Մահացել է հայտնի ռեժիսոր Արսեն Ասլանյանը․ այս մասին հայտնել է նրա կինը՝ հաղորդավար Եվա Զոհրաբյանը:
«Մենք պարտվեցինք… Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում։
Սիրելի ամուսնու, հոր, պապիկի` Արսեն Ասլանյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 5-ին` ժամը 17-20-ը` «Էրեբունի» սգո սրահում։ Հուղարկավորությունը նույն վայրից` օգոստոսի 6-ին ժամը 13:00-ին»,- գրել է նա:
Ասլանյանի հետ լուսանկարներով է կիսվել ու լուսանկարներ հրապարակել կինոգետ Արայիկ Մանուկյանը.
«Մի կարճ ժամանակ առաջ էր հանդիպեցինք։ Ուղղակի եկել էր տեսնելու։ Շատ երկար խոսեցինք, հիշեցինք։ Ու այսօր Արսիկի մահվան լուրը։ Ժամանակին Արսեն Ասլանյան անունն ուղղակիորեն նույնականացված էր հայկական հեռուստատեսություն անվան հետ, մարդկային ու մասնագիտական բարձր որակների հետ։ Եթե բախտդ բերեր ու ծրագիրդ, հաղորդումդ, հաղորդաշարդ Արսիկը նկարեր, կադրն Արսիկը դներ, լույսն Արսիկը դներ, կամ ռեժիսորդ Արսիկը լիներ, ուրեմն վերջ։ Դու` դու էիր։ Արսիկը չափանիշ էր, փնտրված ու պահանջված։ Ինչքան սիրված ֆիլմեր, ծրագրեր, հաղորդումներ, հաղորդաշարեր կան, որ մնացել են ու կմնան հայկական հեռուստատեսության ժառանգությունում, որ Արսիկով են ստեղծված ու կայացած։ Արսիկը նաեւ մարդու, ընկերոջ չափանիշ էր։ Արսիկի լուրջն ու հումորովը չէիր տարբերի, բայց իրեն կարող էիր հենվել, վստահել, հավատալ, իր նվիրումին չկասկածել: Ընկեր էր` իր բոլոր դրսևորումներով։ Ինչ ծանր ու լուսավոր տարիներ ապրեցինք միասին` կարծես մի ամբողջ կյանք, հեռուստատեսությունում, որը քոնն էր։ Լույսերի մեջ մնաս, Արս ջան։ Իմ սիրելի Եվա, մխիթարվիր, որ ինքը Արսիկն էր»:


×
144






