×


Վիկտորիա Սամուելի կյանքի պոեզիան եւ սերը՝ առանց էմոցիոնալ ճոճանակների

Ժամանակակից հեղինակ Վիկտորիա Սամուելի գործերը հուզիչ են ու սրտին դիպչող: Իրական կյանքում էլ նա զգացմունքային է, նուրբ ու իրական: BRAVO.am-ի «Բացահայտում» շարքի համար Սամուելի պատասխանները շատ անկեղծ ու գեղեցիկ են:

- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

- Դրանք այնքան շատ են: Այս պահին փորձեմ առանձնացնել իմ սիրելիները՝ «Մեծ գեղեցկություն» կինոն, Ալմոդովարի ֆիլմերը, Ազնավուրի երգերը, այն ազնիվ ու ազատ մարդիկ եւ կենդանիները, որոնց կարողանում եմ տեսնել։ 

- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ վերջերս եք իմացել Ձեր մասին։

- Հոգեբանիս հետ քննարկում էինք, որ ես ինձ ասված լավ բաները հաճախ որպես իրականություն չեմ ընկալում։ Դեռ չգիտեմ՝ որն է խնդիրը։ 

- Գրելու հետ կապված առաջին հիշողությունը:

- Չորրորդ կամ հինգերորդ դասարանում, կարծեմ, Շիրվանզադեից ոգեշնչված՝ 20 էջանոց պատմվածք էի գրել (ծիծաղում է,-հեղ.)։ Բայց դե ոչ մեկը լուրջ չընդունեց դա՝ ո՛չ մայրս, ո՛չ դասղեկս։ Մինչդեռ այդ տարիքում ամբողջական պատմություն գրելը, այն էլ՝ A4 թղթի 20 էջ, ամենահեշտ բանը չէ ու արժանի է մեկնաբանության։ Ամեն դեպքում, դա ինձ չի ցավեցրել։ Ուրախ էի, որ ինքս պատմություն ու կերպարներ էի հորինել։ 


- Իսկ առաջին արձագանքը, երբ հասկացաք, որ դիպչում եք մարդկանց հոգիներին:

- Երեւի ջերմության զգացում ունեի, հատկապես, երբ գրում էին, թե ինչքան իրենց մասին էր կամ որքան էր իրենց հուզել որեւէ գործ։ Եթե հնարավոր լիներ չանել այս ամենը, երեւի չէի անի, որովհետեւ կարելի է ունենալ կյանքի լրիվ այլ որակ, երբ զբաղվում ես ավելի նոր մասնագիտություններով, բայց պարբերաբար տարբեր գրասենյակներում աշխատանքի եմ ընդունվում եւ ամեն անգամ զգում՝ ինչքան է ինձնից պոկվում ինչ-որ կարեւոր մաս, ինչքան եմ դադարում լինել ես։ Որովհետեւ նույնիսկ աշխատանքի ժամանակ որեւէ պատահական պահի սկսում եմ բանաստեղծություն գրել: Որովհետեւ այդ բառերը գալիս են իրենց հերթականությամբ, իրենց հոսքով, ու ես ինձ ավելի շատ զգում եմ միջնորդ՝ արդեն եղած բանաստեղծության ու այն գրի առնելու միջեւ։ 

- Ստեղծագործելու ամենասիրելի կողմերը:

- Ես իսկապես զգում եւ հավատում եմ, որ ողջ եմ։ 

- Իսկ ամենադժվարնե՞րը:

- Հենց ստեղծագործելու ընթացքն ինձ երբեք դժվար չի տրվում։ Դժվար է, երբ մեկ էլ հասկանում ես, որ ուզում ես ինչ-որ բան գրել, բայց ինչ գրում ես, զիբիլ է։ Դա հիմնականում լինում է ապատիայի ժամանակ: Իսկ վերջին տարիներին դա արդեն այնքան է կրկնվում, որ գիտեմ՝ պետք չի դիմադրել։ Ընդհանրապես, մեր կյանքն ահագին հեշտանում է, երբ չենք դիմադրում այն ամենին, ինչը ոչ մի կերպ մեր իշխանության ներքո չէ։


- 3 գրող, որոնցից ամենաշատն եք ոգեշնչվել:

- Ես կարծում եմ, որ շատ կարեւոր է՝ ինչ հոգեվիճակում եւ ինչ գիրք ես վերցնում ձեռքդ։ 

Երբ ուսանող էի, ոգեշնչվում էի Շեքսպիրի ողբերգություններից ու Վարդգես Պետրոսյանի նրբահույզ պատմություններից։ Երբ ինքնաճանաչման ճանապարհս նոր էի սկսել, երրորդ անգամ բացեցի Հերման Հեսսեի «Սիդհարթա»-ն եւ միայն այդ ժամանակ կարողացա ամբողջությամբ կարդալ։ Կարդում էի շատ դանդաղ եւ հայտնաբերում, որ էլի եղել է ինչ-որ մեկը, որ իրեն նույնականացրել է գետերի, խոտերի ու ծառերի հետ։ Այդքան դուրս գալ քո մարմնից ու լինել այն ամենն, ինչ շրջապատում է քեզ։ Սա հիմնականն էր, իհարկե, որովհետեւ ամբողջ ընթացքում հասկացել եմ հեղինակին, կամ գոնե ինձ այդպես է թվացել։ 

Պատերազմից հետո առաջին անգամ կարդացի Ալբեր Կամյուի «Անկումը», որը հիմա լավ չեմ հիշում, բայց այդ ժամանակ կարդում էի եւ խորտակվում ինչ-որ մութ ջրերի մեջ եւ շարունակում ապրել այն ամբողջ աբսուրդը, որ փոխանցում էր հեղինակը։ Հետո էլ ես էի ապրում մեր իրականության մեջ, որն ինձ դժվար էր տրվում։ Հիմա էլ, եթե անկեղծ։ 

- Հայ հեղինակների ամենասիրելի գործերը:

- Հրանտ Մաթեւոսյանի բոլոր գործերը, որ կարդացել եմ եւ որոնք ուզում եմ վերընթերցել, Շանթի «Հին աստվածները», որ կարդացել եմ դպրոցական տարիքում, բայց միստիկ մթնոլորտը մինչեւ հիմա հիշում եմ։ Կարեն Անտաշյանի մի շարք բանաստեղծություններ, որոնք սիրում եմ կարդալ ընկերներիս համար, Հասմիկ Սիմոնյանի «Մեղուներ պահող աղջիկը»՝ շատ ինտիմ է ու ցավոտ։ Վիոլետ Գրիգորյանի պոեզիան, ընդհանրապես։ Տիգրան Պասկեւիչյանի «Ձնեմարդու նոթատետրից» բանաստեղծությունը, որը էլի վաղուց եմ կարդացել, բայց ապրումները հոգեհարազատ էին եւ նույն հարթությունից։ Այսինքն՝ հեղինակն իրեն վեր չի դասում մյուսներից։ Ինձ համար դա կարեւոր է, եւ ոչ միայն՝ գրականության մեջ։ Եթե շարունակեմ, էլի պետք է գրեմ, բայց սրանք առաջինը մտքիս եկածներն էին։


- Ժամանակակից հայ գրականությունը/պոեզիան՝ մի քանի բառով:

- Ազնիվ, իրական, որոշ դեպքերում էլ՝ պաթետիկ։ Բայց որ ազնիվ ու խորն են լինում, դրանք շատ եմ սիրում։

- Գրող, որի հետ դեմ չէիք լինի երեկոյան զրուցել:

- Շատ են։ Ես սիրում եմ հոգեթով զրույցներ, եւ իմ սիրած հեղինակներից ոչ մեկի հետ էլ դեմ չէի լինի հանդիպել։  

- Իսկ ամենահետաքրքրող հարցը, որ կտայիք:

- Ձեզ ի՞նչն է պահում այս կյանքին կպած։ Բայց հարցը կարող է փոխվել՝ կախված իմ ու նրանց այդ պահի ապրումներից։ 

- 3 հեղինակ, որ կավելացնեիք դպրոցական ծրագրում:

- Կարծում եմ, որ մեր ամբողջ դպրոցական ծրագիրն ու մոտեցումները պետք է կարգին վերանայվեն, վերափոխվեն ու դուրս գան հետխորհրդային ծանրությունից ու անհեթեթությունից։ 

- 3 բառ, առանց որոնց չի ստեղծվում եւ ոչ մի ստեղծագործություն: 

- Չգիտեմ, իսկապես։ 

- Ձեր գրած որեւէ աշխատանք ներկայացնելու հետ կապված առաջին ապրումները:

- Ես ավելի շատ գրում եմ հենց գրելու համար։ Իսկ դրանք ներկայացնելու հետ կապված ապրումներ վաղուց չեմ ունենում։  


- Ինչի՞ մասին այսօր առաջին անգամ կպատմեք, կխոստովանեք:

- Օհ, դա շատ դժվար է, որովհետեւ ամեն ինչի մասին խոսում եմ։ Ընդհանրապես, ես շատ եմ խոսում։ 

- Ինչո՞ւ եք սիրում կամ հակառակը՝ այդքան էլ չեք նախընտրում տարվա այս եղանակը։

- Վայ, շատ եմ սիրում ամառը։ Ձմռանն ինձ թվում է՝ չեմ ապրում։ Շատ դժվար է ապրել ձմռանը։ Կուզեի արջ լինել ու ամբողջ ձմեռ քնել։ Ու հենց ամեն ինչ սկսեր իր կյանքը, ես նույնպես սկսեի։ Ասենք՝ հենց ձնծաղիկներից հետո։ 

- Ունե՞ք ամառային հատուկ սովորություն կամ արարողակարգ։

- Ուրախանալ, անընդհատ ուրախանալ, որ ամառ է ու երկար զբոսնել երեկոներին։ 

- Մանկության անմոռանալի հիշողությունն ամռան հետ կապված:

- Իմ ամառներն անցել են բակերում՝ յոթ քար, հալամուլա, գործնագործ խաղալով։ Ու այնքան էի սեւանում, որ մինչեւ 20 տարեկանը մտածում էի, որ ես շատ թուխ մաշկ ունեմ։ 


- Ինչպե՞ս է ամառն ազդում Ձեր ստեղծագործական էներգիայի վրա։

- Հիանալի, բայց կա կարեւոր պայման։ Եթե աշխատում եմ որեւէ գրասենյակում, չեմ հասցնում շատ ստեղծագործել, բայց եթե աշխատանքից դուրս եկած եմ լինում, ինչ-որ ժամանակ հետո սկսում եմ ակտիվ ստեղծագործել։ Իսկ ես հաճախ եմ աշխատանքներ փոխում, այն էլ՝ հիմնականում գումարի համար (ծիծաղում է,-հեղ.)։ 

- Ունեցե՞լ եք ամառային սիրավեպ, որը մինչ օրս հիշում եք։

- Այս պահի իմ սիրավեպը, որը սկսվեց նախորդ ամառվա վերջին՝ որպես վերմակ ու տաք ապաստարան, որտեղից սկզբում ենթագիտակցորեն ուզում էի փախչել, որովհետեւ սովորել էի մենակ լինելուն, բայց ամեն ինչ այնքան սիրուն ու բնական էր, որ մենք կամ գոնե ես, սկսել եմ ավելի շատ սիրել սիրելիիս ու այս հարաբերությունները։ Ի դեպ, այս հարաբերությունների ժամանակ հասկացա, թե ինչ մեծ մարտահրավեր կարող է լինել առողջ եւ սիրուն սիրավեպը՝ առանց էմոցիոնալ ճոճանակների։ Մի խոսքով, դրան նույնպես պետք է պատրաստ լինել։

- Ո՞րն է կատարյալ ամառային ժամադրությունը։

- Դիմաց լեռան մոտակայքում նրբերշիկներ խորովելն ու համբուրվելը։ Մեր չորրորդ կամ հինգերորդ ժամադրությունը հենց այդպիսին է եղել։ 

- Մոլորակի վրա ամենալավ տեղը: 


- Ինքդ, քո մարմինն ու ուղեղը։ Մեկ էլ, ցանկալի է որեւէ փիրուզագույն ծովափ։

- 3 վայր, որ որոշիչ են եղել Ձեր կյանքում:

- Չեմ հիշում։ Ինձ համար միշտ ավելի որոշիչ են եղել իրադարձությունները։

- 3 անհրաժեշտ ապրում:

- Ցավը, բայց վստահ չեմ։ Կան ցավեր, որ այնքան են դատարկում, որ այդ ապրումն ավելի շատ վերցնում է, քան տալիս։ Ու նաեւ կան մարդիկ, ովքեր չեն մեծանում գոնե մի քիչ, որ ծածկեն այդ ցավը, ու մնում են փոքր եւ համոզված, որ բոլորից պետք է պաշտպանվել։

Կատարսիսը։ Բայց դա նույնպես տարբեր ձեւ ենք հասկանում եւ զգում։ Իմ հասկացածը՝ այնքան մեծանալն է, այնքան տարողունակ դառնալը, որ այլեւս ոչինչ շատ մոտ չլինի, եւ ինչ-որ պահի ուրախությունից արտասվել այն շնորհակալությամբ, որ դու կաս եւ այնքան շատ բան ես զգում։ Որովհետեւ տառապանքի հանդեպ զգայուն լինելը գոյություն չունի առանց ուրախության հանդեպ ցնծության։ Սեպարացիան՝ ծնողներից ու հավատալիքներից, որոնք քեզ հետ կապ չունեն։ 


- 3 ոգեշնչող հանգամանք:

- Ես դեռ խորապես զգում եմ ցավը եւ ուրախությունը, չնայած երբեմն շատ դատարկ լինելուն։ Ես շարունակում եմ գնալ այն ճանապարհով, որի սկիզբը նորմալ չի երեւում, բայց որին ես հավատում եմ։ Մարդիկ իրականում թքած ունեն մեզ վրա, եւ հեչ էլ պարտադիր չէ դուր գալ նրանց։ 

- Ովքե՞ր են Ձեր կյանքի կարեւոր մարդիկ:

- Մայրս, քույրս, սիրելիս եւ իմ մի քանի ընկերները։ 

- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքների կուզեիք տիրապետել:

- Կինոռեժիսուրային։ Իհարկե, կուզեի նաեւ բալետ սովորել, բայց բավականաչափ ճկուն չեմ։ Ու կուզեի երգել, բայց սարսափելի եմ երգում։ Հետաքրքիր է, որ ռիթմի լավ զգացում ունեմ, շատ եմ սիրում պարել, բայց որ ուզում եմ մի բան երգել, ոչ մեկը չի հասկանում՝ ինչ եմ երգում։ Իսկ կինոն ինձ համար ինչ-որ առումով հենց պոեզիա է, եւ պատմելու վիզուալ ձեւը էլի շատ հոգեհարազատ է ինձ։ Հուսով եմ՝ հաջորդ հարցազրույցը որպես կինոռեժիսոր կտամ (ծիծաղում է,-հեղ.)։

- Ի՞նչ սովորությունից կուզեիք ազատվել ու նաեւ ձեռք բերել:

- Կանոնավոր գնալ մարզասրահ ու քաղցր քիչ ուտել։ 


- Վերջին մեկ տարում ամենաշատը տպավորած մարդիկ:

- Եկեք ասեմ, որ մարդկանցով եմ հիանում: Տպավորել բառն այստեղ չի բնութագրում այն, ինչ զգում եմ։ Ես հիանում եմ մամայիս՝ մեզ սիրելով։ Եվ այդ սերն ինձ դիպչում է նախ այն պատճառով, որ մամաս ունի լրիվ այլ պատկերացումներ կյանքի մասին, քան ես կամ քույրս, բայց վերջին տարիներին սկսեց ընդառաջ գալ մեզ։ Եվ դա ինձ հուզում է ամեն անգամ, երբ մտածում եմ այդ մասին։ Որովհետեւ ինչ-որ պահի մտածում էի, որ չի սիրում։ Մեր երկրում սիրո գաղափարն էլ է շատ խախտված։ Ինքս, օրինակ, չեմ հասկանում՝ ինչ սեր է, երբ ծնողը կարող է թքած ունենալ քեզ, քո երազանքների ու այն ամենի վրա, ինչից քո շունչը կարող է կտրվել, եւ ստիպել քեզ անել այն, ինչ միշտ ինքն է պատկերացրել։ Ես խնդիր ունեմ այդ սիրո հետ ու դա, առհասարակ, սեր համարելու։ 

Ես հիանում եմ իմ սիրելիով, ու թե ոնց է ինքը հոգ տանում իր կողքի մարդկանց մասին։

Ես հիանում եմ բոլոր այն մարդկանցով, որ հավատարիմ են մնում իրենց։ Սալյուտ, Անյուտ։

- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:

- Նայած՝ ով ոնց է առնչվել ինձ հետ եւ ինչ սպասումներ է ունեցել ինձնից (ծիծաղում է,-հեղ.)։

- Ձեր երբեւէ ունեցած ամենագեղեցիկ ու քննարկված նկարը:

- Քանի որ ես հայտնի եւ շատ հանրային մարդ չեմ, այդպիսի նկար չկա։ Միայն երբեմն լողազգեստով նկարներս բարեկամների կողմից մեկնաբանությունների էին արժանանում, բայց ես բավական կտրուկ եմ այդ հարցերում եւ թույլ չեմ տալիս, որ իմ կյանքին խառնվեն։ Եվ ուրախ եմ, որ ունեմ այդպիսի հատկանիշներ, բայց երբեմն զայրանում եմ մեր այսքան սեքսիստ հասարակությունից եւ իր ժամանակավրեպ պատկերացումներից։


- Իսկ վերջին կադրը, որ արել եք ձեր հեռախոսով ու դեմ չէիք լինի կիսվել մեր ընթերցողների հետ: 

- Սա է։


- Հենց հիմա ի՞նչ է Ձեզ պակասում:

- Այն խաղաղությունը եւ կյանքի հանդեպ ունեցած լավատեսությունը, որ ունեի մի քանի տարի առաջ։ 

- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:

- Լինելու, նույնիսկ, եթե երբեմն շատ է ցավում։ 

- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:

- Կինո նկարել։ Բայց վախենալով էլ կանեմ։ Ուղղակի ուզում եմ վստահ լինել, որ լավ բան եմ անում, նոր սկսեմ։ 

- Ի՞նչ է պետք հասցնել անպայման անել ամռան ընթացքում:

- Լավ սիրավեպ ունենալ։

- Ինչի՞ բույրն առնել:

- Քեզ անպայմանորեն սիրելու։

- Ի՞նչ շոշափել:

- Սիրելիներին, թաց խոտը, մորին եւ հույսը, որ ամեն ինչ այնքան սարսափելի չէ, ինչքան կարող է թվալ։


- Ի՞նչ զգալ:

- Որ իսկապես ապրում ես։

- Ի՞նչ դիտել:

- Ինչ ուզում ես։

- Ի՞նչ լսել:

- Ինչ ուզում ես։

- Ի՞նչ սովորել:

- Ես ագնոստիկ եմ, բայց կարեւոր է սովորել սիրել մերձավորին։ Ու շատ հետաքրքիր է, որ այս ու շատ այլ կետեր բաց են թողնում հենց լիքը քրիստոնյաներ։ 

- Ու մի խորհուրդ Ձեզնից: Ո՞ւմ գրկել պարտադիր:

- Այն մարդկանց, ում սիրում եք՝ հնարավորինս շատ եւ հնարավորինս երկար։ Դուք կարող եք պատահաբար տուն գտնել։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Վիկտորիա Սամուելի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW