1967 թվականի այս օրը՝ հունիսի 25-ին տեղի ունեցավ պատմության մեջ առաջին միջազգային արբանյակային հեռուստահաղորդումը՝ «Մեր աշխարհը» (Our World): Այս նախագիծն իր ժամանակի տեխնիկական հաղթանակն էր: Այն առաջին անգամ միավորեց 5 մայրցամաքների 24 երկիր՝ էկրանների մոտ հավաքելով այդ տարիների համար աննախադեպ՝ ավելի քան 400 միլիոն հանդիսատես: Իսկ այդ երեկոյի կենտրոնական պահը «Բիթլզ» խմբի All You Need Is Love երգի պրեմիերասն էր կենդանի կատարմամբ եւ ուղիղ եթերում։
Գլոբալ հեռուստատեսության ծնունդը
Նախագծի նախաձեռնողը բրիտանական BBC կորպորացիան էր: Գլխավոր նպատակն էր ուղիղ եթերում ցույց տալ տարբեր երկրների ձեռքբերումներն այստեղ և հիմա: Դրա համար օգտագործվեցին տիեզերական նորագույն տեխնոլոգիաներ. ազդանշանները հեռարձակվում էին կապի չորս կոմերցիոն արբանյակների միջոցով: Մասնակցության գլխավոր պայմանը քաղաքական գործիչների և քաղաքական ենթատեքստի բացարձակ բացակայությունն էր:
Քաղաքական սկանդալը և Արևելյան բլոկի բոյկոտը
Չնայած կադրում քաղաքականության ցանկացած հիշատակման վրա պրոդյուսերների դրած խստագույն արգելքին՝ Սառը պատերազմն այնուամենայնիվ միջամտեց նախագծի ճակատագրին: Ի սկզբանե ծրագիրը մտահղացվել էր որպես գլոբալ կամուրջ Արևմուտքի և Արևելքի միջև: Դրանում պետք է մասնակցեին ԽՍՀՄ-ը, Լեհաստանը, Չեխոսլովակիան, Հունգարիան և ԳԴՀ-ն (Արևելյան Գերմանիան): Խորհրդային հեռուստատեսությունը պատրաստում էր ծավալուն միացումներ՝ Սիբիրում հսկայական հիդրոհանգույցի կառուցումից մինչև ռեպորտաժներ Լենինգրադից ու Մոսկվայից:
Սակայն եթերից մի քանի օր առաջ բռնկվեց հսկայական աշխարհաքաղաքական ճգնաժամ: 1967 թվականի հունիսի 5-ին Մերձավոր Արևելքում սկսվեց Վեցօրյա պատերազմը, որում Խորհրդային Միությունը բացահայտորեն աջակցում էր արաբական պետություններին, իսկ Արևմուտքի երկրները կանգնեցին Իսրայելի կողքին:
Ի նշան բողոքի այս հակամարտության վերաբերյալ արևմտյան երկրների դիվանագիտական դիրքորոշման և տեղեկատվական քաղաքականության դեմ՝ ԽՍՀՄ-ը որոշեց ամբողջությամբ բոյկոտել նախագիծը: Մոսկվայի հետևից մասնակցությունից հրաժարվեցին նաև սոցիալիստական ճամբարի մյուս չորս երկրները: Դուրս մնացած մասնակիցների տեղերը ստիպված եղան շտապ բաշխել մնացած երկրների միջև, իսկ Խորհրդային Միության հեռուստադիտողներն այդպես էլ չտեսան The Beatles-ի լեգենդար կենդանի կատարումը:
The Beatles-ի պատմական սինգլը
Յուրաքանչյուր մասնակից երկիր ներկայացնում էր իր ուրույն հատվածը: Մեծ Բրիտանիան խաղադրույք կատարեց մշակույթի վրա և ցուցադրեց The Beatles խմբին, որն աշխատում էր Էբբի Ռոուդ (Abbey Road) հայտնի ստուդիայում:
Հատուկ այս եթերի համար Ջոն Լենոնը գրեց «All You Need Is Love» երգը: Երաժիշտները ձգտում էին ստեղծել պարզ և հասկանալի ուղերձ, որը հեշտությամբ կընկալվեր միջազգային լսարանի կողմից, նույնիսկ նրանց, ովքեր չգիտեին անգլերեն: Տոնական զարդարված ստուդիայում տիրում էր համընդհանուր սիրո մթնոլորտ: Խմբի հետ միասին հատակին նստած էին հրավիրված ընկեր-երաժիշտները, որոնց թվում էին Միք Ջագերը, Էրիկ Կլեպտոնը և Քիթ Ռիչարդսը: Նրանք երգում էին խմբի հետ և ծափ տալիս երաժշտության տակտին համահունչ:
Եթերի ժառանգությունը
Չնայած այն հանգամանքին, որ հեռարձակումն իրականացվում էր սև ու սպիտակ գույներով, The Beatles-ի ելույթը դարձավ դարաշրջանի և «սիրո ամառվա» խորհրդանիշը: «All You Need Is Love» երգն ակնթարթորեն վերածվեց սերնդի հիմնի, իսկ «Մեր աշխարհը» ծրագիրն ապացուցեց, որ հեռուստատեսությունն ունակ է վայրկենապես ջնջել սահմանները ամբողջ մայրցամաքների միջև:


×
110






