×


Լուսանկարը՝ Դավիթ Աթանեսյանի անձնական արխիվից

«Միշտ ուժեղ կերպարներ էր խաղում, բայց ներսից խայտառակ նուրբ էր». Արտաշես Ալեքսանյանի ընկերների հրաժեշտի խոսքերը

Այսօր հայտնի դարձավ, որ կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը: Սիրված դերասանը հուլիսի 17-ին կդառնար 65 տարեկան:

Նրա մասնակցությամբ նկարահանված վերջին ֆիլմը «Մեդալի հակառակ կողմն» է, որում մարմնավորել է Նազիկ Ավդալյանի մարզիչ Արտաշես Ներսիսյանին: Այս դերի համար նա Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության «Լավագույն դերասան» անվանակարգում էր առաջադրված:

Ֆիլմի ռեժիսոր եւ գլխավոր դերակատար Աննա Հարությունյանն Արտաշես Ալեքսանյանի դերակատարման մասին ասել էր. «Ինչպես Ներսիսյանն է եղել Նազիկի կողքին, այնպես էլ Ալեքսանյանն իր բարձրագույն տաղանդով, հոգատարությամբ եւ մասնագիտական պրոֆեսիոնալիզմով ուղեկից եղավ ինձ այս բարդ ճանապարհին»:


Այսօր էլ դերասանուհին ցավակցել է դերասանի մահվան կապակցությամբ. «Հեռացավ լավ ընկեր եւ արտիստ, մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրեց արվեստին եւ յուրովի պայքարեց ճշմարտության համար թե՛ կյանքում, թե՛ արվեստում: Ինձ համար մեծ պատիվ էր լինել քո խաղընկերը: Հանգչիր խաղաղությամբ»:

Ներկայացնում ենք Ալեքսանյանի ընկերներից ու գործընկերներից մի քանիսի հրաժեշտի խոսքերը:

Դերասան, հաղորդավար Նազենի Հովհաննիսյան 

«Տյուշին Հայաստան հետ բերեց Մազմանյան Արմենը՝ կուրսղեկս: 2003-ին սկսել էր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը», ու ամբողջ Հայաստանի աստղաբույլն էր՝ չորս սերունդ: Տյուշը Զագորեցկին էր, ես՝ Սոֆյա Ֆամուսովան: 23 էի ընդամենը, նա՝ արդեն 44, երբ խաղացինք (2005թ): Ասում էր, որ դեղնականաչ աչքերով մարդիկ տարբերվում են: Սունդուկյանի բեմում փորձերի արանքում տարբեր բաներից էինք խորանում:

Հետո իմ Նինոսն էր Տյուշը՝ 2007-ին, տիրական եւ ուժեղ, ես՝ նրա Շամիրամը, հետո Գարեգին Նժդեհն էր, ես՝ Էլեն անունով կիսաֆրանսուհի հայ, որի կյանքը փոխվում է Նժդեհին հանդիպելուց հետո: 

Տյուշը միշտ ուժեղ կերպարներ էր խաղում, բայց ներսից խայտառակ նուրբ էր: Հիշում եմ՝ 2013-ին ոնց էին մեմ սարքել նրա «ես Գարեգին Նժդեհն եմ» կտորը, որն իրականում ցավի ու ապրածի մռնչյունն էր, պատմական անարդարության ու հայերին բան հասկացնելու խեղդված բարկությունը... 

Հիշում եմ հետոն, երբ անարգանքի սյանը գամեցին ուրիշ դերի համար (թշնամու դեր էր), որը ոմանց քիմքին հարիր չէր էն ժամանակ, իսկ հիմա... 

Տյուշը միշտ աշխատում էր. պարապ ժամանակ չուներ ու չէր վատնվում դատարկ խոսակցությունների վրա: Չուներ մուննաթ, տնքոց, բողոք կամ ընկճախտ: Հա աշխատում էր, անդադար: Հուլիսյան էր. հուլիսի 17-ին կբոլորեր 65-ը: Շատ, շատ երիտասարդ գնաց: Կիսատություն կա էս ամենում... Անարդար կիսատություն: 
Լույսերի արքայության մեջ փայլես սիրուն հոգովդ, եղբա՜յր»:



Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյան 

«Արտաշես ջան: Տյուշ ջան: Ընկեր ջան, վա՜խ... Ցավակցում եմ բոլորիս...»:

Բեմադրիչ Դավիթ Հարությունյան

«Արտաշ ջան, խոսքեր չունեմ: Ցավակցում եմ ընտանիքի անդամներին ու հարազատներին։ Ինչքան-ինչքան ափսոս, որ այսքան շուտ բռնեցիր հավերժի ճամփան։ Հոգուդ հանգստություն, արտիստ ու մեր ավագ ընկեր»։

Նա կիսվել է 2007 թվականին «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» ներկայացման մեջ Նինոս թագավորի կերպարը մարմնավորած Ալեքսանյանի լուսանկարով։


Դերասան Արմեն Մարգարյան

«Աստված հոգիդ լույսերի մեջ պահի իմ լավ բարեկամ ու խաղընկեր»: 

Մարգարյանը հրապարակել է «Գարեգին Նժդեհ» ֆիլմի նկարահանման հրապարակից կադր, որում Ալեքսանյանը Նժդեհի դերում է:


Պրոդյուսեր Հարություն Բոգարյան

«Իմ սիրտ ընկեր։ Թեկուզ տխուր լուրը առաջինն եմ իմացել, բայց սպասում եմ զանգիդ:
Դու էլ բռնեցիր հավերժության ճանապարհը»:


Սցենարիստ, դերասանուհի Դիանա Գրիգորյան 

«Աննկարագրելի ցավ։ Նկարահանման հրապարակի հայրս... Այնքան հաճախ եմ Ձեզ «պապ» ասել, կարծես հորս կարոտը Ձեզնով էի մեղմացնում։ Դուք իմ ավագ ընկերն էիք, իմ խորհրդատուն… Մեր վերջին զրույցներից մեկի ժամանակ ասացիք. «Բալես, կյանքը շատ արագ է հոսում, շտապիր ապրել...»: Այդ խոսքերը հիմա անընդհատ ականջներիս մեջ են հնչում։ Ավա՜ղ... Դուք ինքներդ այդքան էլ չհասցրիք ապրել։ 


Ձեր բացառիկ տաղանդով գեղեցկացրիք կինոաշխարհը, կյանք տվեցիք բազմաթիվ կերպարների, բայց դեռ այնքան ասելիք ունեիք, այնքան անավարտ երազանքներ, այնքան ստեղծագործություններ, որոնք սպասում էին Ձեր ձեռագրին...

Հիշում եմ՝ ամեն անգամ, երբ հարցնում էի. «Ինչպե՞ս եք»: Դուք ժպտալով պատասխանում էիք. «Լավ ասեմ, որ լավ լինեմ...»:
 


Դերասան Նիկոլայ Եղիազարյան

«Ամենաշատն այս օրվանից էի վախենում, այդ հրաժեշտից։ Հրաժեշտ մի մարդու, ում հետ կյանք եմ ապրել, ճանապարհ անցել, հաց ու արվեստ, միտք ու երազանք կիսել։ Ալեքսանյան ջան, իմ ավագ ընկեր, իմ տան ու օջախի հարազատ, իմ համախոհ, ինձ հետ նույն կետին նայող մարդ, շնորհակալ ու երախտապարտ եմ այս կյանքին՝ քեզ ճանաչելու, քեզ ունենալու, քեզ հետ աշխատելու, քեզ ընկեր ու գործընկեր լինելու պատվի համար։ Մեր օրերը քեզնով շատ էին սիրունանում, դու մեզ շատ ես պակասելու։

Դու բոլորիցս ու ամեն մեկիցս գնացիր։ Հաստատ ժամանակդ չէր։ Լույսով գնաս, տեղդ դատարկ կմնա, աթոռիդ նստող չի լինի, բայց կապրես այնքան, ինչքան կհիշենք ու կպատմենք քո մասին, ինչքան կհաջողվի շարունակել այն ճանապարհը, որին դու այդքան հավատում էիր»։

Հայաստանի այկիկենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյան

«Լույսի մեջ մնաս, իմ թանկ ընկեր: Հազար ափսոս: Դու միակն էիր քո տեսակի մեջ: Մեծատառով հայ»:

Կարդալ ավելին

Quality Sign BW