36 տարեկանում կյանքից հեռացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը:
«Խոր վշտով հայտնում ենք մեր սիրելի Հեյդենի ողբերգական կորստի մասին։ Նա բնության անհավանական ուժ էր ու լույս, որն անսահման սեր եւ ուրախություն էր պարգեւում բոլորին, ովքեր ճանաչում էին նրան, ինչպես նաեւ երկրպագուներին», - իր հայտարարության մեջ նշել է դերասանուհու հայրը՝ Սկիպ Փանեթիերը:
Մահվան պատճառը չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ դերասանուհին նախկինում բախվել է կախվածությունների (թմրանյութեր, ալկոհոլ) եւ դեպրեսիայի հետ: Փանեթիերը վերականգնողական բուժում էր անցել եւ 2020 թվականից պայքարում էր առողջ կյանք վերադառնալու համար:
Երկու տարի առաջ լուրեր էին շրջանառվում, որ կրկին սկսել է խմել ու թմրանյութեր օգտագործել: Դերասանուհին հերքեց այդ ենթադրությունները՝ նշելով, որ սգում է կրտսեր եղբոր մահն ու քնի հետ կապված խնդիրներ ունի։ 2023-ին նրա 28-ամյա եղբայրը՝ դերասան Ջենսոն Փանեթիերը, հանկարծամահ էր եղել Նյու Յորքի իր բնակարանում:
Հեյդեն Փանեթիերը դերասանուհի եւ մոդել էր: 8 ամսականից սկսած՝ գովազդներում էր նկարահանվել, իսկ 4 տարեկանում նորամուտը նշել «Մեկ կյանք՝ ապրելու համար» սերիալում: 11 տարեկանում արժանացել էր մրցանակի՝ Դիսնեյի «Հիշիր տիտաններին» ֆիլմում իր դերի համար: Դերասանուհին նկարահանվել է 2000-ականների հայտնի մի քանի կատակերգությունում, «Նեշվիլ» սերիալում դերակատարման համար երկու անգամ «Ոսկե գլոբուս»-ի է առաջադրվել:
2009 թվականից Փանեթիերը հանդիպում էր ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ։ 2013-ին զույգը նշանադրվել էր, իսկ մեկ տարի անց ծնվել էր նրանց դուստրը՝ Կայա Եվդոկիա Կլիչկոն։ 2018 թվականին դերասանուհու կախվածությունների պատճառով նրանք բաժանվեցին, ինչից հետո դուստրը հոր հետ տեղափոխվեց Ուկրաինա:


×
357






