քանի որ հասկացել էինք՝ դեռ շատ բաներ իրենց վերջնական տեսքը չեն ստացել: Այդ լարվածության մեջ նույնիսկ մեր մուտքի պարը հասցրինք պատրաստել միայն վերջին 2 օրվա ընթացքում, իսկ հարսանիքի նախորդ օրն ավարտին հասցրինք վերջնական խորեոգրաֆիան: Չնայած հենց այդքան կարճ ժամանակում ստացված պարը դարձավ օրվա ամենահիշվող պահերից մեկը: Ցանկանում ենք մեր խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր օգնել են կազմակերպել հարսանիքը, մասնակցել են մեր պարերի բեմադրությանն ու երեկոն անմոռանալի են դարձրել իրենց ելույթներով:
Նրանցից յուրաքանչյուրի ներդրումը մեզ համար չափազանց կարեւոր էր, հենց նրանց շնորհիվ այդ պահերն ավելի գեղեցիկ, ամբողջական, հիշվող ու տպավորիչ եղան:





-Էմմա, բոլոր կանանց համար էլ այդ օրն առանձնահատուկ է, ինչպե՞ս է եղել զգեստի ընտրությունն ու արդյոք միանգամի՞ց եք կողմնորոշվել:

- Ընտրությունը բավականին դժվար էր, որովհետեւ արդեն խճճվել էի բոլոր գեղեցիկ զգեստների նկարների մեջ։ Այդքան ուսումնասիրելուց հետո հասկանում էի, որ գեղեցիկից էլ ավելի գեղեցիկ տարբերակներ կան, ու ընտրությունն ավելի բարդ էր դառնում։ Բայց եկավ մի օր, երբ վերջապես կողմնորոշվեցի ու հասկացա, թե որն է իմ երազանքի զգեստը։ Այն իրականություն դարձնելու գործում մեծ դեր ունեցավ Ագնեսը: Շնորհակալ եմ նրան իմ երազանքի հարսանեկան զգեստը կյանքի կոչելու համար, որովհետեւ այն իդեալական կերպով կարեց՝ նույնիսկ ավելի գեղեցիկ, քան պատկերված էր նկարում։


-Ինչո՞վ ամեն մեկիդ համար առանձնացավ հարսանիքն ու ինչպե՞ս կհիշվի:

-Դժվար է առանձնացնել կոնկրետ պահեր, որովհետեւ եկեղեցու արարողությունից մինչեւ խնջույքն ամեն պահը մեզ համար թանկ ու անմոռանալի էր։ Բայց որոշ պահեր հատկապես վառ են տպավորվել մեր հիշողության մեջ՝ ամուսնության եւ տորթի արարողությունները, մուտքի պարը, ինչպես նաեւ հարսի ու փեսայի պարերը: Եվ, իհարկե, մեր ընկերների ու հարազատների հետ հարսանեկան «տժժիկ»-ները գերազանցեցին բոլոր սպասումները ու պատկերացումները։

- Ո՞րն է հայկական հարսանիքներում ձեր ամենասիրելի եւ հուզիչ պահը։

- Հայկական հարսանիքներում ամենահուզիչ պահը հարս ու փեսայի առաջին հանդիպումն է, այդպես էր նաեւ մեր պարագայում։


- Մասնագիտական ի՞նչ ծրագրեր ու անելիքներ ունեք վերադառնալուց հետո։

-Շուտով նոր զուգերգով հանդես կգանք՝ կներկայացնենք «Փակ աչքեր» երգը։ Տեսահոլովակն արդեն նկարահանված է, մնացել են միայն վերջին շտկումները, այն շատ շուտով կհրապարակվի։ Այդ նախագծի հետ միաժամանակ նաեւ ակտիվ աշխատում ենք մեր անհատական երգերի վրա, որպեսզի յուրաքանչյուրիս ստեղծագործական ճանապարհն առանձին ու ամբողջական կերպով նույնպես զարգանա:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW