Մինչ ամբողջ աշխարհը շունչը պահած հետևում էր 2026 թվականի Աշխարհի առաջնության թեժ ու դրամատիկ հանդիպումներին, ֆուտբոլային տոնի անբաժանելի մասն էին դարձել ոչ միայն մարզական էմոցիաները, այլև նորաձևությունը: Ֆուտբոլիստների գեղեցիկ ու ոճային կողակիցները վաղուց արդեն դուրս են եկել պարզապես «տրիբունայում երկրպագելու» կարգավիճակից. նրանք փոխում են նորաձևության կանոնները թե՛ մարզադաշտերում, թե՛ կարմիր գորգերին և թե՛ առօրյայում:
Եկեք մի պահ կտրվենք խաղային տակտիկաներից և խոսենք նրանց մասին, ովքեր թելադրում են սպորտային աշխարհի ամենաթեժ թրենդները։ Ահա ամենահայտնի ֆուտբոլիստների ամենաոճային կողակիցները, ում յուրաքանչյուր կերպարը իսկական սենսացիա է։
Անտոնելա Ռոկուզո (Լիոնել Մեսսի կինը)
Ի տարբերություն շատ ֆուտբոլիստների կանանց, ովքեր սիրում են ճչացող ու չափազանց ճոխ հագուստներ, Անտոնելան տարիներ շարունակ ընտրում է պարզ, բայց շատ էլեգանտ ոճ: Դրա լավագույն օրինակը Աշխարհի առաջնության ժամանակ էր. նա պարզապես հագնում էր Արգենտինայի հավաքականի մարզաշապիկը, սովորական կապույտ ջինսեր ու դրանք համադրում Chanel-ի փոքրիկ պայուսակի հետ:
Անտոնելային հաճախ են հրավիրում հայտնի բրենդների, օրինակ՝ Louis Vuitton-ի ու Saint Laurent-ի ցուցադրություններին: Այնտեղ նա սովորաբար լինում է միագույն, կոկիկ կոստյումներով կամ կաշվե զգեստներով, որոնք միանգամից գրավում են բոլորի հայացքները։ Նա երբեք չի չարաշահում դիմահարդարումն ու մեծ զարդերը: Անտոնելան նաև Tiffany & Co. ոսկերչական բրենդի դեմքն է, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է նրա անթերի ու նուրբ ճաշակը։
Ջորջինա Ռոդրիգես (Կրիշտիանու Ռոնալդուի կողակիցը)
Եթե Անտոնելան պարզություն է սիրում, ապա Ջորջինան բացարձակ շքեղության ու լյուքս ոճի թագուհին է: Նա աշխարհի ամենահայտնի բրենդների դեսպանն է, իսկ նրա կյանքի մասին Netflix-ի ռեալիթի շոուն միլիոնավոր դիտումներ ունի: Ջորջինայի յուրաքանչյուր մուտքը վերածվում է իսկական սենսացիայի: Ժամանակին բոլորին պարզապես հիացրել էր նրա շքեղ ու թանկարժեք նշանադրության մատանին, որը երկար ժամանակ քննարկում էր ամբողջ համացանցը։
Նրան հաճախ կարելի է տեսնել Hermes-ի ամենահազվագյուտ ու թանկարժեք պայուսակներով, Chanel-ի կամ Dior-ի վերջին հավաքածուների հագուստով: Ջորջինան սիրում է ընդգծված, սեքսուալ ու համարձակ կերպարներ, և պատահական չէ, որ արդեն երկու տարի է, ինչ նրան հրավիրում են նաև նորաձևության ամենաբարձրակարգ իրադարձությանը՝ Met Gala-ին:
Ի տարբերություն մյուսների, նա երբեք չի վախենում չափից շատ ուշադրությունից. մեծ սիրով կրում է հսկայական ադամանդե զարդեր ու վառ դիմահարդարում: Նրա ոճը ապացուցում է, որ ֆուտբոլային աշխարհում կարելի է փայլել իսկական հոլիվուդյան աստղի պես:
Էսթեր Էքսպոզիտո (Կիլիան Մբապեի կողակիցը)
Իսպանացի հայտնի դերասանուհի և մոդել Էսթերը, ում բոլորը սիրեցին Netflix-ի «Էլիտա» սերիալից, նորաձևության աշխարհում իր համարձակ ու տարբերվող ոճով է հայտնի։ Նա նախընտրում է շատ ակտուալ, երիտասարդական ու թեժ լուքեր՝ 2000-ականների ոճի տաբատներ, կարճ թոփեր ու կաշվե բաճկոններ։
Նրա յուրաքանչյուր կերպարը, լինի դա կարմիր գորգին, թե առօրյայում, միանգամից գրավում է բոլորի ուշադրությունն ու դառնում համացանցի ամենաքննարկվող թեմաներից մեկը։
Միշել Հերցիգ (Տիբո Կուրտուայի կողակիցը)
Իսրայելցի հայտնի մոդել Միշելը ֆուտբոլային աշխարհի ամենանուրբ ու լուսավոր կերպարներից է: Ունենալով մոդելային մեծ փորձ՝ նա հստակ գիտի, թե ինչպես ցանկացած հագուստով տարբերվող տեսք ունենալ:
Միշելի ոճը շատ թեթև է, թարմ ու ամառային: Առօրյայում նա նախընտրում է նուրբ գույների զգեստներ, ջինսե բաճկոններ ու պարզ լուքեր, որոնք ընդգծում են իր բնական գեղեցկությունը: Իսկ կարմիր գորգերին նա միշտ փայլում է հոլիվուդյան աստղերի պես՝ ընտրելով էլեգանտ ու շքեղ երկար զգեստներ: Նա երբեք չի ծանրաբեռնում իր կերպարները վառ դիմահարդարմամբ, ինչի շնորհիվ նրա յուրաքանչյուր կերպար շատ բնական ու կանացի է ստացվում:
Վիկտորյա Բեքհեմ (Դևիդ Բեքհեմի կինը)
Անհնար է խոսել ֆուտբոլային աշխարհի ոճային կանանց մասին ու չնշել Վիկտորյային, չէ՞ որ հենց նրանից է ամեն ինչ սկսվել: Նա այս ամենի իսկական հիմնադիրն ու թագուհին է։ Վիկտորյան մինչ օրս համարվում է աշխարհի ամենաոճային կանանցից մեկը, իսկ նրա ամուսինը՝ բոլոր ժամանակների ամենաոճային ֆուտբոլիստը:
Վիկտորյայի ոճը տարիների ընթացքում դարձել է բացարձակ էլեգանտության սիմվոլ: Նա վաղուց արդեն պարզապես ֆուտբոլիստի կին չէ, այլ նորաձևության համաշխարհային տան հիմնադիր ու դիզայներ: Նրա այցեքարտն են դարձել կատարյալ ձևվածքով կոստյումները, երկար վերարկուները, միդի զգեստներն ու, իհարկե, իր հայտնի մեծ արևային ակնոցները: Վիկտորյան այն կինն է, ով ստեղծեց «ֆուտբոլիստի ոճային կողակից» հասկացողությունն ու ապացուցեց, որ նորաձևությունը կարող է դառնալ մեծ կայսրություն:
Այսպիսով, ֆուտբոլային աշխարհի ամենահայտնի կանայք վաղուց արդեն դուրս են եկել պարզապես «ֆուտբոլիստի կողակից» լինելու սահմաններից: Այս կանայք ապացուցում են մի կարևոր փաստ. նորաձևությունը միայն թանկարժեք հագուստը չէ, այլ սեփական տեսակն ու ինքնատիպությունը աշխարհին ճիշտ ներկայացնելու արվեստ: Նրանք ոչ միայն փայլում են իրենց ամուսինների կողքին, այլև իրենք են թելադրում համաշխարհային թրենդներն ու ներշնչանք դառնում միլիոնավոր աղջիկների համար:
Լիանա Թեհմուրյան


×
246






