Համաշխարհային կինոյում ու թատրոնում քիչ չեն եղել դեպքերը, երբ ամուսնալուծության եզրին գտվող զույգերն իրենց ընտանեկան խնդիրները կարգավորելու համար դիմել են հոգեբանի:
Սակայն դժվար թե հանդիպած լինենք այնպիսի անսպասելի շրջադարձերի ու հանգուցալուծումների, ինչպիսիք պատահում են Արեն Վաթյանի «Սեւ ու սպիտակ մածուն» ներկայացման մեջ:
Մարքեթոլոգ Մարին (Նարինե Պետրոսյան) եւ շինարարությամբ զբաղվող Բաբկենը (Սամվել Թոփալյանը) չէին կարող պատկերացնել, թե որքան փոխված են դուրս գալու հոգեբան Վլադի (Սամսոն Ստեփանյան) աշխատասենյակից: Նրանք թերահավատորեն էին գնացել մասնագետի մոտ ու համոզված էին, որ իրենց հարաբերություններն այլեւս փրկել հնարավոր չէ:
Սկզբում ամեն ինչ զվարճալի ու հետաքրքիր խաղի է նման. հոգեբանի փոքրիկ հանձնարարությունները նրանք ոչ այդքան մեծ ցանկությամբ, բայց կատարում են, հիշում իրենց ծանոթության պատմությունն ու թե ինչպես հանգամանքների եւ դժվարությունների պատճառով սիրող ամուսիններից վերածվեցին պարզապես կողք կողքի ապրող սովորական վիճակագրական զույգի:
Ահա այդտեղ է, որ պետք են գալու «Սեւ-սպիտակ մածուն» գրքի հեղինակ հոգեբանի հմտությունները. որքա՞ն հեռու է նա պատրաստ գնալ՝ իր աշխատանքը կատարելու ու ընտանիքը փրկելու համար: Բայց այստեղից մեր պատմությունը լռելու է, քանի որ, ինչպես ներկայացման ավարտին են հանդիսատեսին խնդրում իրենց ընկերներին ու ծանոթներին ոչինչ չբացահայտել, մենք էլ ենք հետեւելու այդ խորհրդին:
Փոխարենը պատմելու ենք, թե ինչպես է ներկայացման մտահղացումը ծնվել Արեն Վաթյանի մտքում, որը 12 տարի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում դերասան է եղել ու վաղուց է ցանկացել նման գործ բեմադրել: Վերջապես հավաքել է ողջ ուժերը, թողել ամեն ինչ ու 2 ամսով առանձնացել Դիլիջանում՝ վերադառնալով միայն պիեսը գրելուց հետո: Դրան հաջորդել է ամենադժվար փուլը՝ դերասանների ընտրությունը:
«Շատ բարդ էր ընտրելը, ու մոտ կես տարի այդ փնտրտուքների մեջ էի: Շատ որակներ պետք է համընկնեին, որպեսզի ցանկանայի նրանց հետ աշխատել: Պրոֆեսիոնալիզմն, իհարկե, կարեւոր է, բայց մարդկային տեսակը եւս առաջնային է ինձ համար: Կարողացա հասնել իմ ուզածին: Այս աշխատանքն ինձ համար մեծ խթան էր, որ հետագայում էլ նոր գործեր անեմ»,- պատմել է նա:
Պատահական չէ, որ բեմադրիչն այդքան երկար է մտորել դերասանական կազմն ընտրելուց առաջ: «Սեւ ու սպիտակ մածուն»-ն այդքան յուրահատուկ ու տարբերվող են դարձնում առաջին հերթին նրանք: Սամսոն Ստեփանյանն իր նարնջագույն ժիլետով համոզիչ ու խիստ է հոգեբանի դերում, Նարինե Պետրոսյանը դրսեւորում է կերպարանափոխվելու իր ունակությունը, իսկ Սամվել Թոփալյանը բնական է ու անմիջական: Բոլորն այնքան համահունչ ու համապատասխան են զավեշտալի դրվագներում ու անելանելի թվացող իրավիճակներում:
Պետրոսյանը նշել է, որ ներկայացումն առաջին հերթին գրավել է թեմայով. իրենք էլ ընտանիքներ ունեն ու ներկայացման մեջ հանդիպող խնդիրներին որոշակիորեն առնչվել են:
«Ներկայացումը հատկապես կհետաքրքրի այն ամուսիններին, որոնք տասնամյակից ավելի իրար հետ ապրում: Կարծում եմ՝ այդ ընթացքում էմոցիաներ ու չասված բաներ կուտակված կլինեն, որոնք, չգիտես ինչու, պոռթկման ժամանակ դուրս են գալիս: Շատերն իրենց հարաբերություններից, խնդիրներից ու չասված խոսքերից դրվագներ կտեսնեն: Երեւի, թատրոնում ներկայացումները հաջողություն են ունենում այն դեպքում, երբ մարդիկ իրենց հոգեվիճակի եւ կյանքի հետ առնչություն են տեսնում»,- նշել է դերասանուհին:
Սամվել Թոփալյանի համար գործի առանձնահատկությունը հենց սյուժեի
հետաքրքիր ու անսպասելի զարգացումներով է պայմանավորված. «Սամսոն Ստեփանյանը մեր հոգեբանն է, եւ թե ինչ է բերում մեր գլխին, այ դա չենք պատմի: Թող հանդիսատեսը գա ու տեսնի»:
Սամսոն Ստեփանյանի խոսքով՝ իր կերպարը սկզբում կենտրոնացած է ամուսինների խնդիրների վրա ու աստիճանաբար է բացահայտվում: «Նա կյանքի շատ բարդ ճանապարհ է անցել, որի մասին հետո է խոսվում: Դրանով պայմանավորված՝ շատ հանգամանքներ են պարզ դառնում, բայց հենց դրանում է ներկայացման գաղտնիքը, որի մասին բեմադրիչն արգելել է բարձրաձայնել։ Հանգուցալուծումն այլ տեսանկյուն է ցույց տալիս ու շատ հարցեր իր տեղը դնում։ Պատմությունն անմիջապես այլ տեսանկյունից է դիտարկվում»,- շատ զգուշավոր պատմել է դերասանը։
«Սեւ ու սպիտակ մածուն»-ում խաղալը Պետրոսյանի համար գրավիչ է եղել նաեւ նման խաղընկեր ունենալու պատճառով. «Ինձ համար նախ պատիվ է Սամսոնի հետ խաղալ, որովհետեւ նա իր գործի վարպետ է. ամեն անգամ հիանում ու սովորում եմ: Իսկ Սամվելի հետ արդեն իրար սերտաճած, միասին մեծացած, ձեւավորված ու ճանապարհ անցած դերասաներ ենք, նաեւ՝ կուրսեցիներ: Երեւի թե, ավելի լավ խաղընկեր, որի հետ այդքան բնական կլինեինք ամուսինների դերում, դժվար կլիներ գտնել»,- ավելացրել է նա:
Թոփալյանն էլ ավելացրել է, որ իրենց հերոսները կերպարային լուրջ առանձնահատկություններ չունեն. «Նրանք շատ սովորական մարդիկ են, բայց դա էլ իր յուրահատկությունն ունի. որպես դերասան՝ ավելորդ արհեստական երանգներ տալու անհրաժեշտություն չկա: Պետք է շատ իրական ու բնական լինես»:
Նարինե Պետրոսյանը վերջին շրջանում իրեն ազատ թռիչքի մեջ գտնվող դերասանուհի է համարում ու ընտրում է այն նախագծերը, որոնք գրավիչ են թվում: Ընտրություն կատարելու կարեւոր նախապայմաններից մեկն էլ այն է, որ դերերը համապատասխան լինեն իր տարիքին:
«Մի շրջան եղավ, երբ երիտասարդ աղջնակների դերերում ինձ սկսեցի արհեստական զգալ: Այլեւս չեմ ուզում բեմում 20 տարեկան լինել. բազմաթիվ երիտասարդ ու շնորհքով աղջիկներ կան, հիմա նրանց խաղալու հերթն է, իսկ ես ավելի լավ է՝ ամուսնացած կին կամ մայր լինեմ, ինչպես «Համլետ Collapse»-ում եմ: Սկզբում մտածում էի՝ գուցե շուտ է Հերտրուդի դերում լինել, բայց ավագ աղջիկս 18 տարեկան է, ու կարող էի նաեւ Համլետի տարիքի տղա ունենալ: Բացի այդ էլ, ռուսերեն եմ խաղում, գիտեմ, որ այդ հնարավորությունը եւս ունեմ, ինչո՞ւ այն չօգտագործել: Ներկայացմանն էլ հաջորդեց ռուսերեն կինոառաջարկը: Կարեւորը՝ նորություններ ունեմ ու տեղում չեմ դոփում՝ նորը կրկնելով»,- ավելացրել է նա:
Տեքստը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Սուրեն Խաչատրյանի


×
135






