×


Գալյա Նովենցը՝ թոռնուհու՝ Մարիամ Ղազանչյանի հետ

Մարիամ Ղազանչյան. «Ինձ տատիկից՝ Գալյա Նովենցից, նրա համեստությունն է փոխանցվել»

Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի Մարիամ Ղազանչյանը գտել է իր ներդաշնակությունն ու դա երեւաց մեր զրույցի հենց սկզբից՝ նա անչափ հանգիստ էր ու ներսից լույս էր ճառագում: Ղազանչյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց տատիկի՝ Գալյա Նովենցի, պապիկի՝ Երվանդ Ղազանչյանի, մասնագիտության չերեւացող դժվարությունների, նորից երգելու ու երեխաների երաժշտական նախասիրությունների մասին:

- Մեր առաջին հանդիպումն է, ինչպե՞ս կներկայանաք` ո՞վ եք ու ի՞նչ եք սիրում ամենաշատը:

- Դերասանուհի եմ, այս աշխարհում ամենաշատը սիրում եմ այն ամենն, ինչը դրական է, իմ երեխաներին, ընտանիքս, ընտրածս մասնագիտությունն ու ինձ շրջապատող մարդկանց։

- Հանդիպել ենք Ձեզ համար շատ կարեւոր վայրում՝ «Գալյա Նովենց» թատերական դպրոցում: Ինչպե՞ս առաջացավ այն բացելու միտքն ու հե՞շտ էր կյանքի կոչել:

- Միտքը գլխումս տարիներ շարունակ պտտվում էր, բայց բացել չէր ստացվում, կամ էլ դեռ հարմար պահը չէր եկել։ Ամեն ինչ անսպասելի եղավ՝ մի օր պարզապես որոշեցի, որ հասունացել եմ նպատակս իրագործելու համար։ Առաջին հերթին մտածեցի՝ ինչ առարկաներ են լինելու, ամենակարեւորն՝ ովքեր են դասավանդելու եւ ինչ ծրագիր է լինելու: Դպրոցն արդեն 1 տարեկան է, ու հասցրել ենք չորս ներկայացում խաղալ։ Սկզբում միայն մեծերի խմբեր էին գործում, բայց քանի որ պահանջարկը մեծ էր, դեռահասների էլ բացեցինք: Իմ նպատակն էր, որ Հայաստանում տատիկի անունը կրող մշակութային օջախ լինի։ Տատիկիս սիրել եմ նաեւ որպես զուսպ, լուռ ու համեստ արտիստուհու, շատ եմ ուզում, որ նոր սերունդն իմանա նրա մասին։

Մարիամ Ղազանչյանը եւ Հասմիկ Բաբայանը


- Իսկ Ձեր տատիկն ի՞նչ կսովորեցներ ու կփոխանցեր երեխաներին:

- Տատիկը միշտ երիտասարդներին պաշտպանում էր ու ասում. «Ոչինչ, ջահել են, կհասկանան. ուզում են ամեն ինչ հասցնել»: Դրա համար է, երեւի, որ մեզ մոտ երիտասարդներ շատ են գալիս: Շատ ստեղծագործ ու հետաքրքիր մարդիկ են այստեղ համախմբվել։

- Մի քիչ էլ Գալյա Նովենցի հետ կապված Ձեր հիշողություններից պատմեք, որոնք առանձնահատուկ եք փայփայում:

- Իր հետ կապված բոլոր հիշողությունները թարմ են: Կատարյալ տատիկ է եղել. երբեք աշխատանքը չի խանգարել, որ ընտանիքին ու թոռներին ժամանակ հատկացնի: Շատ երջանիկ մանկություն եմ ունեցել, որն անցել է տարբեր թատրոններում՝ Սունդուկյան, Համազգային, երբ այն նոր էր ձեւավորվել։ Տատիկն ինձ հետ տիկնիկներով էր խաղում. նրանց համար գլխարկներ ու հագուստ էինք կարում (ծիծաղում ենք,-հեղ.), հետո ամեն մեկս տիկնիկի մի ձեռքը բռնում էինք ու գնում զբոսնելու։ Եղել է ժամանակ, որ ինձ դպրոց էր տանում, ապա սպասում, ու միասին վերադառնում էինք տուն:

Ծղոտե զամբյուղ ուներ, դրանով էինք շուկա գնում: Հենց ներս էինք մտնում, բոլորն ասում էին՝ «Վա՜յ, մեր Նովենցը», զամբյուղի մեջ միրգ կամ բանջարեղեն էին դնում: Ավտոբուսները կանգ էին առնում, որ մարդիկ դուրս գային ու նրան բարեւեին, փողոցում անսպասելի ծաղիկներ էին նվիրում։ Փոքր էի ու այն ժամանակ նրա մեծությունը լիովին չէի գիտակցում, տարիներ անց արվեստագետներից մեկի մոտ ասացի՝ «իմ Գալյան», ուղղեց. «Նովենցը նախ մերն է, հետո նոր՝ ձերը»։

- Կարծում եք՝ նման դերասանուհիներ էլի՞ կլինեն` այդքան պարզ, հասարակ, բայց միաժամանակ խոր ու ազդեցիկ։

- Նրա յուրահատկությունն իր համեստությունն էր, այդքան ճանաչված ու սիրված լինելով՝ լուռ էր, գլուխը կախ, առանց որեւէ ավելորդության, չեմ հիշում, որ վարկաբեկեր որեւէ դերասանի, ռեժիսորի կամ ներկայացում։ Միշտ կարողացել է զուսպ լինել։ Ինձ նրանից այդ համեստությունն է փոխանցվել, չգիտեմ՝ լավ է կամ վատ, բայց կյանքում շատ է խանգարել: Հիմա շատ բաների այլ կերպ եմ վերաբերվում աշխատանքում ու կյանքում, սկսել եմ ինքս ինձ հետ շատ ժամանակ անցկացնել ու ավելի լավ հասկանալ։

- Ի՞նչ եք իմացել Ձեր մասին եւ ի՞նչ եք ուզում հիմա:

- Ինքս ինձ հետ շատ ներդաշնակ եմ, էլ ոչ մի բան ինձ չի խանգարում։ Տարիքի հետ իմաստնանում ես ու սկսում քեզ լավ ճանաչել. 10 տարի առաջ էլ լավ աղջիկ էի, բայց այս Մարիամին ավելի եմ հավանում (ծիծաղում է,-հեղ.)։ Օրինակ՝ 5 տարի առաջ դպրոցը միանշանակ չէր լինի, քանի որ ես պատրաստ չէի։

Մարիամ Ղազանչյանը


- Կա՞ն էլի ծրագրեր, որ սպասում եք հասունանաք դրանց համար ու նոր իրականացնեք:

- էլի Նովենց անվան հետ կապված երազանք ունեմ. շատ եմ ուզում, որ նրա անունով թատրոն լինի՝ արժանի ներկայացումներով: Մի կարեւոր բան եմ հասկացել, որ հանդիսատեսն ուզում է բեմից իր մասին լսել եւ իրեն տեսնել։ Ժամանակակից թատրոնը պետք է մարդուն մոտ լինի։ Պարոնյանի անվան թատրոնի «Վերոնիկան որոշում է մեռնել» ներկայացման տոմսերը 2 ամիս առաջ են սպառվում, ասեղ գցելու տեղ չի լինում: Չեմ հիշում դեպք, որ դահլիճում հեռախոսի ձայն լսվի։ Հետո էլ սպասում են դերասաններին ու ռեժիսորին, որ խոսեն հետները:

- Պապիկի՝ Երվանդ Ղազանչյանի հետ կապն ինչպիսի՞ն էր ու նրանից ի՞նչ եք հասցրել սովորել:

- Պապիկն իմ լավագույն ընկերն էր, նրա խոսքերն ու արտահայտությունները մինչեւ հիմա մեջբերում եմ՝ «Թատրոնն արհամարհել թույլ չեմ տա», «Լուրջ վերաբերվեք ձեր գործին, սիրեք ձեր գործը»: Մի ուրիշ աշխարհ էր ինձ համար, դժվար է խոսել նրանից. շատ էինք կապված: Կարոտը խեղդում է, օր չկա, որ նրան չհիշեմ։ Պապիկի հետ աշխատելը հետաքրքիր էր: Նա շատ էմոցիոնալ էր, կարող էր դահլիճում անսպասելի այնպես գոռալ՝ տպավորություն էր, թե ռումբ է պայթել: Բայց նաեւ հումորով էին անցնում փորձերը. որքան էլ բարկանում էր, չի եղել դեպք, որ որեւէ դերասան վիրավորվեր։ 2007 թ.-ին Պարոնյանում հայտնվեցի, երբ պապիկն ինձ Պատանի հանդիսատեսի թատրոնից բերեց Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշերը» պիեսում Վիոլայի կերպարը խաղալու: Ապա հաջորդեց «Էլի մեկ զոհ» մյուզիքլը. նվագախմբի հետ առաջին աշխատանքս էր, հուզիչ էր ու վախենալու, բայց ամեն ինչ հաղթահարեցի։

- Այդ դեպքում հայրիկի՝ Հակոբ Ղազանչյանի հետ ստեղծագործելն ինչպե՞ս է։

- Հայրիկն իմ ուսուցիչն է, նա է ինձ սովորեցրել դերասանի վարպետություն։ Պապայի հետ շատ գործեր ենք արել, հետաքրքիր ներկայացումներ ունենք, վերջին շրջանում ենք պասիվացել:

- Հայտնի ռեժիսորների ու դերասանների ընտանիքից լինելը առավելությո՞ւն է, թե՞ Ձեզ նաեւ խանգարել է։

- Ո՛չ այն է, ո՛չ էլ՝ մյուսը: Ինձ ճանաչող մարդիկ եւ նույնիսկ նրանք, ովքեր ժամանակին  նման բաներ են խոսել, տեսել են, թե ոնց եմ ամեն ինչ հաղթահարել։ Պարզապես չեմ հասկանում, թե ինչն է նրանց դրդում այդպես խոսել։ Նախկինում խոսակցությունները ծանր եմ տարել, բայց հիմա էլ չեն ազդում ինձ վրա։

- Դերասանուհի ծնվո՞ւմ են, թե՞ դառնում եւ ինչի՞ հաշվին:

- Դառնում են տապալումների եւ լաց լինելու հաշվին, սթրեսների, քրտնաջան աշխատանքի։ Հիմա ուզում են ամեն ինչ միանգամից լինի, հենց չի ստացվի, կոտրվում են, բայց ախր այդպես չէ. բոլորս էլ 4-րդ շարքում ենք կանգնել, որ առաջին պլանի համն ու հոտը հասկանանք եւ գնահատենք։ Երեխան ծնվելուն պես միանգամից չի քայլում, դերասանի դեպքում էլ այդպես է։

Մարիամ Ղազանչյանը


- Ինքներդ ո՞ր պահին հասկացաք, որ դերասանուհի եք դարձել։

- Այն, որ տիրապետում եմ իմ մասնագիտությանը, այդ առումով վստահ եմ, որեւէ ռեժիսորի հետ խնդիր չեմ ունենում, ինձ հետ աշխատանքը թեթեւ ու հետաքրքիր է անցնում։ Բայց ներքին վստահությունը շատ շուտ չեկավ, դժվար ու փշոտ էր իմ անցած ճանապարհը, վերջին 10 տարին եմ շատ բաների այլ կերպ նայում, դա էլ հենց կայացման ընթացքն է: Հիմնական խանգարող հանգամանքն անինքնավստահությունն է. անընդհատ թվում է, որ քեզ չեն հավանում, վախենում ես դժվարությունները հաղթահարել ու համարում՝ քո ուժերից վեր է։ Անգամ մտածել եմ, որ սխալ մասնագիտություն եմ ընտրել, բայց ընթացքում հասկացա, որ ճիշտ տեղում եմ։

- Ամեն ներկայացմանը լրիվ այլ մարդ եք դառնում, եւ եթե արտաքին փոփոխությունը միանգամից երեւում է, ներքինին ինչպե՞ս եք կարողանում հասնել։

- Մի սովորություն ունեմ՝ եթե նոր դեր եմ խաղում, սկսում եմ դրանով ապրել, լսում եմ ներկայացման երաժշտությունը, երեկոյան տանը բացում եմ պիեսն ու հիշում ռեժիսորի հետ կատարած աշխատանքը: Պատասխանատվության մեծ զգացում ունեմ, պետք է սովորեմ, առաջ գնամ, հասկանամ՝ ինչն է արդիական։ Տանջվում ենք, ծանրաբեռնված ուղեղներով փնտրտուքների մեջ լինում, շատ սիրելով մեր գործը՝ ուզում ենք հասցնել այն կարեւոր կետին, ինչի համար պայքարում ենք։ Թատրոնն անսահման է, այն երբեք չի ավարտվում։

- Երեւի այդ անվերջությունն է թատրոնի առանձնացող կողմը՝ չկա սկիզբ ու վերջ։

- Միանշանակ, մենք գտանք թատրոնի բանաձեւը (ծիծաղում ենք,-հեղ.):

Մարիամ Ղազանչյանը


- Քանի որ սիրում եք կերպարի վրա երկար աշխատել, խոսենք «Հրեշը լուսնի վրա» ներկայացման մասին։ Սեդային 15 տարի առաջ՝ 19 տարեկանում եք մարմնավորել եւ հիմա: Ապրած կյանքն ու ապրումներն ինչպե՞ս են օգնում նորովի զգալու կերպարը:  

- Սեդայի կերպարով եմ մուտքս նշել թատրոնում, այն ժամանակ ռեժիսուրան էր գերակշռում, որովհետեւ ես ու Իշխանը (Ղարիբյան,-հեղ.) երիտասարդ էինք: Իսկ երբ պապան վերականգնում էր ներկայացումը, շատ բան փոխվեց, կարելի է ասել՝ լրիվ նորն ենք ստացել: Նախ մենք ենք հասկացել, թե ինչի մասին ենք խաղում, ռեակցիաներն ու դադարներն են փոխվել, բեմում իրար ուրիշ կերպ ենք գրկում ու ավելի երկար նայում. հիմա դերասանական խաղն է գերակշռում։ Անընդհատ բեմում եք, բայց չենք հոգնում, հանդիսատեսն էլ միշտ մնում է ու խոսում մեզ հետ, ոգեւորվում ենք ու հասկանում, որ մեր արածն իզուր չէր։ Տանն էլ դեռ երկար այդ տպավորությունների ներքո եմ մնում։

- Որքան էլ թատրոնում ակտիվ եք, էկրաններին հազվադեպ եք լինում, առաջարկնե՞ր չկան, թե՞ Ձեր ուզած գործերն են բացակայում:

- Չեմ ուզում լինել մասնակիցն այն ամենի, ինչ ցուցադրում են հեռուստաեթերում: Մեկ տարի առաջ նկարահանվել եմ Արամ Շահբազյանի բազմասերիանոց ֆիլմում, որը շուտով կհեռարձակվի։ Շատ լավ կազմ է հավաքվել, Արամը միշտ յուրահատուկ մարդկանց է նկարահանում, կարճամետրաժներում էլ եմ նկարվել։ Կինոյի պրոցեսը շատ եմ սիրում, այն լրիվ այլ մասնագիտություն է ու թատրոնի հետ որեւէ կապ չունի։ Կինոյում ժամանակ չունես, այդ պահին պետք է կողմնորոշվես եւ խաղաս:

- Ձեզ ինչպիսի՞ ֆիլմեր են դուրս գալիս։

- Սարսափ ֆիլմեր եմ շատ սիրում (ծիծաղում է,-հեղ.), երբ վախենալու չի լինում, հիասթափվում եմ: Կարճամետրաժներն եմ սիրում եւ եվրոպականները, որտեղ անհայտ դեմքեր են խաղում, իրենք միշտ հետաքրքիր են։ Ընթացքում նոր խաղաոճ եմ գտնում, իմը չեմ դարձնում, բայց լցվում եմ ու նոր դեր խաղալիս պետք է գալիս: Դերասանը պիտի շատ ֆիլմեր նայի, կարդա, տարբեր մարդկանց հետ շփվի, շրջագայի, որ միօրինակ չլինի, դա սարսափելի է։ Իմ բախտը նրանով է բերել, որ տարբեր ռեժիսորների ու ձեռագրերի հետ եմ առնչվել, ինչն առավելություն է:

- Դուք սկսել եք Ձեր կարիերան Պատանի հանդիսատեսի թատրոնում, ի՞նչ է այն տվել ու ինչպիսի՞ հետք թողել։

- Պատանի հանդիսատեսի թատրոնում առավելագույնն եմ արել, այնտեղ եմ ձեւավորվել, նա է ինձ դերասան դարձրել, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Այնտեղ աշխատելու տարիներն անփոխարինելի են ինձ համար, բայց գալիս է մի տարիք, հասկանում ես՝ էլ անելու բան չունես։ Պատանի հանդիսատեսի թատրոնին նոր դեմքեր են պետք ու ինստիտուտն ավարտած նոր երիտասարդներ։

Մարիամ Ղազանչյանը


- Ձեզ գոհացնո՞ւմ է, թե ինչ է ստեղծվում մեր երկրում ու ո՞ր ուղղությամբ է պետք շատ աշխատել՝ ասելիքի, խաղի, թեմայի ընտրության։

- Այսօրվա մեր թատրոնը կայացած է, բայց ունենք շատ բացեր, որոնց վրա ոչ բոլոր թատրոններն են ուշադրություն դարձնում՝ սկսած փաթեթավորումից, պաստառներից, գովազդի մատուցումից, ճաշակ է պետք: Բայց ամենամեծ բացը՝ թատրոն սիրող մարդկանց պակաս կա, այս մասնագիտությանը չի կարելի որպես հոբբի նայել: Լավ երիտասարդություն ունենք, ովքեր գժի նման ուզում են մի բան անել, այդ խելագարներին պետք է նկատել ու աշխատանք տալ:

- Թատրոնի նկատմամբ սերն ինչպե՞ս փոխանցել, ինստիտուտո՞ւմ պետք է անեն, թե՞ աշխատելու ընթացքում լինի։

- Պրոֆեսիոնալիզմն ինձ համար մտածելակերպ է, ինստիտուտը պիտի այն ձեւավորի ու լավ հիմքեր դնի։ Դա այն է, երբ լուրջ ես վերաբերվում արածիդ, տանը գոնե մեկ անգամ նոր դերը կարդում ես: Ճշտապահությունն է շատ կարեւոր, պրեմիերայից առաջ ունեցած հոգեվիճակը։ Երբ նոր ներկայացում եմ ունենում, ոչ մի առիթի չեմ գնում, մի շաբաթ առաջ արդեն գոյություն չեմ ունենում, դա պատասխանատվությունն է կոլեկտիվի ու ռեժիսորի առաջ։ Այն թիմային աշխատանք է, բոլորս պետք է մեկ լեզվով խոսենք։

Թատրոնը միայն նվիրվածություն է ուզում, ուրիշ ոչինչ, այդ դեպքում այնքան բան կստացվի: Մինչեւ վերջ գնա կամ ժամանակին հեռացիր։ Պետք է թատրոնին ժամանակ հատկացնել, սիրել, կարողանալ դժվարությունները հաղթահարել: Եսասիրություն է, երբ ուզում ես միայն ինքդ առաջին պլանում լինել, չեմ հասկանում, թե դա մեր մասնագիտության հետ ի՞նչ կապ ունի։ Երբ խաղընկերս առաջարկում է որեւէ տեսարան նորովի փորձել, ինձ համար ստացված օր եմ համարում, այդպես եմ պատկերացնում մեր գործը։

-Դուք նաեւ գեղեցիկ ձայն ունեք, չե՞ք մտածել առավել հաճախ երգելու մասին:

- Վաղուց եմ երգում. «Մարսել» մոնոներկայացման մեջ Էդիթ Պիաֆից 12 երգ եմ կատարել, հսկայական աշխատանք եմ տարել՝ վոկալի դասերի եմ գնացել, որ ստացվի։ Այդ ներկայացումն ուրիշ հետք թողեց իմ կյանքում՝ միայն երգ ու պլաստիկա էր, բառեր չկային, հիմնականում Եվրոպայում եմ խաղացել. անընդհատ հրավիրում էին։ Այնքան գրքեր եմ կարդացել իր մասին՝ էլ հեղինակ չեմ թողել, «Իմ ընկերուհի Էդիթ Պիաֆը» գրքում եղած փաստերն ինձ շատ օգնեցին ու դրանց հիման վրա էլ ծնվեց ներկայացումը։ Ատում էի նրան, սիրում, հիանում. Պիաֆն ինձ տարբեր հույզեր տվեց։

Մարիամ Ղազանչյանը


- Երգելու պլաններից չպատմեցիք, մտածո՞ւմ եք այդ ուղղությամբ։

- «Եթե խոսքերով» երգից հետո ուզեցի մեծ դադար վերցնել, բայց հիմա էլի հորեղբորս գրած մի հին երգի շուրջ եմ մտածում, այն շատ եմ սիրում, միտքը դեռ եփվում է գլխիս մեջ։ Վերջին շրջանում սիրում եմ ամեն ինչին ժամանակ տալ՝ ուրախությանը, սթրեսին, դեպրեսիվ վիճակի դեմ չեմ պայքարում, գիտեմ, որ մեկ ամսից կամ կես տարուց կանցնի, համբերատար եմ դարձել, առաջ ուզում էի ամեն ինչ նույն վայրկյանին լինի։

- Փաստորեն կարողանում եք ամեն ինչի հետ լեզու գտնել ու ապրել։

- Ասում եմ. «Սթրես ջան, դու մնա ինչքան քեզ պետք է, երբ հոգնես, կգնաս», ու այդպես էլ լինում է: Եթե տրամադրություն չունեմ, ուզում եմ փակվել տանն ու դուրս չգալ, այդպես էլ անում եմ, չեմ բարդացնում կյանքս։ Տնային գործերով եմ զբաղվում կամ օրերով սոցցանցեր չեմ մտնում։

- Ձեր անձնական կյանքի մասին շատ չեք խոսում, նկարներ էլ երեխաներից հազվադեպ եք հրապարակում, մի քիչ կպատմե՞ք նրանց մասին։

- Սոցցանցերում ակտիվ չեմ, միայն ընկերներիս եմ հետեւում ու տարբեր արվեստագետների, շատ քիչ ժամանակ եմ հատկացնում լրահոսը թերթելուն։ Աղջիկս՝ Նարեն, 16 տարեկան է, ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի հարվածային գործիքների բաժինը, մեկ տարի էլ կշարունակի՝ մարիմբա է նաեւ նվագում, երգում է, ցանկանում է ռեժիսոր դառնալ։ Ժամանակը ցույց կտա, թե ինչ կընտրի, նրա սերունդը մի օր այլ բան է ուզում, հետո՝ լրիվ ուրիշ։ Բայց գիտի, որ ինչ էլ ընտրի, իր կողքին եմ լինելու։ Տղաս՝ Արեգը, դեռ փոքր է՝ այս ամիս 5 տարեկան կդառնա, բայց 3,5 տարեկանից երկու ձեռքով դաշնամուր է նվագում, նոտաները գիտի։ Ամբողջ օրը նվագում ու երգում է, երաժշտությունն անպակաս է մեր տանը (ծիծաղում է,-հեղ.)։

- «Հրեշը լուսնի վրա» ներկայացման մասին ասել եք. «Երկու հոգի ուզում են երջանիկ լինել, բայց չգիտեն՝ ինչպես է դա արվում»։ Ինչպե՞ս գտնել երջանկություն։

- Հարատեւ կամ ընդմիշտ երջանկություն գոյություն չունի, երջանկությունը, ուրախությունը, դժբախտությունը, սթրեսը մեզ տրված պահեր են։ Անխուսափելի է, որ կյանքում միայն մեկը լինի, ինչպես որ մեր մոլորակի վրա են լինում անձրեւ, ձյուն, կարկուտ, կյանքում էլ ամեն ինչ պատահում է։ Եթե ապրում ես, մաշկիդ վրա ամեն ինչ էլ պետք է զգաս։

Մարիամ Ղազանչյանը


- Տարվա մեծ մասն անցնել է, ի՞նչ կուզեք հասցնել մնացած ամիսների ընթացքում։

- Պլաններն այնքան շատ են, որ մի մասը ստիպված 2024-ին եմ իրականացնելու։ Այս տարի կհասցնեմ հանձնել Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ցիլինդր» ներկայացումը՝ Արթուր Սարիբեկյանն է բեմադրում, Ռիտային եմ մարմնավորում։ Դպրոցում էլ կուրսղեկների հետ, որոնք ռեժիսորներ են, մի քանի պիես ենք քննարկում, որ բեմադրենք։ Մեր երեխաներից մի քանիսը կարճամետրաժ ֆիլմերում են նկարվել եւ տարբեր թատրոններում ընդգրկվել, ինչը շատ է ուրախացնում, նշանակում է՝ դպրոցն իր նպատակին ծառայում է։

- Մարիամ, ի՞նչ նվիրել:

- Սեր։

- Ինչի՞ց երբեք չհրաժարվել:

- Ապրելուց։

- Ինչո՞վ լցվել:

- Սիրով։

- Ինչո՞ւ ստեղծագործել:

- Որովհետեւ պետք է։

- Ինչպե՞ս վայելել կյանքը:

- Ինչպես որ հասցնես։

- Ո՞ւմ անվերջ գերել:

- Մարդուն։

- Ի՞նչ երբեք չդադարել անել։

- Բարություն։

- Ի՞նչ անել միշտ:

- Երազել։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW