×


Մոր եւ որդու՝ Գալյա Նովենցի եւ Հակոբ Ղազանչյանի տարեդարձները՝ երկու օրվա տարբերությամբ

Այսօր 67-ամյակն է նշում արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։

Նրա տարեդարձն արխիվային լուսանկարներով շնորհավորել է դուստրը՝ դերասանուհի Մարիամ Ղազանչյանը։


Տարիներ առաջ Bravo.am-ի հետ զրույցում նա հետեւյալն էր ասել հայրիկի ու արվետագետների ընտանիքում մեծանալու մասին. «Հայրիկն իմ ուսուցիչն է: Նա է ինձ սովորեցրել դերասանի վարպետությունը։ Պապայի հետ շատ գործեր ենք արել, հետաքրքիր ներկայացումներ ունենք, վերջին շրջանում ենք պասիվացել: Հայտնի ռեժիսորների ու դերասանների ընտանիքից լինելը ո՛չ առավելություն է, ո՛չ էլ խանգարել է ինձ։ Ինձ ճանաչող մարդիկ եւ նույնիսկ նրանք, ովքեր ժամանակին նման բաներ են խոսել, տեսել են, թե ոնց եմ ամեն ինչ հաղթահարել»։


Հուլիսի 1-ին էլ Ղազանչյանի մայրիկի՝ Հայաստանի ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի ծննդյան օրն էր։ Տատիկի մասին էլ Մարիամ Ղազանչյանը, ով նրա անվան թատերական դպրոցի հիմնադիրն է, պատմել էր. «Կատարյալ տատիկ է եղել. երբեք աշխատանքը չի խանգարել, որ ընտանիքին ու թոռներին ժամանակ հատկացնի: Շատ երջանիկ մանկություն եմ ունեցել, որն անցել է տարբեր թատրոններում՝ Սունդուկյանում, Համազգայինում, երբ այն նոր էր ձեւավորվել։ Տատիկն ինձ հետ տիկնիկներով էր խաղում. նրանց համար գլխարկներ ու հագուստ էինք կարում, հետո ամեն մեկս տիկնիկի մի ձեռքը բռնում էինք ու գնում զբոսնելու։ Եղել է ժամանակ, որ ինձ դպրոց էր տանում, ապա սպասում, ու միասին վերադառնում էինք տուն:


Ծղոտե զամբյուղ ուներ, դրանով էինք շուկա գնում: Հենց ներս էինք մտնում, բոլորն ասում էին՝ «Վա՜յ, մեր Նովենցը», զամբյուղի մեջ միրգ կամ բանջարեղեն էին դնում: Ավտոբուսները կանգ էին առնում, որ մարդիկ դուրս գային ու նրան բարեւեին, փողոցում անսպասելի ծաղիկներ էին նվիրում։ Փոքր էի ու այն ժամանակ նրա մեծությունը լիովին չէի գիտակցում, տարիներ անց արվեստագետներից մեկի մոտ ասացի՝ «իմ Գալյան», ուղղեց. «Նովենցը նախ մերն է, հետո նոր՝ ձերը»»։

Դերասանուհու խոսքով՝ նովենցի յուրահատկությունն իր համեստությունն էր. «Չեմ հիշում, որ վարկաբեկեր որեւէ դերասանի, ռեժիսորի կամ ներկայացում։ Միշտ կարողացել է զուսպ լինել։ Ինձ նրանից այդ համեստությունն է փոխանցվել»։

Զրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Կարդալ ավելին

Quality Sign BW