«Մի գդալ սեր» ֆիլմի նկարահանումները սկսվել են նախորդ տարվա սեպտեմբերի 9-ին, ու մեկ տարի էլ չանցած՝ այն արդեն մեծ էկրաններին է։
Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը խոստովանում է, որ ցանկանում էր ֆիլմը Սյունիքում նկարահանել, սակայն կես տարվա աշխատանքից հետո պարզ դարձավ, որ դա ֆինանսապես անհամեմատ թանկ է: Որոշվեց «Մի գդալ սեր»-ը նկարել Տավուշում, որտեղ մարզի գեղեցիկ բնությունն ու սարերը շատ ներդաշնակ են Լուսինի (Անի Խաչիկյան) ու Արեգի (Ներսես Ավետիսյան) կերպարների հետ: Երկուսն էլ երիտասարդ են՝ ավյունով ու ստեղծագործելու ցանկությամբ լի: Նրանք խոհարարներ են աշխարհի տարբեր ծայրերում՝ Դիլիջանում ու Բոսթոնում: Եթե մեծահարուստ Արեգը սեփական ռեստորանն ունի ԱՄՆ-ում, ապա Լուսինն ընտանեկան «Մեծ ախորժակն» է փորձում ոտքի կանգնեցնել ու օգնել ծնողներին:
Ամեն ինչ փոխվում է պատահական հանդիպումից հետո: Նրանց պատմությունը լցվում է համեղ բաղադրատոմսերով, գունեղ մթերքներով, փոքրիկ վեճերով ու լեզվակռիվներով, համբույրներով եւ, ի վերջո, սիրով։ Բայց դրան հասնելու համար նրանք նախ պիտի միմյանց ճանաչեն ու վստահեն:
«Հույս ունենք՝ ֆիլմը ջերմություն կբերի եւ կդառնա այն սիրելի աշխատանքներից մեկը, որոնք կան մեր կյանքում, եւ ուզում ենք երբեմն-երբեմն վերադառնալ՝ տաք կակաոյով, պոպկորնով կամ լավ թխվածքով, մանավանդ երբ եղանակը ցրտում է։ Ամառային, տաք ու հաճելի ֆիլմ է ստացվել»,- ասել է ռեժիսորը:
Քեշիշյանը նշել է, որ ֆիլմի սցենարի հեղինակ Արտակ Ալեքսանյանի հետ ավելի վաղ են սկսել աշխատանքները՝ 2024-ի հունվարից. թարգմանել եւ ադապտացրել են գրող Փոփի Ջեյ Անդերսոնի «Կրքի բաղադրատոմս» վեպը, ինչից հետո գիրքը լույս է տեսել նաեւ հայերեն: «Այս ֆիլմի շնորհիվ սիրեցի սցենար գրելը: Պարոն Քեշիշյանն արեն ապահովել է նաեւ երկրորդ ֆիլմը»,- առանց մանրամասներ հայտնելու ասել է Ալեքսանյանը:
Քեշիշյանն ու Խաչիկյանը թեեւ թատրոնում միասին աշխատել են, կինոյում սա նրանց առաջին համագործակցությունն էր. «Անիի հետ աշխատելն առանձնահատուկ հմայք ու ջերմություն ունի։ Ներսես Ավետիսյանի հետ մեր գործակցությունն արդեն 10 տարուց ավելի է: Երջանիկ եմ, որ այսպիսի տաղանդավոր մարդ կա, որի հետ բազմաթիվ լավ գործեր ենք ստեղծել»։
Ռեժիսորը նաեւ պատմել է, թե ինչպես է Մարջան Ավետիսյանը համաձայնել նկարահանվել ֆիլմում: Պարզվում է՝ չի էլ հարցրել, թե ինչ կերպար է մարմնավորելու: «Զանգեցի Մարջիկին ու ասացի. «Պիտի նկարվես, որովհետեւ նոր կինո եմ սկսել», ու կիսատ-պռատ բացատրեցի: Միանգամից համաձայնեց. «Սպասիր՝ գրաֆիկս նայեմ, թե երբ եմ ազատ, այդ օրն էլ նկարահանումները դիր»,- պատասխանեց՝ առանց հարցնելու, թե ինչ է սպասվում»,- կիսվել է նա:
Մարջան Ավետիսյանն էլ ժպիտով ավելացրել է. «Հրաչ, ինձ թվում է՝ դու միակ ռեժիսորն ես, որի առաջարկած բոլոր այն դերերը, որոնք երբեւէ կմերժեի, քեզ մերժել չեմ կարող»։
Նրանք միասին վերջին անգամ աշխատել են 2017 թվականին՝ «Եղիկների կածան» սերիալի նկարահանման հրապարակում: «Քեշիշյանի հետ աշխատելիս նրա սերն եմ սիրում իր դերասանների հանդեպ: Թող ինձ ներեն բոլոր ռեժիսորները, բայց ոնց նա է կարողանում երես տալ դերասանին, ոչ մեկը չի անում։ Դրա մեջ սիրո վայելք կա, ինչը ոչ մի տեղ չես հանդիպի»,- բացատրել է նա:
Քեշիշյանը շարունակել է, որ Ավետիսյանի պես հեշտությամբ նկարահանվելու համաձայնություն են տվել նաեւ Նազենի Հովհաննիսյանը, Գրիգոր Դանիելյանը, Լեւոն Հարությունյանը, Արսեն Գրիգորյան ու Ռաֆայել Երանոսյանը, ինչը, նրա խոսքով, ռեժիսորի համար իսկական երջանկություն է:
Միայն Իննա Խոջամիրյանն է հրաժարվել ֆիլմից, բայց դա էլ իր բացատրությունն ունի. «Իննայիս անձնական կյանքում այդ ժամանակ փոքր դրամա կար, ու ասաց. «Չեմ տրամադրվում»։ Ֆիլմում ունեցանք նաեւ Եվա Զոհրաբյանին ու Մինաս Ասրյանին, որն ինձ համար շատ հետաքրքիր ու տաղանդավոր դերասան է: Անին ու Ներսեսը չգիտեին, որ նկարահանվելու է: Երեքով մտերիմ ընկերներ են ու յուրահատուկ կապ ունեն»։
Ռեժիսորը խոսել է ֆիլմի երաժշտական ձեւավորումից, որը շատ գունեղ է ստացվել: Հնչում են իրարից շատ տարբեր կատարումներ՝ «Earth, Wind & Fire»-ի «September»-ը, Արսեն Գրիգորյանի հիթերից մեկը, իսկ ֆիլմի սաունդթրեքը Ռոլանդ Գասպարյանի «Մի գդալ սեր»-ն է:
«Վերջին օրերին այդ երգն իմ կյանքում այնքան շատ կա. ամենուր հնչում է: Նկարահանումների ընթացքում համագործակցենք «Kami Friends»-ի հետ ու ստացանք Գասպարյանի երգի երկու շատ տարբեր քավեր տարբերակ: Հետո որպես հիմնական կոմպոզիտոր մեզ միացավ Արման Պարսամյանը: Իսկ ավելի ուշ Րաֆֆի Ալթունյանից հաղորդագրություն ստացա. նա չգիտեր էլ, որ ֆիլմ եմ նկարում, ուղղակի Հայկոյից մեղեդի էր ուղարկել։ Ու նրա նվագած այդ փոքր հատվածը որոշեցինք դարձնել բավական մեծ սիմֆոնիա, որը ֆիլմում շատ սիրուն է հնչում: Նաեւ մի շատ լավ միջազգային թրեքի կարիք ունեի, մեկ էլ Իվետա Մուկուչյանը թողարկեց իր նոր ալբոմը, ու խնդրեցի այդ երգերից մեկը»,- պատմել է Քեշիշյանը։
Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
BRAVO.am


×
434






