×


Հաց, խաղող եւ տարազ. «Երազ» այգում անցկացվեց «Տարազ ֆեստ 2026»-ը

Ազգային տարազի փառատոնն այս տարի անցկացվեց օգոստոսի 16-ին: Կազմակերպիչները՝ «Տերյան» մշակութային կենտրոնը եւ «Երազ այգի»-ն, ստեղծեցին տարածք, որտեղ հանդիսատեսը կարողացավ ընկղմվել հայկական մշակույթի, ավանդական արհեստների եւ ժամանակակից էթնոդիզայնի մթնոլորտում։

Արդեն երկրորդ տարին է, ինչ «Տարազ ֆեստ»-ն անցկացվում է այս վայրում եւ համընկնում Խաղողօրհնեքին՝ Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին:


Փառատոնի շրջանակում այցելուները կարողացան տեսնել, թե ինչպես են մեր նախնիները հաց թխել։ Ցուցադրությունն ուղեկցվում էր ավանդական երգերով եւ շուրջպարով։ Հյուրերը նաեւ հետեւում էին ազգային տիկնիկների եւ ձեռագործ իրերի ստեղծմանը եւ ծանոթացան այն մարդկանց հետ, ովքեր այսօր պահպանում եւ շարունակում են հայկական ավանդույթները։


«Նման միջոցառումները շատ կարեւոր են, քանի որ համախմբում են ազգը։ Նույնիսկ երգն ու պարը չիմացողները, անգամ օտարերկրացիները գալիս եւ միանում են, ու ձեւավորվում է շատ հետաքրքիր էներգիա եւ ուժ»,- նշել է Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի համաղեկավար Հայարփի Անանյանը։


Նա պատմել է, որ 2025-ին փառատոնը նվիրված էր հարսանեկան ծեսին, իսկ այս տարի՝ հացի ծեսին։ Ընդ որում՝ երկու ծեսերի կենտրոնում գինին է։

«Մասունք»-ի համաղեկավար Լուսինե Մկրտչյանն էլ ավելացրել է, որ հացն ու գինին ավանդաբար հայկական սեղանի զարդն են։ Քանի որ գինին ստացվում է խաղողից, նրանց հաջողվել է կապել փառատոնի թեման Խաղողօրհնեքի տոնի հետ։


Ծրագիրն ամփոփվեց ազգային տարազի ցուցադրությամբ։ Էթնո ոճում ստեղծագործող դիզայներները ներկայացրին իրենց աշխատանքները, իսկ «Տերյան» մշակութային կենտրոնը ցուցադրեց նոր հավաքածուն։ Դրանում միավորված են Հայաստանի տարբեր շրջանների տարազների առանձնահատկությունները, որոնք իրենց արտացոլումն են գտել գունային լուծումներում, ձեւերում եւ զարդանախշերում։


Ցուցադրության ընթացքում հորդառատ անձրեւ տեղաց, եւ ստիպված եղան փոքր-ինչ ընդմիջել. եղանակային պայմաններն անհարմար էին թե՛ հանդիսատեսի, թե՛ մոդելների համար։ Սակայն շուտով անձրեւը դադարեց, եւ հյուրերը կրկին վայելեցին ներկայացվող հավաքածուներն ու տոնական մթնոլորտը:

Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW