Նույնիսկ եթե կյանքում թենիսի ոչ մի խաղ չեք դիտել ու չգիտեք, թե ինչ է «Ուիմբլդոնը», այս լուքերը ձեզ հաստատ կստիպեն սիրահարվել այս սպորտին։ Այս մրցաշարն ունի իր յուրահատուկ ու գեղեցիկ ավանդույթը՝ կորտում գործում է միայն ամբողջովին սպիտակ հագուստ կրելու կանոնը։ Բայց երբ գործին խառնվում են համաշխարհային բրենդներն ու թենիսի աստղերը, սովորական սպիտակը վերածվում է իսկական շոուի։ Ահա այս տարվա 5 ամենատպավորիչ ու քննարկվող կերպարները, որոնք կանաչ կորտը վերածել են իսկական պոդիումի:
Թեյլոր Ֆրից. Կորտի իսկական ջենթլմենը
Լուսանկարը՝ Hugo Boss
Ամերիկացի թենիսիստ Թեյլոր Ֆրիցը կորտ մտավ այնպիսի տեսքով, ասես թենիս խաղալու փոխարեն պատրաստվում էր գնալ հոլիվուդյան երեկույթի։ Նրա այս շքեղ ու էլեգանտ կերպարը ստեղծել է Hugo Boss բրենդը։
Թեյլորը հագել էր ամբողջությամբ սպիտակ, դասական ու շատ ոճային կոստյում։ Կերպարն ամբողջացնում էին նուրբ սպիտակ շարֆն ու ձեռքի մեծ, կաշվե ճամփորդական պայուսակը։ Սա պարզապես գեղեցիկ հագուստ չէր, այլ հետաքրքիր հնարք։ Հենց կորտում՝ հանդիսատեսի աչքի առաջ, Թեյլորը հանեց իր դասական երկար տաբատը, որի տակից հայտնվեցին սպորտային շորտերը։ Թենիսիստը հետո պատմել է, որ դիզայներներին հատուկ խնդրել էր տաբատն այնպես կարել, որ կորտում այն արագ ու հեշտ հանվի։
Մատեո Բերետինի. Իտալական էլեգանտություն
Լուսանկարը՝ Hugo Boss
Իտալացի թենիսիստ Մատեո Բերետինին կորտում և դրանից դուրս միշտ աչքի է ընկնում իր անթերի ու թանկարժեք ոճով։ Լինելով Hugo Boss բրենդի դեմքը՝ նա այս անգամ էլ հիացրեց բոլորին:
Նրա կաթնագույն, թեթև ամառային բաճկոնը՝ նուրբ օձիքով և պարզ սպիտակ պոլո շապիկը ստեղծում են հին իտալական ֆիլմերի հերոսի կերպար։ Չնայած լուքի ամբողջ գեղեցկությանը՝ մրցաշարի կազմակերպիչները Մատեոյին թույլ չտվեցին այս բաճկոնով կորտ դուրս գալ։ Պատճառն այն էր, որ բաճկոնը մաքուր սպիտակ չէր, այլ կաթնագույն , ինչը խախտում էր մրցաշարի խիստ կանոնները։
Նովակ Ջոկովիչ. Դասական ոճի արքան
Լուսանկարը՝ Lacoste
Թենիսի կենդանի լեգենդ Նովակ Ջոկովիչը որոշել էր ցույց տալ, որ սովորական սպիտակ հագուստն էլ կարող է չափազանց թանկ ու ճաշակով տեսք ունենալ։ Նրա այս հանգիստ ու շքեղ կերպարը ստեղծել է
հայտնի Lacoste բրենդը։
Նովակը կորտ մտավ դասական սպիտակ սպորտային պիջակով, որն ուներ շատ նուրբ կանաչ եզրագծեր, իսկ կրծքի հատվածում փակցված էր հենց իր համար պատրաստված հատուկ էմբլեման։ Կորտի կանաչ ֆոնին պիջակի վրայի այդ փոքրիկ կանաչ դետալները լուքը դարձնում են շատ կոկիկ ու աչք շոյող։ Սա կատարյալ օրինակ է հայտնի Old Money ոճի, երբ ոչ մի ավելորդ ճչացող բան չկա, բայց միանգամից երևում է բարձր ճաշակը։
Մարտա Կոստյուկ. Ժանյակավոր էլեգանտություն
Լուսանկարը՝ Wilson
Ուկրաինացի թենիսիստուհի Մարտա Կոստյուկի ուիմբլդոնյան կերպարը միանգամից դարձավ համացանցի ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Նրա այս յուրահատուկ հագուստը ստեղծել է Wilson բրենդը։
Սա պարզապես սպորտային համազգեստ չէ, այլ իսկական արվեստի գործ՝ պատրաստված նուրբ ու թափանցիկ ժանյակներից ։ Զգեստի թե՛ վերնամասը, թե՛ ծալքերով փեշը ամբողջությամբ պատված են գեղեցիկ նախշերով, ինչը նրան տալիս է առանձնահատուկ թեթևություն։
Չնայած իր նուրբ տեսքին՝ հագուստը նախատեսված է հենց պրոֆեսիոնալ ու դինամիկ խաղի համար։
Նաոմի Օսակա. Կորտի ամենահամարձակ թագուհին
Լուսանկարը՝ Getty Images
Նաոմի Օսական հայտնի է նրանով, որ Մեծ սաղավարտի ամեն մի մրցաշարի համար ընտրում է հատուկ, վառ ու տպավորիչ հագուստ, և սա առաջին անգամը չէ, որ նա զարմացնում է բոլորին։ Այս անգամ Nike բրենդի հետ ստեղծված նրա կերպարն իսկական իրարանցում առաջացրեց, քանի որ զգեստը ձևավորված էր ճապոնական ավանդական կիմոնոյի ոճով։
Զգեստի նախշերը ու դետալները հագուստը դարձրել էին շատ հետաքրքիր։ Նաոմին վերցրել էր ճապոնական կիմոնոյի ավանդական գոտին՝ օբին, ու այն հագել սպորտային բաճկոնի ու մեծ, շերտերով ու ծալքերով սպիտակ փեշի հետ։ Իր ազգային մշակույթի ու սպորտային ոճի այսպիսի հետաքրքիր համադրությունը նրան դարձրեց մրցաշարի ամենաոճային հերոսը։
Ուիմբլդոնը հերթական անգամ ապացուցեց, որ մեծ թենիսը միայն մրցակցություն չէ․ այն նաև ոճի, ավանդույթի և ինքնարտահայտման յուրահատուկ հարթակ է, որտեղ յուրաքանչյուր կերպար պատմում է իր պատմությունը։
Լիանա Թեհմուրյան


×
95






