×


«Մեծ անհատականություն եւ լավագույն հայրիկ, քեզ շատ եմ կարոտում». Ալեքսանդր Գրիգորյանի ծննդյան օրն է

Այսօր Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 90 տարեկան: 

Լուսահոգի թատերական գործչի դուստրը՝ բեմադրիչ Նորա Գրիգորյանը, այս առիթով գրել է. «Մեր սիրելի հայրիկ: Դու հայր էիր ոչ միայն քո մեծ ընտանիքի, երեխաների ու թոռների համար, այլեւ շատ-շատերի։ Դու լույս ես, որը շարունակում է փայլել, ուժ ու հույս տալ ամենադժվար պահերին։ Աստղ ես, որը փայլում է կորած ու թափառող հոգու համար։ Տուն ես, որը հավաքում է իր բոլոր ամենամտերիմ մարդկանց ու նրանց պարուրում ջերմությամբ եւ պայծառ հիշողություններով։ Պապա ջան, քեզ շատ եմ կարոտում, ցավագին շատ: Քեզ շատ եմ սիրում, անչափ ու աննկարագրելի շատ։ Մեծ անհատականություն, առատաձեռն հոգի եւ աշխարհի լավագույն հայրիկ»:


Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը եւս շնորհավորել է անվանի ռեժիսորին. «Կան մարդիկ, որոնց անհնար է չափել միայն ամսաթվերով, վերնագրերով ու ներկայացումներով։ Նրանց ներկայությունը մնում է այն մարդկանց հիշողություններում, որոնց ժամանակին բախտ է վիճակվել հանդիպել: Ալեքսանդր Սամսոնովիչը հենց այդպիսին էր: Ստանիսլավսկու թատրոնը նրա կյանքի մեծ մասն էր կազմում։ Այստեղ նա ստեղծագործում էր, որոնում, հավատում եւ խորապես անհանգստանում յուրաքանչյուր ներկայացման ու դերասանի համար։ Այստեղ է մնացել նրա հոգու մի մասը: Այսօր նա այլեւս մեզ հետ չէ, բայց կա մի բան, որն ուժեղ է ժամանակից՝ հիշողությունը։ Այն ապրում է թատրոնի պատերի ներսում, գործընկերների պատմություններում, իր ոգեշնչած դերասանների կյանքում եւ այն ակնթարթներում, երբ վարագույրը բարձրանում է, ու թատրոնը կրկին կենդանանում է։


Մենք հիշում ենք Ալեքսանդր Սամսոնովիչին ոչ միայն որպես Հայաստանի ժողովրդական արտիստի ու ռեժիսորի, այլ ամենից առաջ որպես մարդու, ով իսկապես սիրում էր թատրոնը։ Շնորհավոր ծնունդդ, Ալեքսանդր Սամսոնովիչ»:

Ալեքսանդր Գրիգորյանը մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 31-ին՝ 81 տարեկանում: Իր հարցազրույցներից մեկում նա այսպիսի խոստովանություն է արել. «Ուսանողական տարիներից պարզապես շնչել եմ թատրոնով, կարելի է ասել՝ իսկապես այնտեղ ապրել եմ, ծառայել նրան ու հավատարիմ եղել: Երբ ողջ չեմ լինի, ու կնշեն ռուսական թատրոնի 100-ամյակը, կուզեմ տոնակատարության ժամանակ իմ անունն էլ հիշեն»:

Կարդալ ավելին

Quality Sign BW