×


«Արցախ անունը պետք է հնչեցնենք բեմից». կայացավ Ստեփանակերտի թատրոնի «Ռուզան» դրամայի առաջնախաղը

Երևանում վերակազմավորված՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը հանդիսատեսին ներկայացրեց Մուրացանի «Ռուզան» պատմական դրամայի հիման վրա ստեղծված «Ռուզան, Արցախի դուստր» բեմադրությունը։ 

Պատմական ու արդիական շեշտադրումներով հագեցած այս ներկայացումը միայն ստեղծագործական աշխատանք չէր, այլև Արցախի մշակութային գոյության ու տեսակի պահպանման պայքար: Թատերախմբի համար սա վերահավաքվելու, սեփական ցավն ու հույսը արվեստի լեզվով փոխանցելու հերթական հանգրվանն է: 


«Հաղթահարեցինք, կարողացանք հանուն մեծ գաղափարի միավորվել։ Չեմ ուզում պաթետիկ հնչի, բայց այս ամենն արվում է հանուն Արցախի գոյության։ Մենք մեր մեջ իսկապես ուժ գտանք դա անելու։ Այսօր գործում է ու կա Արցախի թատրոնը»,– ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ներկայացման ռեժիսոր Ռուզան Խաչատրյանը։

Մուրացանի պիեսը նվիրված է 13-րդ դարի՝ թաթար-մոնղոլական ներխուժման դարաշրջանի իրադարձություններին, բայց այն մինչ օրս իր արդիական խորհուրդն ունի։ Սա բեմականացում է, որտեղ բախվում են ծայրահեղությունները՝ անմնացորդ սերն ու ստոր դավաճանությունը, անձնազոհությունն ու վեհ հայրենասիրությունը։ 


Ռեժիսոր Ռուզան Խաչատրյանն ասում է․«Դրամայի ընտրությունը պատահական  չէր... այն շատ արդիական է ու մեծ խորհուրդ ունի: Պետք է հույսը միշտ պահել, որ նույնիսկ ամենադժվար ժամանակներում ելք կա, փրկություն կա, երբեք չպետք է հույսը կորցնենք: Դերասաններն ամեն բջիջով գիտեն, հասկանում են՝ ինչ է նշանակում հայրենիքի դժվար շրջան, հայրենիքի կորուստ, զոհողություն հանուն հայրենիքի...»։ 

 Հայրենասիրության ու ազատության համար պայքարի համատեքստում ներկայացվում է երիտասարդ արքայադուստր Ռուզանի հերոսական կերպարն ու անձնազոհությունը։ Կերպարի միջոցով դերասանուհին բեմից խոսում է սեփական ապրումների, հայրենիքի կարոտի ու պարտքի մասին։ Ռուզանի կերպարում Շողեր Սարգսյանն էր։


«Շատ պատասխանատու դեր էր իրականում, պարտավորեցնող, և դրանից էլ ավելի սիրելի ինձ համար: Ինչ-որ չափով հայրենիքի կարոտն էի առնում ու կատարում էի Ռուզանի միջոցով մի պարտք, որ հնարավորություն չունեցա իմ հայրենիքի համար ժամանակին անելու: Ինչ-որ տեղ սա նաև մխիթարանք էր, որովհետև, որպես առաքելություն, դա անում էինք հանուն Արցախի մշակույթի պահպանման և հանուն Արցախի հիշատակի»։ 

Դերասանուհին խոստովանում է՝ ներկայացման մեջ մի հատված կա, որտեղ կերպարն ու իրականությունը քայլում են կողք–կողքի։


«Ամենադժվարը հրաժեշտի տեսարանն էր... Որովհետև նման հրաժեշտ ես էլ եմ ունեցել: Եվ հրաժեշտի տեսարանում շատ պատկերավոր էին ինձ համար և՛ լեռները հայրենի, և՛ երկինքը, և՛ արևը... Սա կրկնակի դժվար է, բայց և կրկնակի մխիթարող, երբ դու ունես հնարավորություն կրկին հրաժեշտի խոսքը ասելու, որովհետև ինչ-որ ձևով այդպես նաև մոտիկ ես մնում հայրենիքին և պահում ես քո մեջ այդ հիշողությունը»։

«Ռուզան» պատմադրամայում տեղ գտած դավաճանության և հայրենասիրության հավերժական պայքարը զուգահեռվում է ներկայի հետ: Սյունյաց Համտուն իշխանի կերպարը մարմնավորող Սամվել Սարգսյանի  համար սա ներքին բախումների, կռիվների, բայց նաև կերպարի միջոցով այսօրվա իրականությանը նայելու հնարավորություն է:


«Իրականում շատ նմանություններ կան այսօրվա հետ՝ Համտունի իշխանն իր ներքին դավաճանության, սիրո հիմունքներով: Ես անդադար վիճել եմ կերպարիս հետ, բայց հետո հասկացա, որ ամեն մեկիս մեջ կա այդ համտունը, միտքը՝անընդհատ պայքարելու, նույնիսկ ինչ-որ անարդարության կամ արդարության հետ։ Ուղղակի պետք է կարողանաս իրան ղեկավարել, թե չէ Համտունը ավելի ու ավելի կաճի»։

Դերասանական կազմի համոզմամբ, ստեղծված իրավիճակում հենց մշակույթն է այն հզոր գործիքը, որով հնարավոր է բարձրաձայնել սեփական իրավունքների մասին և թույլ չտալ, որ Արցախ անունը մոռացության տրվի:


Բեմադրության մեջ խաղում են հիմնականում արցախցի դերասաններ, բայց կան նաև հրավիրյալներ։ 

Հասան Ջալալ Արցախի Իշխանաց իշխանին մարմնավորում է Շանթ Հարությունյանը։ Վերջինիս համագործակցությունը Արցախի թատրոնի հետ տարիների պատմություն ունի։ 

 «Բոլոր արտիստներին ճանաչում եմ։ Ընկերներ ունեմ այնտեղ, ինքս էլ ինձ կիսով չափ արցախցի եմ համարում։ Բայց ուրախ եմ, որ անմիջապես արդեն ներկայացումներում զբաղվածություն ունեմ, ու «Ռուզանն» էլ ավելի ընդգծված եղավ»։


Շանթ Հարությունյանն համոզված է,որ Ստեփանակերտի թատրոնը մեծ ապագա ունի․ «Արցախի մայր թատրոնը՝ իր յուրահատուկ ձեռագրով պետք է պահպանվի և իր ուրույն տեղը գրավի նաև Հայաստանում։ Չպիտի ընկճվենք և Արցախ անունը պետք է բարձր պահենք, հնչեցնենք նաև բեմերից...»։

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնը վերակազմավորվել է 2025 թվականի օգոստոսին՝ Հայաստանի թատերական գործիչների միության և «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության աջակցությամբ։ 


«11 ամսվա հետևողական ջանքերից հետո Արցախի մայր թատրոնի վերածնունդն ու կայուն խաղացանկն արդեն իրողություն են։ Այն մի նոր գույն է Հայաստանի թատերական, մշակութային դաշտում։ Իսկ այսօրվա ներկայացումը հենց այն արժեքների մասին էր, որոնց կրողն է մեր ժողովուրդը. դա մարդկային ու ազգային արժանապատվությունն է և անձնազոհությունը հանուն հայրենիքի»,– ասում է  կազմակերպության նախագահ Յուրա Նավոյանը։ 

Հանդիսատեսը կարող է վայելել «Ռուզան, Արցախի դուստր»  ներկայացումը Համազգային թատրոնում նաեւ այսօր՝ հունիսի 29-ին։

Արմինե Գեւորգյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW