Քրիշտիանու Ռոնալդուն ու Ջորջինա Ռոդրիգեսն oգոստոսի 11-ին ամուսնացան Պորտուգալիայում: Հարսանիքի մանրամասներ զույգը հայտնել է Vogue ամսագրին ու նաեւ լուսանկարներով է կիսվել:
Պարզվում է՝ հարսանիքի օրը պատահական չեն ընտրել: 10 տարի առաջ հենց այդ օրն են նրանք ծանոթացել Մադրիդի Gucci խանութում, որտեղ Ջորջինան վաճառող էր աշխատում: Պատահական չէ, որ հարսանեկան զգեստները նրանց համար պատրաստել է Gucci-ի ստեղծագործական տնօրեն Դեմնա Գվասալիան:
«Անհավանական է, թե ինչեր են խոսում մեր հարսանիքի մասին: Բայց այն Դուա Լիպայի կամ Թեյլոր Սվիֆթի պես շքեղ չենք կազմակերպել, պարզապես ամուսնացել ենք մեր հյուրասենյակում՝ երեխաների ներկայությամբ», - անկեղծորեն պատմել է Ռոդրիգեսը:
Արարողությունից հետո նրանք ուղեւորվել են Ֆաթիմայի Աստվածածնի սրբավայր, որտեղ քահանան նրանց օրհնել է։ Ռոդրիգեսն ավելացրել է, որ առաջիկայում իրենց հարազատների ու ընկերների համար նաեւ մեծ հարսանիք են կազմակերպելու:
«Փոքր տարիքում երազում էի մեծ ամրոցի, ամենամեծ կառքի, ամենաերկար զգեստի ու ադամանդակուռ թագի մասին: Իսկ հիմա ես մտերմիկ բան եմ ուզում մեր տանը՝ սիրելիիս ու երեխաների հետ, որովհետեւ ամրոցներ, տներ, կղզիներ, ձիեր, մեքենաներ՝ ամեն ինչ ունենք: Մեզ համար անսովորը հենց միասին անցկացրած ջերմ պահերն են»,- պատմել է Ջորջինան:
Զույգը մեղրամսի չի մեկնել, քանի որ Քրիշտիանու Ռոնալդուն պետք է միանար իր թիմին՝ «Ալ Նասր»-ին, որը հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի առաջնությունում: Ի դեպ, հարսանիքից 41-ամյա Ռոնալդուն վերադարձել է մազերի նոր գույնով ու բոլորին զարմացրել:


×
441






