Հայ կինոսերների համար ամառը լիարժեք է դառնում ծիրանի առաջին բերքի ու «Ոսկե ծիրանի» մեկնարկով: 23-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի իր լիակատար իշխանությունը սփռեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ հին ու ծանոթ, նոր ու ոչ այդքան հայտնի դեմքերով, միջոցառմանը հատուկ ու երկար պատրաստված, ինչպես նաեւ իրենց զգեստների ընտրության վրա այդքան էլ երկար չմտածած հյուրերով։
Ամեն ինչ, իհարկե, սկսվեց դրսում. շատ ջերմ մթնոլորտը նախ ապահովեց արեւը, որը տարածվել էր հենց կարմիր գորգի վերեւում եւ հյուրերի անմիջական ուղեկիցն էր։ Շոգում էին բոլորը՝ դերասանները, ռեժիսորները, ժյուրիի անդամները, կինոփառատոնի տնօրենը եւ գեղարվեստական ղեկավարը։
Բայց դա չխանգարեց Կարեն Ավետիսյանին պատմել այս տարի աշխարհի 49 կինոփառատոնների շարքում առաջին անգամ ընդգրկված «Ոսկե ծիրան»-ի մասին։
«FIAPF-ի հավատարմագրումը տասնյակ տարիների աշխատանքի արդյունքն է։ Հատկապես վերջին տարիներին միտված ենք եղել այս բարդ, խնդրահարույց ու դրամատիկ տարաշաշրջանում փառատոնի դիրքավորմանը՝ փորձելով ձեւավորել դրական արժեք, որը կգնահատվի աշխարհի կողմից, ու, առանց համեստության, այդպես էլ եղել է։
Այս տարի 200 միջազգային հյուր ունենք՝ ինչպես միշտ, բարձր հեղինակություն վայելող արվեստագետներ: Ժամանել են օսկարակիր Պավել Պավլիկովսկին, հանճարեղ օպերատորներ, աշխարհահռչակ շեփորահար եւ կոմպոզիտոր Իբրահիմ Մալուֆը, որը Համալիրում նաեւ մեծ համերգով հանդես կգա: Երկար տարիների դադարից հետո ֆիլմերը կցուցադրվեն 3 կինոթատրոններում՝ «Կինոյի տանը», «Կինոմոսկվա»-ում եւ «Նաիրի»-ում»,- ընդգծել է նա։
Տարածաշրջանային մրցույթի ժյուրի անդամ Իբրահիմ Մալուֆն առաջին անգամ է Հայաստանում։ Նրա խոսքով՝ կինոփառատոնը ոլորտի զարգացմանը նպաստող կարեւոր նախադրյալներից է, միավորում է տարբեր գործիչների ու իսկական տոնի վերածվում։ «Ոսկե ծիրան»-ին մասնակցելուց բացի, կոմպոզիտորը ծանոթանալու է հայկական մշակույթին. վաղն այցելելու է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ։
«Կոմիտասը պարզապես անուն չէ, նա Հայաստանի երաժշտական պատմության մի մասն է։ Որպես երաժիշտ՝ պարտավոր եմ լինել այնտեղ ու հարգանքի տուրք մատուցել Կոմիտասի պես մեծությանը: Դա ինձ համար շատ կարեւոր է»,- ավելացրել է Մալուֆը։
Շառլ դը Գոլին մարմնավորած ֆրանսահայ անվանի դերասան եւ ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, որն ամիսներ առաջ մասնակցում էր Կաննի կինոփառատոնին, 23-րդ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերից է: Խոստովանեց՝ Ֆրանսիայի ամենակարեւոր դեմքերից մեկին խաղալն այնքան էլ հեշտ չի եղել, բայց նրան հասկանալու գործում շատ է օգնել հայ լինելը։
«Այդ առումով ինձ հարազատ զգացի դը Գոլի պայքարում։ Մենք, դժբախտաբար, գիտենք, թե ինչ է նշանակում երկրիդ համար պայքարելը: Դը Գոլը մերժեց պարտությունն ու ոչ միայն Ֆրանսիան, այլ նաեւ նրա պատիվը փրկեց։ Ֆիլմն ազատության մասին է, հպարտության, պայքարի, մարդկության, հերոսության, հայրենիքը սիրելու։ Իսկ կինոփառատոնը կարեւոր է, քանի որ Հայաստանում ու Սփյուռքում հարուստ պատմություն ունենք եւ այն կարող ենք ներկայացնել աշխարհին։ Պետք է այդ դաշտը գրավենք ոչ միայն Ցեղասպանության մասին խոսելով, այլեւ ցույց տալով, թե ինչպիսի ժողովուրդ ենք։ Թող այլ ազգերը տեսնեն, որ հարուստ ենք մեր պատմությամբ, պայքարով, գրականությամբ, արվետագետներով ու դերասաններով»,- ասել է դերասանը, որի մասնակցությամբ երկմասանոց ֆիլմը ցուցադրվելու է երեւանյան կինոփառատոնի շրջանակում։
Մյուս կարեւոր իրադարձություններն արդեն տեղի ունեցան կինոդահլիճում։ Կազմակերպիչները չմոռացան շեշտել, որ այս տարի հայկական առաջին ֆիլմի՝ «Նամուս»-ի 100-ամյակն է, սեւուսպիտակ կադրերով մեզ տեղափոխեցին Համո Բեկնազարյանի ժամանակներ, երբ ֆիլմերը դեռ համր էին։
Ապա կտրուկ անցում կատարվեց դեպի համաշխարհային կինեմատոգրաֆ. էկրանին հայտնվեցին ամենահայտնի ռեժիսորների հեղինակավոր ֆիլմերը՝ Ալֆրեդ Հիչքոքի «Գլխապտույտից» մինչեւ Վիկտոր Ֆլեմինգի «Քամուց քշվածները», Ժան-Լյուկ Գոդարի «Շնչահատից» մինչեւ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Կնքահորից» մինչեւ Հենրիկ Մալյանի «Եռանկյունին» ու դեռ շատ այլ աշխատանքներ։ Ակնարկը միանգամից պարզ էր, չէ՞ որ այս տարվա մարտից «Ոսկե ծիրանը» Կինոարտադրողների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (FIAPF) ճանաչված փառատոների ցանկում է։
Ավանդության համաձայն, բեմը տրամադրվեց «Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանին։ Նա եւս մեկ անգամ խոստովանեց, թե որքան երջանիկ է, որ տարիներ առաջ իր ուսուցիչ Միքայել Ստամբոլցյանի եւ ընկերոջ՝ կինոգետ Սուսաննա Հարությունյանի հետ հղացել են կինոփառատոնը ստեղծելու գաղափարը։
«Հայկական կինոյին այս փառատոնը շատ էր պետք: Այն երկար ճանապարհ է անցել ու իսկապես անհրաժեշտություն էր։ Մեծ պատիվ է մրցանակներ տալ աշխարհի լավագույն կինոգործիչներին, որոնք ոչ միայն հիանալի ֆիլմեր են ստեղծում, այլ նաեւ մնում պատմության մեջ ու իրենց ձեռագիրը թողնում։ Այսօր «Վարպետ» մրցանակը շնորհվում է աշխարհում լավագույն ռեժիսորներից մեկին՝ Ջեսիկա Հաուզներին»,- նշել է Խաչատրյանը։
«Ոսկե ծիրան»-ի Միջազգային ժյուրիի նախագահ Հաուզներն այս մրցանակը մեծ պատիվ համարեց ու խոստովանեց, որ ուրախ է գտնվել Հայաստանում եւ կինոփառատոնի օրերին ծանոթանալ հետաքրքիր ֆիլմերի հետ։
«Փարաջանովյան թալեր» մրցանակն էլ այս անգամ շնորհվեց ֆրանսիացի հայտնի կինոօպերատոր Բրունո Դելբոնելին։ Նա աշխատել է Ժան-Պիեռ Ժոնեի, Թիմ Բարթոնի, Ջոել եւ Իթան Քոենների պես ռեժիսորների հետ։
«Սքանչելի պատիվ է ստանալ այս մրցանակը: Անչափ երախտապարտ եմ։ Երբ ինձ զանգահարեցին, մտածեցի՝ ինչ-որ բան շփոթել են։ Երբ տեսա, թե այս մրցանակն ովքեր են ստացել՝ Ատոմ Էգոյանը, Ջաֆար Փանահին, Վին Վենդերսը, համոզվեցի՝ հաստատ են սխալվել։ Այս մրցանակը նվիրում եմ այն փայլուն ռեժիսորներին, որոնց հետ աշխատել եմ»,- ընդգծել է Դելբոնելին։
Փառատոնը բացվեց Թամարա Ստեփանյանի հայ-ֆրանսիական համատեղ արտադրության «Արտոյի երկիրը» դրամայով, որի պրեմիերան 2025 թվականին կայացել է Լոկարնոյի կինոփառատոնում։
Պրեմիերայից առաջ ռեժիսորը մի քիչ հուզված էր, քանի որ նրա համար մեկ բան է ազդարարել Լակարնոյի կինոփառատոնի մեկնարկը, մեկ այլ՝ «Ոսկե ծիրանինը», երբ առաջին շարքում իրեն այդքան հարազատ ու սիրելի մարդիկ են նստած։
«Մեծ պատիվ է իմ հայրենիքում ու տանը տալ կինոփառատոնի բացումը։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար, ինչը նաեւ մեծ պատասխանատվություն է։ Ֆիլմը սիրո նամակ է իմ հայրենիքին, մեր վերքերին եւ կորցրած հողերին։ Մեր ժողովուրդը շատ դժվարությունների միջով է անցել. «Նամուս»-ից առաջ Ցեղասպանությունն էր, հետո եղան պատերազմներ։ Այսօր դահլիճում ֆիլմը նայելու են մայրս, աղջիկներս ու բարեկամներս, բայց, ցավոք, չկա հայրս՝ Վիգեն Ստեփանյանը: Նա շատ հպարտ կլիներ։ Ուզում եմ այս ցուցադրությունը նվիրել նրա հիշատակին։ Փորձենք ֆիլմը զգալ»,- խոստովանել է Ստեփանյանը։
Նրա ֆիլմն Արցախյան առաջին պատերազմին մասնակցած Արտո Սանթրոսյանի մասին է, որը փոխել է ազգանունը, տեղափոխվել Ֆրանսիա ու փորձել նոր կյանք կառուցել։ Սակայն անցյալի ուրվականները նրան ոչ մի տեղ էլ չեն թողել. Աղդամում տեղի ունեցած իրադարձությունների ու դասալքման պատճառով նա միշտ խղճի խայթ է զգացել եւ կյանքն ավարտել ինքնասպանությամբ։ Բայց ամեն ինչ այդքան միանշանակ չէ, մանավանդ՝ պատերազմի ժամանակ, երբ երեւում են մարդկանց ինչպես ամենալավ, այնպես էլ ամենավատ կողմերն ու մեծ վախերը։
Ամուսնու մահից հետո նրա հայրենիքում հայտնված ֆրանսուհի Սելինը նոր ճշմարտության եւ իրականության հետ է ծանոթանում, իմանում Արտոյի անցած ուղին ու թաքցրած գաղտնիքները։
«Արտոյի երկիրը» Ստեփանյանի սիրո խոստովանությունն է Հայաստանին, նրա ժողովրդի տառապանքին, կորուստներին, Արցախյան երկու պատերազմներին, պայքարին ու այն չհանձնվելու ուժին, որը նրա մեջ դեռ կա։
Տեքստը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկաները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am


×
340






