Ձեռքերը թիկունքում խաչած, մի քանի վայրկյան լիակատար անշարժություն ու մտախոհ հայացք՝ ուղղված «Երազ» կտավին։ Այնքան ուշադիր ես դիտում նկարը, որ աստիճանաբար ինքդ էլ ես սուզվում երազային այդ վիճակի մեջ ու կտրվում իրականությունից։ Եվ հենց այն պահին, երբ թվում է, թե քիչ է մնում ամբողջովին կորցնես կապը շրջապատող աշխարհի հետ, հանկարծ լսում ես․
«Սիրելի՛ ընկերներ, շատ շնորհակալ եմ, որ այսօր եկել եք եւ այս կարեւոր օրը մեզ հետ եք: Մեր ընտանիքի համար սա շատ կարեւոր իրադարձություն է։ Սա հայրիկի երկրորդ անհատական ցուցահանդեսն է իր մահվանից հետո, ինչպես նաեւ նրա 80-ամյակն է, եւ 20 տարին, ինչ նա մեզ հետ չէ»։
Սյուրռեալիստ նկարիչ Վաղարշակ Արամյանի ցուցահանդեսն է։ Քո առջեւ նրա կտավներից մեկն է, իսկ սրահում հնչում է նրա դստեր՝ նկարչուհի Նանա Արամյանի խոսքը, ով ամենայն ջերմությամբ ու մեծ հուզմունքով հիշում է հորը։
Այսպես, տարիներ անց, տաղանդավոր նկարչի աշխատանքները նորից առիթ են դառնում, որ հանդիսատեսը հանդիպի նրա աշխարհին՝ կերպարներին, մտքերին ու մետաֆիզիկական շերտերին: «Վաղարշակ Արամյան… եւ մետաֆիզիկա» ցուցահանդեսը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 27-ը, իսկ մուտքն ազատ է։
Ցուցահանդեսի համադրող Արմեն Եսայանցը պատմեց, որ ցուցադրությունում ընդգրկվել են նկարչի ստեղծագործական ուղու տարբեր փուլեր՝ վաղ շրջանի գեղանկարչական գործերը, ինչպես նաեւ թղթի վրա արված գրաֆիկական աշխատանքները, որոնք նախկինում երբեք չեն ցուցադրվել։ Ներկայացված գործերի թվում է նաեւ նրա վերջին՝ անավարտ «Սուրբ Հիերոնիմոս» կտավը։
Նանա Արամյանը եւ Արմեն Եսայանցը
Ցուցադրությունը կառուցված այնպես, որ ներկայացնի նկարչի ուղին դեպի աշխարհի մետաֆիզիկական ընկալումը եւ հնարավոր լինի հետեւել, թե ինչպես է աստիճանաբար փոխվել նրա գեղարվեստական տեսլականը, մինչեւ ձեւավորվել է այն եզակի ձեռագիրը, որը դարձավ նրա այցեքարտը։
Վաղարշակ Արամյանի այս ուղին սկսվել է Երեւանում, որտեղ նա ծնվել է 1945 թվականին։ Կրթություն ստանալով Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում եւ Երեւանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում՝ նկարիչն իր ստեղծագործական ճանապարհը սկսել է 1960-ական թվականներին։ 1965 թվականից նա մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում եւ արտերկրում։
1973 թվականին Արամյանը դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ։ Ստեղծագործելուն զուգահեռ՝ նա զբաղվել է մանկավարժական գործունեությամբ՝ իր փորձը փոխանցելով ապագա նկարիչներին։ Նա հեռացավ կյանքից 2006 թվականին Երեւանում՝ թողնելով նշանակալի գեղարվեստական ժառանգություն։
Հենց նկարչի այս ժառանգությունն է, որ յուրաքանչյուր հանդիսատեսի հոգում գտնում էր իր արձագանքը։ Ոմանց համար նրա կտավները կարող էին մնալ անհասկանալի, ոմանց դուր գալ, իսկ մյուսները կարող էին դրանք ընկալել շատ ավելի հարազատորեն, որովհետեւ դրանք արթնացնում էին անցյալի զգացմունքներն ու կերպարները, որոնք ժամանակի ընթացքում կարող էին կորչել առօրյա կյանքի արագընթաց ռիթմում։ Բայց այսօր այդ ջերմ ու հարազատ հիշողությունները կրկին ջրի երես ելան եւ իրենց շուրջը համախմբեցին մարդկանց, ովքեր նույնպես ցանկացան դառնալ նկարչի մասին այս էմոցիաների եւ պատմությունների մասնիկը։
Երբ վերջին այցելուները դեռ կիսվում էին տպավորություններով, ցուցահանդեսային երեկոն աստիճանաբար մոտենում էր ավարտին։ Սրահում աղմուկն ու ոգեւորված զրույցները լռեցին։ Վերջին ձայնը դարձավ անջատվող լույսի կտոցը, սրահը սուզվեց մթության մեջ՝ կտավների հետ սպասելով հաջորդ օրվան։
Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի


×
106






