×


«Պանդուխտ»․ ինչպես է Աշոտ Հարությունյանը զգում եւ ընկալում իր աշխատանքները

«Ներքեւում նավակի տեսքով պատվանդան եմ արել, եւ դրա շնորհիվ թվում է, թե քամին խշշոցով եղեգները տանում է դեպի հեռուն։ Այդ ղարիբությունն ու պանդխտությունն արտացոլում են հայ ազգի անդադար հեռացումը սեփական երկրից։ Կուզեի, որ «պանդուխտ» բառն ընդմիշտ անհետանա բառարանից»,- այսպես է իր աշխատանքներից մեկի մասին արտահայտվել կոնցեպտուալ քանդակագործ Աշոտ Հարությունյանը։


Միսաք Մանուշյանի անվան այգում տեղադրվել են արվեստագետի 13 մեծածավալ պողպատե քանդակները, որոնք նա, որպես Հայաստանի նկարիչների միության անդամ, նվիրել է քաղաքին՝ ի նշան իր սիրո, նվիրվածության եւ երախտագիտության։


Քանդակագործի խոսքով՝ այգում ներկայացված են իր բազմամյա աշխատանքի արդյունք հանդիսացող գործերը, որոնք ստեղծվել են 2017 թվականին Կարապի լճում կայացած վերջին հեղինակային ցուցահանդեսից հետո։ Նա նաեւ պատմեց, որ  «Պանդուխտ» հավաքածուի քանդակներից մեկը նվիրված է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։


«Այստեղ կարմիրի եւ սեւի համադրություն կա։ Սեւի վեց բացվածքներն ասոցացնում եմ կինոժապավենների համաչափությունների հետ: Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչ է զգում արվեստագետն ազատության եւ անազատության մեջ։ Չէ՞ որ սա հիշեցնում է նաեւ բանտախցի պատուհան եւ այս սովետական կարմիրների ելումուտը վանդակների միջով»,- ասաց նա՝ հավելելով, որ այգին, որտեղ տեղադրվել են իր ստեղծագործությունները, հեռանկարային է համարում։

Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW