×


Սիմոն Աբգարյան. «Ես սիրո պակաս ու կարիք ունեմ»

«Ոսկե ծիրան» 23-րդ կինոփառատոնի շրջանակում ֆրանսիական կինոյի եւ թատրոնի բարձրագույն «Մոլիեր» եւ «Սեզար» թատերական մրցանակների դափնեկիր, դերասան, բեմադրիչ եւ դրամատուրգ Սիմոն Աբգարյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ մի շարք կարեւոր թեմաների։ 

Նա խոսեց Շառլ դը Գոլի մասին պատմող երկմասանոց ֆիլմի մասին: «Դը Գոլի մարտը» ցուցադրվելու է այսօր, իսկ «Դը Գոլ. ազատություն»-ը՝ հուլիսի 18-ին: Աբգարյանը պատմեց ճանաչման, Ջեյմս Բոնդի շնորհիվ հսկայական գումար վաստակելու ու սիրո մասին։ 

Դիմադրության թեման

Ֆրանսիան ինքնության հարցի պատճառով տագնապի մեջ է։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկիրը երկար տարիներ հանգիստ կյանքով է ապրել եւ շատ խնդիրների մասին է մոռացել։ Դա շատ բնական է, քանի որ հարեւանների հետ տարաձայնություններ չունի, սահմաններին էլ հանգիստ է։ Բայց հիմա տագնապը գլուխ է բարձրացրել. ծայրահեղ աջակողմյանները պնդում են, որ պետք է Ֆրանսիան սիրես։ Պատահական չէ, որ այդ ամենն իր արտահայտումն է գտել նաեւ ֆրանսիական կինոյում։ 


Ես մի քիչ ռոմանտիկ մոտեցում ունեմ արվեստագետների հանդեպ, որոնք կարողանում են ավելի հեռուն տեսնել ու կանխատեսել ապագան։ Դրա համար էլ վերջին շրջանում այսքան անդրադարձ է եղել պատմությանը։

Հայ ժողովրդի ու արվեստագետների համար ամենակարեւոր թեման պետք է հենց այդ տեսլականը լինի։ Անդրադառնան ու անհանգստանան ոչ միայն 1915 թվականի մասին, այլ նաեւ խոսեն այսօրվա Սփյուռքի ու Հայաստանի մասին։ Մեր ձեռքի տակ եղած նյութերը բազմաթիվ են. հստակ է, որ գանձի վրա ենք նստած ու մեր մշակույթով հարուստ ժողովուրդ ենք։
 
Չեմ ասում, թե ավելի լավն ենք, քան մյուսները, բայց պատմություն, գրականություն, պոեզիա, երաժշտություն, լավ սերունդ ունենք, որին Հայաստանի ու Սփյուռքի մեծահարուստները պետք է օգնեն գրավել այդ երեւակայական դաշտը։ 

Դը Գոլ դառնալու ընթացքը

Սա երկրորդ պատմական կերպարն է, որին մարմնավորել եմ (առաջինը 2009 թ. Ռոբեր Գեդիկյանի «Հանցագործների բանակը» ֆիլմում Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանն էր,- հեղ.)։ 

Դը Գոլի մասին ֆիլմում նկարվելուց առաջ նրա մասին արխիվներն եմ ուսումնասիրել, ֆիլմերն ու հարցազրույցները դիտել։ Երեք շաբաթ շարունակ օրական 8 ժամ համակարգչի առաջ եմ անցկացրել եւ ուսումնասիրել դը Գոլին, բայց հետո որոշեցի իմ արվեստը գործի դնել եւ երեւակայել։ Այդ նյութը վերցրի ու սեփականացրի, որպեսզի մարմին ու ձայն տամ։ 


Ընդունում եմ դերասանական տարբեր դպրոցների մեթոդները, բայց ինձ համար կարեւոր է դերասանի՝ սեփական մարմինը ճիշտ զգալու եւ այն կառավարելու ունակությունը։ Հստակությունն ինձ համար բանաստեղծություն է, եւ դերասանը պետք է հստակ լինի իր մտքերի ու զգացողությունների մեջ։

Նման կերպարներին մարմնավորելիս կարող ես մի քիչ ծաղրանկարային երեւալ, եթե փորձես նույնությամբ կրկնել ձայնն ու ժեստերը, ինչն ինձ համար ընդունելի չէ։ 

42 տարի է՝ այս ոլորտում եմ, ու ինձ հարց եմ տալիս, թե ի՞նչ է դերասանական արվեստն ու պատասխանատվությունը, որը կրում ես էակների, անձերի, տագնապներ, պայքարներ եւ այլ ապրումներ ներկայացնելիս։


Գեներալ ու Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության հիմնադիր դը Գոլն արդեն իսկ մի թատերական կերպար է, ասպետ, ի միջի այլոց, հենց նա է հիմնադրել «Ազատագրման ընկերներ»-ի (Compagnons de la Libération) ասպետական կարգը:

Հանդիսատեսից մեկը նկատեց, որ դը Գոլը երբեք չի ծիծաղում, բայց չէ՞ որ նա ծիծաղելու ժամանակ չուներ. գերմանացիները մտել են իր հայրենիք, ու այն լուրջ վտանգի մեջ է։ Նրա ամեն վայրկյանը պայքար ու կռիվ է։ 

Ֆիլմը դիտելուց հետո հասկացա, որ ոչինչ էլ չէի փոխի իմ աշխատանքում, եւ ոչ թե այն պատճառով, որ ամեն ինչ շատ լավ է ստացվել, պարզապես ընդունում եմ արդյունքը։ Մենք դրան քայլ առ քայլ ու աստիճանաբար ենք հասել ռեժիսորի հետ։ 

Այլազգին՝ դը Գոլի դերում

Ռեժիսոր Անտոնին Բոդրին դը Գոլի կերպարում միայն ինձ էր տեսնում, մինչդեռ պրոդյուսերներն այլ կարծիք ունեին։ Նրանք առանց ռեժիսորին տեղեկացնելու մեկ այլ հայտնի դերասանի էին զանգահարել ու պայմանավորվել։ Բայց Անտոնինը շատ խելացի, զարգացած ու խիզախ տղա է. ոչ ոք նրան չի կարող պարտադրել իր կամքին հակառակ որեւէ բան անել։ Նա պայքար տարավ իր ընտրության համար ու ինձ նկարահանեց։ 


Իհարկե, որոշ մարդիկ ասում են, որ ես իսկական ֆրանսիացի չեմ ու մարմնավորել եմ Ֆրանսիայի համար այդքան մեծ կարեւորություն ունեցող կերպարի։ Բայց նախ պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում ֆրանսիացի լինել։ Եթե քաղաքի ու մարզերի ֆրանսիացիներին համեմատենք, կտեսնենք, որ նրանք իրար հետ ոչ մի ընդհանրություն չունեն։ Ֆրանսիայի դեմոկրատական ուտոպիայի հիմքում ազատ ու անկախ երկրի գաղափարն է, լեզուն, մշակույթը, պատմությունը։ Մեծ հորս անունը Ֆրանսիայի պատմության մեջ չկա, բայց ես այսօր երկրի պատմության մասն եմ կազմում, գրում եմ պիեսներ, թատրոն եմ ստեղծում, ֆիլմերում նկարահանվում, համարյա լավ ֆրանսերեն խոսում։ 

Առհասարակ, մենք՝ հայերս, արագ ադապտացվող ժողովուրդ ենք։ Եթե ներգաղթյալ ես, կա՛մ կհարմարվես, կա՛մ կմեռնես։

Ճանաչումը Ֆրանսիայում 

Ամեն ինչ սկսվեց Ռիչարդ Կալինոսկիի «Հրեշը լուսնի վրա» պիեսից։ Դերեր ու գործեր կան, որոնք անելուց հետո ամեն ինչ ստացվում է։ Նման ուժեղ եւ որակով գործեր դերասանի կյանքում կարող են 10 տարին մեկ հանդիպել ու իրենց հետքը թողնել։ Դա հենց այդպիսի աշխատանքներից էր, որից հետո ինձ այլեւս կանգնեցնել հնարավոր չէր։  


Երբ «Մոլիեր» մրցանակաբաշխության ժամանակ «Լավագույն դերասան» անվանակարգում անունս հայտարարեցին, կողքիս նստած դերասանուհին ինձ հարցրեց, թե ո՞ւմ մասին է խոսքը։ 

Բայց հետո եկավ ճանաչումը, որը պետք է ընդունես ու չվախենաս դրանից։ Ճանաչումը հնարավորություն է տալիս հանգիստ զանգահարել պրոդյուսերներին ու առաջարկներ անել։ Հիմա «Դը Գոլ»-ի մասին ֆիլմը որքան շատ մարդիկ դիտեն, այնքան շուտ պրոդյուսերները կպատասխանեն հեռախոսազանգերին։

Հայկական արմատները

Չգիտեմ, թե իմ ինչն է մատնում հայ լինելս, բայց վստահ եմ, որ իմ դերասանական ինքնության մեջ արտահայտված են հայ ժողովրդի, ազգի ու ընտանիքի պատմությունը։ Դժբախտաբար, բայց ողբերգությունը շատ լավ եմ հասկանում։

Դը Գոլի պատմությունն էլ լավ գրված ողբերգություն է։ Որտեղ բաժանում, մահ, պայքար եմ տեսնում, մեջս անպայման արձագանք է ստանում։ 


Հարցնում եք՝ հայ ո՞ր հերոսների մասին է պետք նկարել։ Իր երեք երեխաներին միայնակ մեծացնող մայրն էլ է հերոս։ Վարդան Մամաիկոնյանի մասին էլ կարելի է նկարել. նա էլ հայերի համար նույնն է, ինչ դը Գոլը՝ ֆրանսիացիների։ Բայց նա գոյություն ունի իր միջավայրի ու տարածքի մեջ։ Կարեւոր է, որ Անդրանիկ ու Մոնթեի մասին էլ ֆիլմ ստեղծենք, որոնց զոհողություններին մեծ հարգանքով ենք վերաբերվում։ Կարեւորն իմ նշած տարածքները գրավելն ու տասնյակներով ֆիլմեր նկարելն է։ 

Հատկապես Սփյուռքում շատ են ասում՝ ջարդի մասին է պետք ֆիլմ նկարել, բայց Ցեղասպանության մասին 1,5 մլն ֆիլմի անհրաժեշտություն կա. այդքան առանձին պատմություն ունենք։ Այսօրվա հերոսները դուք եք, որոնք ապրում են Հայաստանում: Ձեր մասին էլ պետք է նկարել։

«Կազինո ռոյալը»

Երբ բավական երիտասարդ տարիքում Փարիզում դեռ նոր էի սկսել ֆիլմերում նկարահանվել, պրոդյուսերներից մեկն ինձ ասաց, որ կարող եմ միայն գանգսթերների ու ահաբեկիչների մարմնավորել։ Բայց ես թատրոնից էի եկել այդ ասպարեզ, ինչն ավելի մեծ տարածք ու ազատություն էր տալիս։ 


Ու այնպես ստացվեց, որ ինձ հրավիրեցին նկարահանվել Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարերից մեկում։ Գրեթե 90 կարճ ու երկար ֆիլմում եմ նկարվել, ու ամեն մեկն էլ յուրովի առաջընթաց է եղել, բայց այդ մեկը ֆինանսական առումով էր հաջողություն։ Մոտ 10 օրվա նկարահանումների համար 100 հազար դոլար վաստակեցի։ 

Երազանքի դերերը

Կուզեի Ջալալ ադ-Դին Ռումին կամ Պլատոնին մարմնավորել։ Ժամանակն է, որ վերադառնանք հանգստությանը, իրար հետ նստենք ու առանց միմյանց սպանելու խոսենք։ Իսկ այդ մարդիկ զրուցում էին, հակասում միմյանց, բայց միեւնույն է՝ նրանց երկխոսության հիմքում սերն էր։ Ես սիրո պակաս ու կարիք ունեմ: Բոլորս ունենք սիրո պակաս։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW