Դերասան Էնթոնի Հոփքինսն օգոստոսին կթողարկի իր առաջին երաժշտական ալբոմը, որի վրա աշխատել է շուրջ 60 տարի եւ այն անվանել «Կյանքը երազ է» (Life Is a Dream), հաղորդում է Variety-ն։
Ստեղծագործությունները կատարել է ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ վենեսուելացի հանրահայտ դիրիժոր Գուստավո Դուդամելի ղեկավարությամբ։ Առաջին սինգլը՝ «Bracken Road»-ը, թողարկվել է այսօր։ Այն ոգեշնչված է Հարավային Ուելսում գտնվող Մարգամ ամրոցի մասին Հոփքինսի մանկության հիշողություններից։
88-ամյա Հոփքինսը դաշնամուր է նվագում 4 տարեկանից: Մի քանի տարի անց արդեն կատարում էր Բեթհովենի ու Շոպենի ստեղծագործությունները։ Պատանեկության տարիներին երաժշտություն է գրել տեղական բեմադրությունների համար։
«Երաժշտությունն իմ առաջին կիրքն էր։ Երաժշտություն եմ գրել ողջ կյանքիս ընթացքում։ Այս ստեղծագործություններից մի քանիսն ինձ հետ են տասնամյակներ շարունակ, եւ ես դեռ շարունակում եմ վերադառնալ դրանց», - ասել է դերասանը։
Հոփքինսը պայմանագիր է կնքել Decca Classics լեյբլի հետ։ Նա խոստովանել է, որ այդ համագործակցությունն իր համար մեծ պատիվ է։ Նա նաեւ մեծ շնորհակալություն է հայտնել նվագախմբին ու անձամբ դիրիժոր Գուստավո Դուդամելին։
«Սըր Էնթոնի Հոփքինսն այն հազվագյուտ արվեստագետներից է, որի ստեղծագործական ձայնը գերազանցում է ցանկացած սահման: Լսելով նրա ստեղծագործությունը՝ ես հիանում եմ դրա գեղեցկությամբ, կատարման վարպետությամբ եւ հրաշքի անսխալ զգացողությամբ, որով այն լցված է», - նշել է Գուստավո Դուդամելը։


×
135






