×


Հրանտ Թոխատյանի «Ուրվականը մեր միջեւ». Նարեկ Ավագյանի առաջին ֆիլմի փորձարկումները

Օրեր առաջ կայացել է սցենարիստ Նարեկ Ավագյանի դեբյուտային՝ «Ուրվականը մեր միջեւ» ֆիլմի պրեմիերան: 

Այն պատմում է երիտասարդ զույգի՝ Արմենի (Սամվել Սարգսյան) ու Արեւիկի (Սյուզի Սիրակ) մասին, ովքեր ցանկանում են ամուսնանալ ու իրենց բիզնեսը հիմնել։ Այդ նպատակով առանձնատուն են գնում ու այնտեղ էկոթերապիայով զբաղվում: Նոր տուն տեղափոխվելու առաջին իսկ օրը հոսանքահարվելու արդյունքում Արեւիկը սկսում է տեսնել Աբգարի (Հրանտ Թոխատյան) ուրվականին, ինչի արդյունքում էլ տրվում է  անհաջողությունների շղթայի մեկնարկը: Դա էլ բավական չէ, Միացյալ Նահանգներից ժամանում են Արմենի ծնողները: 

Bravo.am-ը ռեժիսորի հետ խոսել է կատակերգության առանձնացող կողմերի, փորձարկումների ու գլխավոր դերում Հրանտ Թոխատյանին նկարահանելու մասին:


Առաջին փորձը

Ֆիլմը ստեղծելու գաղափարը վաղուց ունեի, 2025-ի աշնանը սկսեցի սցենարը գրել, իսկ այս տարվա փետրվարից նկարահանումները մեկնարկեցին: Ուզում էինք կամերային ֆիլմ ստեղծել, որը կնկարահանվի նույն տարածքում: Նաեւ նպատակ ունեինք միաժամանակ մի քանի արտադրանք ստանալ՝ ֆիլմին զուգահեռ նաեւ սերիալ ունենք:


Պատմությունն օրիգինալ է, բայց այդ ժանրը մենք չենք հորինել, այնպես որ՝ մարդիկ կարող են որոշակի համընկնումներ գտնել: Ուրվականների մասին բազմաթիվ ֆիլմեր ու սերիալներ կան, բայց մեր պատմությունն արտագրված չէ: 

Հայ ուրվականը 

Մեր կինոյում առաջին հայ ուրվականն ենք ստացել, որը տարբերվում է իր մոտեցմամբ ու հին կարծրատիպերով: 1907 թվականին է մահացել ու այլ կերպ է մտածում, նրան խորթ չեն նաեւ սեքսիզմի դրսեւորումները: Հույս ունեմ, որ կերպարը բավական կհետաքրքրի մարդկանց: Թեեւ վերջին շրջանում պարոն Թոխատյանը նկարահանվել է, բայց այսքան էկրանային ժամանակ ոչ մի ֆիլմում չէր ունեցել ու գլխավոր հերոս չէր եղել:  

Նկարահանումները

Կատակերգության նկարահանումներն անցել են Մրգաշեն գյուղի տներից մեկում: Աշխատանքները մի քանի փուլով են եղել, սկզբում նկարել ենք Թոխատյանի մասնակցությամբ հատվածները: Նա երբեք նկարահանման հրապարակում չի եղել, ու իր բոլոր կադրերն արել ենք կանաչ ֆոնի վրա:   

Մեր մյուս փորձարկումն այն էր, թե արդյոք կարո՞ղ ենք որեւէ դերասանի մասնակցությամբ ֆիլմ նկարել, երբ նա այդ պահին Հայաստանում չէ, ու կադրերը հետո ներմուծել: Իհարկե, այդ եղանակով աշխատելն այնքան էլ հեշտ չէր, առաջին փորձն էր ու հաստատ թերություններ կան, մեծամիտ չենք ու գիտենք, որ պետք է շարունակել շատ սովորել: 

Թեեւ որոշ բաներ մեր սրտով չեն ստացվել, բայց տեխնոլոգիան արդեն յուրացրել ենք ու հաջորդ անգամ ավելի լավ կկիրառենք: Ընդհանուր առմամբ փորձը կարող ենք հաջողված համարել ու չամաչել: 


Մի քիչ վերապահումներով եմ խոսում, քանի որ առաջին աշխատանքս է, ու մարդիկ տարբեր առումներով կարող են այն չհավանել: Բայց նաեւ գտնում եմ, որ հանդիսատեսը չի ափսոսալու տրամադրած ժամանակն ու չի ձանձրանալու դիտելու ընթացքում:

Թոխատյանը

Պարոն Թոխատյանին ուրվականի դերում միանգամից ենք պատկերացրել: Թեեւ  տաղանդավոր ու հրաշալի դերասաններ ունենք, բայց նրա խարիզման ու հումորը բացառիկ են: 

Սկզբում սցենարը ներկայացրինք նրան եւ որոշակի քննարկումներ ունեցանք, թեեւ աշխատանքը հավանեց, բայց միանգամից չէ, որ իր համաձայնությունը տվեց: Մտածելու կարիք ուներ, ինչից հետո էլ հաստատեց իր մասնակցությունը:

Թոխատյանի հետ աշխատելը գերագույն հաճույք էր, ընթացքում միայն սովորում ես նրանից: Ուրախ ու հպարտ եմ ընձեռնված այդ վստահության համար, սկզբում իհարկե վախենալու էր, բայց պետք է այդ ամենը մի կողմ թողնել ու սկսել գործել: 

Ֆիլմը ծիծաղաշարժ, դինամիկ ու հետաքրքիր է ստացվել, այն իր հետ թարմություն է բերել, արժե նայել ու լիցքաթափվել: Բայց միայն ծիծաղելու առիթ չի տալու, կան նաեւ մտածելու ու հուզվելու պահեր:


Սա պարզապես կատակերգություն չէ, ուրվականի միջոցով փորձել ենք ցույց տալ մարդկային խորը հարաբերություններն ու խնդիրները: Նա այդ բացերը ջրի երես է հանում ու ստիպում մտածել: 

Ծնողները

Ծնողների դերում նկարահանվել են Լեւոն Հարությունյանն ու Կարինե Ծատուրյանը: Նրանց դեպքում էլ ենք ընտրությունը միանգամից կատարել: Մեզ պետք էր աշխույժ ու գրոտեսկին հասնող զույգ ունենալ, իսկ իրենք շատ էին համապատասխանում այդ կերպարներին: Նրանց հետ էլ շատ հեշտ էր աշխատել, քանի որ իսկական պրոֆեսիոնալներ են:

Երիտասարդ զույգը 

Ամուսնու դերի համար ընտրեցինք Սամվել Սարգսյանին, նա նոր է ավարտել ինստիտուտը, մի քանի ներկայացում ունի Ստանիսլավսկիում ու վերջերս նաեւ սերիալում է նկարահանվել: Նրա տվյալները հետաքրքրեցին մեզ:

Իսկ ահա հերոսուսհու ընտրությունը բավական բարդ էր ու երկար ենք կատարել: Այդ տարիքային խմբում շատ տաղանդավոր երիտասարդ աղջիկներ ունենք, բայց ինձ թարմություն ու նոր դեմք էր պետք: Ի վերջո ընտրեցինք երգչուհի Սյուզի Սիրականյանին (Սյուզի Սիրակ), որը նախկինում ֆիլմում նկարահանվելու փորձ չէր ունեցել: 

Քանի որ բաց էինք փորձարկումների համար, որոշեցինց այդ հարցում էլ ռիսկի դիմել: Ի վերջո, մեկը պետք է նման քայլ անի, որպեսզի շրջանը բացվի ու նոր մարդիկ հայտնվեն: Բոլորը փորձառու դերասաններ են ուզում, բայց նրանք ինչ-որ տեղ պետք է փորձ ձեռք բերեն: 


Արձագանքները

Սովորաբար դրական արձագանքներն ինձ համար ստացված ֆիլմի ցուցիչ չեն: Տարիների փորձը ցույց է տալիս, որ մենք անկեղծության խնդիր ունենք: Սովորաբար ավելի բարի ու դրական կարծիքներ են արտահայտում, խնայում են հեղինակներին: Իմ շրջապատում հազվագյուտ մարդիկ կան, որոնց հետ կարող ենք նստել ու թերությունները քննարկել: Ես հենց իրական կարծիքներն եմ ուզում լսել:

Միեւնույն է, ամեն օր վերլուծում եմ ֆիլմն ու բացթողումները տեսնում, գիտեմ, թե դրանք հղկելու ուղղությամբ ինչ աշխատանքներ պիտի տանեմ: 

Իհարկե, ցանկություն կա նոր ֆիլմ նկարել ու այդ իմ նշած սխալներն ուղղել: Նոր աշխատանք է սպասվում, որի մասին դեռ բարձրաձայնել չեմ կարող:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ PersonaJe Films-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW