Քայլեր, կանգ, խոնարհում, դարձ, ձեռքի թափահարում, եւ տարածությունը աստիճանաբար լցվում է մանկությունից յուրաքանչյուրին ծանոթ երաժշտությամբ: Երաժշտությամբ, որը մեզ վերադարձնում է դեպի հարազատ ավանդույթներն ու ծանոթ ելեւէջները: Երաժշտությամբ, որի ռիթմի ներքո սկզբում ակամա ոտքդ ես խփում, իսկ հետո նկատում ես, որ արդեն քոչարի ես պարում:
Ժողովրդական եղանակներին հաջորդում են համաշխարհային դասականության գլուխգործոցները, ապա՝ ռոք-հիթերը, որոնք, թվում է, անհնար է պատկերացնել սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ: Սակայն հենց այսպիսի երաժշտական ճանապարհորդությունը հնարավորություն տվեց նորովի լսել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:
Հուլիսի 21-ին Գաֆէսճեան քանդակների պուրակում տեղի ունեցավ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակումը՝ «Սիմֆոնիկ Կասկադ» խորագրով գալա-համերգով:
Բացօթյա համերգի ընթացքում երաժշտասերները կարողացան վայելել Դմիտրի Շոստակովիչի, Պյոտր Չայկովսկու, Մորիս Ռավելի, Արամ Խաչատրյանի, Տիգրան Մանսուրյանի եւ Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները: Դասական երկացանկին զուգահեռ հնչեցին System of a Down-ի՝ Aerials, Led Zeppelin-ի՝ Kashmir, Մայքլ Ջեքսոնի՝ Earth Song եւ Billie Jean հայտնի ստեղծագործությունների սիմֆոնիկ մշակումները, ինչպես նաեւ հայկական ժողովրդական «Քոչարի» եւ «Յարխուշտա» պարեղանակները՝ Սերուժ Բաղդասարյանի (C-rouge) մշակմամբ: Գործիքավորումը կատարել էր Մարտին Ուլիխանյանը: Համերգը ղեկավարում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Այս երեկո փորձություն դարձավ երաժիշտների համար ոչ միայն բարդ երկացանկը, այլեւ եղանակը: Քամու պոռթկումները մի քանի անգամ շրջեցին դիրիժորական վահանակի վրայի պարտիտուրի էջերը, սակայն դիրիժորը չկորցրեց կենտրոնացումը եւ վստահորեն շարունակեց առաջնորդել նվագախումբը: Պահպանելով կատարման ճշգրտությունն ու արտահայտչականությունը՝ նա վարպետորեն հաղթահարեց անսպասելի դժվարությունը եւ երաժիշտների հետ բարձր նոտայով ավարտեց համերգը:
Հոբելյանական համերգաշրջանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար հագեցած համերգային գործունեության շրջան էր: Այն մեկնարկեց «Արմենիա» IX միջազգային երաժշտական փառատոնի հետ միաժամանակ եւ շարունակվեց բազմաթիվ ելույթներով ամբողջ տարվա ընթացքում: Նվագախումբն իր ծրագրերը ներկայացրեց ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանի մարզերում ու միջազգային բեմերում: Սմբատյանի խոսքով, որը հրապարակվել էր ANM Media-ում, համերգաշրջանի ընթացքում նվագախումբն ունեցել է 133 համերգ՝ 65-ը՝ Երեւանում, 15-ը՝ մարզերում, 53-ը՝ Հայաստանի սահմաններից դուրս:
Հոբելյանական համերգաշրջանի գլխավոր իրադարձություններից մեկը դարձավ աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի առաջին այցելությունը Հայաստան: Նվագախմբի երաժիշտների հետ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, նա կատարեց Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի երկրորդ կոնցերտը՝ հայ հանդիսատեսին ընձեռելով ժամանակակից ամենաճանաչված դաշնակահարներից մեկին լսելու հնարավորություն:
Ավարտելով 20-րդ համերգաշրջանը՝ նվագախումբը ոչ միայն ամփոփեց հագեցած համերգային տարին, այլեւ հերթական անգամ ցույց տվեց, որ սիմֆոնիկ երաժշտությունը կարող է միավորել տարբեր ժանրեր, սերունդներ ու մշակութային ավանդույթներ՝ պահպանելով կապը դասական ժառանգության եւ ժամանակակից հնչողության միջեւ:
Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի


×
133






