Թատրոնի եւ կինոյի դերասանուհի Նարինե Պետրոսյանի համար տարին հագեցած է նոր նախագծերով ու ներկայացումներով: Նա Bravo.am-ի «Բացահայտում» շարքի համար պատմել է իր նախասիրությունների, դուստրերի ու սիրելի բույսերի մասին:
- Արվեստի երեք գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:
- Առաջին հերթին՝ Ֆրանց Շուբերտի «Ավե Մարիա»-ն, Միքելանջելոյի «Պիետա»-ն եւ Սիքստինյան կապելլան։ Շատ են ազդել ու տպավորել։
- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ վերջերս եք իմացել Ձեր մասին։
- Շատ վաղուց եմ ինքս ինձ բացահայտել (ծիծաղում է,-հեղ.):
- Դերասանի մասնագիտությունն ընտրելու կարեւոր շարժառիթները:
- Անկեղծությունը, ներքին կռիվը եւ ինքնաարտահայտվելու ցանկությունը:
- Ի՞նչ է փոխանցում այս մասնագիտությունը, որ ուրիշ ոչ մի տեղից հնարավոր չէ ստանալ:
- Ներկա պահի հետ հաղորդակցություն, հանդիսատեսի եւ դերասանի միջեւ հոգեւոր շրջապտույտ։
- Բեմ դուրս գալու հետ կապված ապրումները:
- Շատ փոփոխական են լինում: Եթե մասնագիտությանդ հարգանքով ես մոտենում, միշտ վախ, անհանգստություն եւ հուզմունք կա, բայց նաեւ՝ բերկրանք։
- Ինչո՞ւ է թատրոնն այդքան հարազատ Ձեզ:
- Ինքնաարտահայտվելու, մարդկանց մեջ հոգեւոր մի բան շարժելու եւ գեղեցկն արթնացնելու ցանկության համար:
- Ձեր 3 ամենասիրելի դերերը:
- Բոլոր դերերն էլ շատ հարազատ են, բայց երկուսն են ինձնից մեծ էմոցիաներ տարել, ու դրանց շատ եմ տրվել: Ամենակարեւոր ու իմ սիրած կերպարներց մեկը, որը հիմա էլ խաղում եմ, «Օրնիֆլ» ներկայացման մադմուազել Սյուպոն է: Մյուսը, որն այժմ չեմ խաղում, «Հոլիվուդ, Hollywood»-ից Լիբի Թակերն է: Այն թեթեւակի զուգահեռներ ունի իմ կյանքի հետ: Իրականում սիրելի դերերս շատ են. ամեն մեկի հետ նոր ճանապարհ եմ անցել, ու դրանք, ասես, իմ կյանքի տարբեր փուլերի երեխաները լինեն. դժվար է առանձնացնել։ Բայց կան խորքային կերպարներ, որոնց մոտենալու համար ավելի երկար ճանապարհ եմ անցել ու դրանց հասնելու համար ավելի մեծ քայլ կատարել: Դերերի տարբերությունն եմ սիրում ու ամեն տեղ տարբեր կերպ ներկայանալու հնարավորությունը։ Հենց այդ հակադրություններն են ինձ դուր գալիս:
- Ստեղծագործելու ամենահաճելի ու դժվար կողմերը:
- Դժվարն այն է, որ ներքին ապատիկ ու դեպրեսիվ վիճակում ես լինում, եւ ոչինչ չի ստացվում։ Իսկ ամենահաճելին նման պահերից ու պատնեշների հանդիպելուց հետո նոր ճանապարհ գտնելն է։ Երբ չի ստացվում, ու մեկ էլ նոր մտքեր են հորդում, հասկանում ես՝ կարողացար։
- 3 ռեժիսոր, որոնք ամենաշատն են ոգեշնչել:
- Իմ առաջին ռեժիսորն ու ուսուցիչը, ով աշխարհայացքս է ձեւավորել ու սովորեցրել, թե արտիստն ինչպիսին պիտի լինի, լուսահոգի Արմեն Մազմանյանն է: Գիտելիքների մեծ պաշար ունեի հավաքած ու եկա ի ցույց դնելու Արմեն Խանդիկյանի մոտ: Եվ երրորդը Հրաչյա Հարությունյանն է. նա այս պահին ինձ համար արտիստ տեսակի ուղեցույցն է, իր մեջ կրում է իրական արվեստագետի ողջ արժեքային համակարգը: Մեծ ճանապարհ եմ անցել ու շատերի հետ աշխատել: Չեմ կարող չնշել նաեւ Գրիգոր Խաչատրյանին, որի հետ շատ հետաքրքիր մի քանի ներկայացում ունեմ, Արեն Վաթյանին, Հրաչ Քեշիշյանին, Սուրեն Շահվերդյանին, Ժան Նշանյանին, բայց իմ կյանքում մեծ հիմնասյուներն այդ երեքն են եղել:
- 3 թատրոն, որ գերել են Ձեզ:
- Սկսնակ դերասանի համար առաջին տպավորություններն ու էմոցիաները շատ կարեւոր են, որովհետեւ մենք պիտի ինչ-որ տեղից լցվենք, ոգեւորվենք ու հասկանանք՝ սա մեր մասնագիտությունն է: Հուրախություն ինձ՝ առաջին մեծ տպավորությունները ստացել եմ Մոսկվայում՝ Սովրեմեննիկում, Տագանկայում, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում (ՄԽԱՏ): Կնշեմ նաեւ «Հայֆեստ»-ի շրջանակում դիտածս մի ներկայացում. Ուլան Ուդեից «Չելովեկ» թատրոնը պարային ու պլաստիկ լուծումներով ներկայացում էր բերել։ Իմ կյանքում քիչ ներկայացումներ են եղել, որ այդպես ազդեն: Այն դիտելուց հետո ունեցած էմոցիաներս երբեք չեմ մոռանա։ Հասկացա, որ մարդկային հնարավորություններն անսահման են, եթե նա ուզում է դրանք ընդլայնել ու աշխատել ինքն իր վրա: Խորանալու եւ սեփական ունակությունների մեջ մխրճվելու անսահման տեղ կա։ Մարդ որքան ուզի, այնքան ինքն իրեն կբացահայտի ու կկատարելագործի, ուղղակի ամեն մեկի ընտրությունն է՝ որքան ընկղմվել ինքնաճանաչման մեջ։ Նաեւ շատ տպավորիչ բալետային ներկայացումներ եմ դիտել, դրա համար բալետն իմ կյանքում մի ուրիշ տեղ է զբաղեցնում:
- Դերասանուհիներ, որոնց կցանկանաք մարմնավորել նրանց կենսագրական ֆիլմերում:
- Օդրի Հեփբըրնին ու Մերիլ Սթրիփին, թեեւ նրանց նման չեմ:
- Ձեր սիրելի դերասանների որակները, որոնք կուզեիք Դուք էլ ունենալ:
- Ինձ համար անգնահատելի է Մերիլ Սթրիփը: Դերերի այն բազմերանգ գունապնակը, որ նա է ցույց տվել, քչերն են իրենց կարիերայի ընթացքում ունեցել։ Նրա բազմապլան լինելն ինձ միշտ հիացրել է, ու նրանով միշտ ոգեւորված եմ եղել: Դրա հետ մեկտեղ ինձ դուր է գալիս Սթրիփի՝ մտածող դերասանուհու տեսակը: Իմ աշխատանքներում միշտ հնարավորություններիս սահմաններում փորձում եմ այդպիսին լինել եւ ամեն աշխատանքի յուրովի մոտենալ: Ձգտում եմ հասկանալ՝ այս պահին ու այստեղ ինչ եմ անում, ո՞րն է անելիքս, ո՞ւր եմ գնում եւ ինչո՞վ է այս աշխատանքս տարբերվելու մյուսներից։ Ինձ ամենաշատը դա է հետաքրքիր:
- Հայ ու համաշխարհային լավագույն դերասանները:
- Շատերի խառնվածքով եմ հիանում: Հավանում եմ Գլեն Քլուոզին, Ալիսա Ֆրեյնդլիխին, Ալլա Դեմիդովային ու Մարգարիտա Տերեխովային։ Ինձ դուր են գալիս նաեւ Էմմա Սթոունը, Քեյթ Բլանշեթը, Քսենյա Ռապոպորտը: Դերասանուհու տեսակներ կան, որոնք ինձ համար քննարկման ենթակա չեն. նրանք լրիվ այլ մակարդակի վրա են գտնվում:
- Ինչո՞ւ եք սիրում կամ հակառակը՝ այդքան էլ չեք նախընտրում տարվա այս եղանակը։
- Ամառը սիրում եմ իր բոլոր լավ ու վատ կողմերով, որովհետեւ իմ հոգին ու մարմինն այդ ժամանակ ազատության եւ վայելքի մեջ են (ծիծաղում է,-հեղ.):
- Ունե՞ք ամառային հատուկ սովորություն կամ արարողակարգ։
- Ամռանը բնության հետ կապն ավելի հեշտ է ստացվում: Գարնան ավարտին փոքրիկ պատշգամբս փորձում եմ տեսքի բերել ու ամեն ինչ անել, որ իմ ծաղիկներն ու բույսերը ծաղկեն: Ջրում եմ, պարարտանյութ լցնում, խնամում, գուրգուրում, աղոթում (ծիծաղում է,-հեղ.), որ ամեն ինչ ստացվի: Զգում եմ, որ բնության հետ կապի մեջ եմ մտնում ու այդ ամենի մի մասը դառնում, ինչից ինձ լավ եմ զգում:
- Ինչպե՞ս է ամառը ազդում Ձեր ստեղծագործական էներգիայի վրա։
- Չեմ կարծում, որ եղանակն է ազդում ստեղծագործական էներգիայի վրա, թեեւ շատ շոգը խանգարում է: Վերջերս մեր «Սեւ ու սպիտակ մածուն» ներկայացումն էինք խաղում, դահլիճում ահավոր շոգ էր, ու չեմ կարող ասել, որ դա աշխատանքային առումով լավ էր ազդում մեզ վրա: Ավելի հարմար է աշնանն ու գարնանը խաղալ: Ունեցել եմ նաեւ բնության մեջ խաղալու փորձ, ինչն ազատ թռիչքի է տրամադրում:
- Ո՞րն է կատարյալ ամառային ժամադրությունը։
- Արեւ, սառը սուրճ, ծով, բնություն, կանաչ խոտ եւ հանդիպում բնության հետ։
- Մայրիկ լինելու ամենահաճելի կողմերը:
- Հենց մայր լինելն է: Քեզ տրված է այդ օրհնությունը։ Կարող ես հետեւել ու տեսնել, թե ինչպես են երեխաներդ մեծանում, փոխվում, մեծ, հասուն ու գիտակից անձնավորություններ դառնում։ Չկա ավելի մեծ բերկրանք, քան տեսնել, որ արդեն երեխաներդ են հաջողությունների հասնում:
- Իսկ մի քիչ հոգնեցնողնե՞րը:
- Հոգնեցնող կողմը կախված է կենցաղի ու առօրյայի հետ։
- Ձեր աղջիկների հետ ամենասիրելի զբաղմունքը:
- Շատ-շատ են սիրելի զբաղմունքները, բայց ամենակարեւորն այն է, որ ինչ էլ անեք՝ պատրաստեք, ճամփորդեք, գնումների գնաք, թե տանը մաքրություն անեք, այդ ընթացքում իրար հետ շփվեք, անգամ վիճեք, բայց իրար հետ հաղորդակցվեք ու կապի մեջ լինեք: Կիսվեք կարծիքներով, տպավորություններով, էմոցիաներով եւ իրար հետ հոգեւոր կապ ունենաք:
- Ի՞նչ եք սովորում նրանցից:
- Վերջին միտումները (ծիծաղում է,-հեղ.): Եթե ժամանակին ինձ էի համարում միտումների առաջատար կրող, այս պահին հասկանում եմ, որ արդեն իրենք են։
- Ի՞նչ նոր արհեստի կամ հնարքների կուզեիք տիրապետել:
- Մեկ-մեկ այնքան տարբեր մտքեր են ծնվում։ Օրինակ՝ կուզեի այգեպան լինել (ծիծաղում է,-հեղ.): Տարածք վերցնել ու խնամել այն: Մեկ էլ, իհարկե, շատ եմ սիրում դիզայնի ու տան կահավորման հետ կապված ամեն ինչը։ Ինձ միշտ հետաքրքրել են դրան վերաբերող հաղորդումներն ու ամսագրերը:
- Երեւանում Ձեզ համար ամենագողտրիկ եւ սիրելի երեք վայրերը:
- Քանի որ Կասկադը տանս մոտ է, սիրում եմ երբեմն վերեւի աստիճաններին միայնակ նստել ու նայել սիրուն, բազամլուսային ու տրամադրություններով լի քաղաքին: Երեւի թե ամենագողտրիկ վայրերից մեկը Աբովյան-Մոսկովյան-Տերյան փողոցներում գտնվող այգիներն ու պուրակներն են: Այդտեղ է նաեւ տատիկիս ու պապիկիս բակը. իմ մանկությունն ու դպրոցը այդ տարածքի հետ են կապված: Սրտիս մոտ ու նվիրական վայրեր են: Երբեմն առանձնանալու համար գնում եմ տատիկիս ու պապիկիս բակ եւ նստում այնտեղ:
- Ի՞նչ սովորությունից կուզեիք ազատվել ու նաեւ ձեռք բերել:
- Բոլորս էլ թուլություններ ունենք: Այն, ինչ չեմ ուզում հարյուր տոկոսով անել եւ ինձ չի ոգեւորում, երբեմն հետաձգում եմ կամ խուսափում դրանից: Բայց նաեւ աշխատում եմ այդ ուղղությամբ, որովհետեւ գիտեմ՝ հարցի լուծում չէ: Հենց այդ հատկությունից կուզեի հրաժարվել:
- Առաջինն ի՞նչ կասեն Ձեզ ճանաչող մարդիկ, երբ հարցնենք Ձեր մասին:
- Հաճախ մարդիկ տեսնում են ոչ թե այն, ինչ իրականում կա, այլ այն, ինչ իրենք են ուզում տեսնել: Դա մեծապես կախված է նրանից, թե ամեն մեկն ինքնազարգացման որ փուլում է գտնվում եւ ինչպես է մարդկանց ընկալում: Կարող ես աշխարհի ու քո հանդեպ բացասական տրամադրված լինել եւ դիմացինի մեջ միայն վատը տեսնել։
- Ինչի՞ց եք հրաժարվել այս տարի կամ պատրաստվում եք հրաժարվել:
- Հրաժարվում եմ ավելորդ ու հին իրերից՝ պոկված ու ջարդված, որոնք ինձ խանգարում են: Դրանք թափում եմ ու փորձում շուրջս մաքուր պահել: Ու նաեւ ամեն օր ինքս ինձ հետ կռիվ եմ տալիս, որպեսզի հրաժարվեմ իմ վատ հատկություններից ու սովորություններից: Միշտ մտածում եմ ինքս ինձ հղկելու ու լավը դառնալու մասին:
- Այս տարվա լավագույն ու գեղեցիկ պահը Ձեզ համար:
- Այս տարին ինձ համար շատ հետաքրքիր է սկսվել. 3 ներկայացման պրեմիերա եմ ունեցել եւ 2 ֆիլմում նկարահանվել։ Ինձ համար խիտ ու նոր ճանապարհների ընթացք էր, բայց ամենահաճելի ու հուզիչ պահն այն էր, որ աղջիկս ընդունվեց Ֆլորենցիայի Պոլիմոդա ինստիտուտ։ Օրեր շարունակ պատասխանի էինք սպասում, արդեն կսկիծի ու կասկածի մեջ էինք, եւ, չգիտես ինչու, որոշեցի անպայման եկեղեցի գնալ: Մոտ մեկ ժամ այնտեղ նստեցի իմ մտքերի հետ. «Այնպես լինի, որ աղջկաս ճանապարհը բացվի»: Չեմ չափազանցնում, դուրս եկա, ու մի քանի րոպե անց աղջիկս զանգեց եւ ասաց. «Մամա, ինձ նամակ է եկել. ընդունվել եմ»: Դրանից ավելի հուզիչ պահ չի եղել ինձ համար:
- Հենց հիմա ի՞նչ է Ձեզ պակասում:
- Միայն ամառային հանգիստը։
- Ամենաշատն ինչի՞ համար եք շնորհակալ:
- Նրա համար, որ ապրում եմ, կողքիս են սիրելի մարդիկ, նրանց հետ վայելում եմ ամեն օրը, ուրախանում նրանց ներկայությամբ: Ունեմ սիրելի աշխատանք, շնորհակալ եմ եւ ուրախ, որ ամեն ինչ լավ է։
- Ի՞նչ եք միշտ ցանկացել անել, բայց վախեցել եք:
- Ինքս ինձ անվերջ բացահայտելու ու թերություններս հղկելու ճանապարհին եմ: Ուզում եմ ավելի համարձակ լինել ու չվախենալ ցանկանալ այն, ինչ ուզում եմ:
- Ի՞նչ խորհուրդ կտայիք Ձեզ տասը տարեկանում:
- Ավելի շատ ուժ ու ջանք գործադրել, ավելի համարձակ եւ պայքարող լինել։
- Իսկ ութսուն տարեկանում ի՞նչ կասեք:
- Դու ծիտիկ ես անգամ ութսունում (ծիծաղում է,-հեղ.): Ուզում եմ դրական բան ասել, որ կյանքում ամեն պահն էլ կարելի է վայելել ու 80-ում ուրախանալ քո գոյությամբ:
- Ի՞նչ կա 2026-ին Ձեր անպայման անելու ցանկում ու ի՞նչ եք արդեն հասցրել կյանքի կոչել:
- Պլաններիս մասին չեմ ուզում խոսել: Առաջարկներ կան, բայց այս պահին չեմ բացահայտի: Կարեւոր նպատակներս երեխայիս ուսման ու աշխատանքային նոր նախագծերի հետ են կապված։
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Վիգեն Մնոյանի, Bravo.am-ի եւ Նարինե Պետրոսյանի անձնական արխիվից


×
410







