×


«Չմեռանք, դասական էլ ունեցանք». «Մեծ պատմություն փոքր քաղաքում»-ի ծիրանային դիտումը

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը «Կինոյի տանը» հավաքել էր այն մարդկանց, որոնք հայկական կինոն չեն պատկերացնում առանց «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի, ու, իհարկե, նրա ստեղծագործական կազմին։ 

Կինոփառատոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը ցուցադրությունից առաջ նախ խոսեց ֆիլմի ընտրության մասին։ Ամեն տարի «Ոսկե ծիրան»-ի շրջանակում ներկայացվում են այնպիսի աշխատանքներ, որոնք ռեստավրացիայի են ենթարկվել եւ կարեւորություն ունեն հայկական կամ էլ համաշխարհային կինեմատոգրաֆի համար։

Կարեն Ավետիսյանը


«Սովորաբար այնպես է ստացվում, որ դրանք դասական ֆիլմեր են լինում։ Ու ինքնին հարց է ծագում՝ ի՞նչ ասել է «դասական», ու քանի՞ տարի պետք է անցնի, որ ֆիլմն արժանանա այդ կոչմանը: Այսինքն՝ որտե՞ղ է ժամանակակիցի եւ դասականի սահմանը։ Եթե դիտարկենք մեր երկրի 30 տարվա պատմությունը, ապա 20 տարին արդեն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում ֆիլմերն անցնում են ժամանակի դատը կամ չեն անցնում։ Երկրորդ մարտահրավերն էլ այն էր, որ փառատոններում կատակերգություններ գրեթե չեն լինում, եւ հիմնականում դրամաներ են ցուցադրվում։ Երկու դեպքում էլ բացառություն ունենք»,- նշեց նա։ 

Բեմ բարձրացավ Գոռ Կիրակոսյանը, որը 20 տարի առաջ 24 տարեկանում է նկարահանել իր դեբյուտային ֆիլմը։ «Շնորհակալություն ներկա գտնվելու ու ֆիլմը դիտելու համար, շնորհակալություն նաեւ «Ոսկե ծիրան»-ին, որ իմ առաջին ֆիլմն ընդունել է որպես հայկական դասական կինո։ Չմեռանք, կլասիկ էլ ունեցանք»,- կատակեց նա։

Գոռ Կիրակոսյանը


BRAVO.am-ի հետ զրույցում ռեժիսորը խոստովանեց, որ չէր էլ պատկերացնում՝ «Մեծ պատմություն փոքր քաղաքում»-ն այդքան երկար կյանք կունենա եւ ուրախություն կբերի մարդկանց։ Նա հույս ունի, որ ֆիլմը կշարունակի ապրել, ու այն կսիրի նաեւ նոր սերունդը։

«Անկեղծ ասած՝ 2005 թվականին ֆիլմը ստեղծելիս սպասելիքներ նույնիսկ չունեի, բայց, երեւի, արդեն նկարահանումների միջնամասում հասկացա, որ շատ հետաքրքիր ու օրիգինալ մի բան է ստացվելու։ Անձամբ երբեք նման ֆիլմ չէի տեսել։ Երիտասարդ լինելով՝ փորձել էի ամբողջ հոգիս, ուժս եւ էներգիաս նվիրել ֆիլմին։ Ամեն ինչ եմ փոխանցել կինոյին, եւ հիմա այն տվածս վերադարձնում է»- նշեց նա։

Կիրակոսյանը մինչեւ հիմա էլ զարմանում է, երբ մարդիկ մոտենում են ու խոստովանում, որ ֆիլմը չափազանց յուրահատուկ է։ Նա «Մեծ պատմությանն» այլ կերպ է մոտենում՝ որպես իր առաջնեկի։ Համարում է՝ տարիների ընթացքում նոր գիտելիքներ է ձեռք բերել ու ամեն անգամ փորձել է ավելի լավ եւ գրագետ ֆիլմ նկարահանել:


«Եթե նորից նկարեմ, լրիվ այլ բան կանեմ։ Ինձ թվում է՝ անկեղծության եւ օրիգինալ գաղափարի շնորհիվ է ֆիլմն այդքան լավ ստացվել։ Ու գինու պես՝ որքան մնացել է, այնքան լավ հնացել է»,- ասաց նա։ 

«Մեծ պատմություն փոքր քաղաքում»-ը Կիրակոսյանին հաստատել է որպես ռեժիսոր. կինոոլորտում հենց այս ֆիլմի շնորհիվ են ճանաչել իրեն ու սկսել վստահել որպես մասնագետի։ Կիրակոսյանի խոսքով՝ ֆիլմն իրեն բիզնես քարտ է տվել, որից հետո ստացել է նոր առաջարկներ եւ համագործակցության հրավերներ։

Ֆիլմի հաջողության մյուս գրավականներից մեկն էլ դերասանական կազմն է։ 20 տարի անց դիտելուց հետո էլ հասկանում ես, թե որքան մանրակրկիտ ու ճիշտ ընտրություն է կատարել ռեժիսորը։ Այն դեպքերից է, որ դերասաններն ու կերպարները կատարյալ կերպով համընկել են։ Տարիներ անց նրանցից շատերն ավելի են մասնագիտացել թատրոնում ու կինոյում եւ հիմա Հայաստանի առաջատար դերասաններից են:


Կիրակոսյանն ավելացրել է, որ այս տարիների ընթացքում առանց չափազանցության 30-ից ավելի մարդ իրեն խոստովան է, որ ֆիլմն ասես իրենց ընտանիքի մասին է. «Իր ազգականների հետ տեղի ունեցած այս իրական պատմության մասին իմացել եմ երգչուհի Նառա Վարդանյանից։  Դրա հիման վրա գեղարվեստական սցենար ենք գրել, բայց պարզվում է, որ Հայաստանում դիակներին այդկերպ շփոթելը սովորական երեւույթ է»։ 

Իսկ գլխավոր մեղավորը, որի շուրջ ֆիլմում սկսվում է իրարանցումը, Գրիգոր Ջանոյանն է։ Նրան մարմնավորած Հրանտ Թոխատյանն այն դերասաններից է, որը ոչ միայն քասթինգին չի մասնակցել, այլեւ դեռ Գոռի մանկության տարիներին է խոստացել նկարվել նրա առաջին ֆիլմում։

Հրանտ Թոխատյանը


«Գոռին շատ փոքր հասակից գիտեմ: Նրա հոր՝ Կարո Կիրակոսյանի հետ շատ լավ ընկեր ենք եղել Երեւանում ու շարունակել ենք մեր մտերմությունը, երբ տեղափոխվել են Միացյալ Նահանգներ։ Գոռը միշտ ասում էր. «Այ, կմեծանամ, ռեժիսոր կդառնամ ու անպայման իմ ֆիլմերում քեզ կնկարեմ»։ Ու, բնականաբար, ես էլ էի սպասում այդ օրվան, որը վերջապես եկավ։ Այնպես ստացվեց, որ այդ ժամանակահատվածում շատ զբաղված էի՝ Մոսկվայում նկարահանումներ ունեի, Երեւանում էլ՝ փորձեր։ Նրան ասացի. «Գոռ ջան, գիտես, դա ավելի երիտասարդական ֆիլմ է, լավ կլինի երիտասարդները խաղան»։ Բայց նա պնդեց. «Չէ, դու ինձ խոստացել ես»։ Ասացի, որ այնպիսի մի դեր կվերցնեմ, որը քչերը կհամաձայնվեն խաղալ։ Գոռն ինձ քեռու՝ Համլետի դերում էր տեսնում, բայց որոշեցի հանգուցյալին մարմնավորել։ Իմ կարճ խելքով գիտեի, թե շատ կարճ կտեւի, բայց չպատկերացրի, որ ամբողջ ֆիլմի ընթացքում դագաղն այնտեղ դրված է լինելու, ես էլ՝ մեջը։ Այդպես էլ՝ քառասուն աստիճան շոգի պայմաններում, ֆիլմը նկարահանվեց։ Շատ գոհ եմ ստացված աշխատանքից, Գոռին էլ՝ բրավո, որ իր առաջին մեծ աշխատանքն այդքան լավ է արել»,- ասաց Թոխատյանը։


Դերասանը խոստովանեց, որ երբեք էլ սնահավատ չի եղել ու հանգուցյալին մարմնավորելու հետ կապված կասկածներ ու մտահոգություններ չի ունեցել։ Նրա համար կարեւորը միշտ էլ դերն է, որը փորձում է լավագույնս խաղալ։ Ֆիլմի պրեմիերայից 20 տարի անց էլ չի կարող ասել, թե ինչու «Մեծ պատմություն փոքր քաղաքում»-ը նման հաջողություն ունեցավ ու այդքան սիրվեց. «Նույնն էլ «Մեր բակ»-ի դեպքում է, պատասխան չունեմ»։

Թոխատյանի խոսքով՝ շատ ծրագրեր ունի, որոնց մասին դեռ չի կարող խոսել։ Միայն նշեց, որ ե՛ւ ֆիլմում կնկարահանվի, ե՛ւ ներկայացումներում կխաղա, իսկ աշխատանքների մեկնարկը կտրվի շուտով։ 

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW