Գաբրիել սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասաններ Արաքսյա Մելիքյանի եւ Անդրանիկ Զաքարյանի որդին՝ Գուրգենը, արդեն զինվոր է: Դերասանուհին Bravo.am-ի հետ զրույցում պատմել է որդու զինվորական երդման արարողության ու այդ օրն իրենց հույզերի մասին:
- Արաքսյա, սկսենք նրանից, որ Գուրգենն ընտրել է ձեր երկուսի մասնագիտությունն ու նույնպես դերասան է դառնալու: Ինչպե՞ս ընդունեցիք նրա որոշումը:
- Մեզ համար անակնկալ էր. ավելի շատ մտածում էինք, որ ռեժիսուրայի ճանապարհով կգնա: Բայց մեր մտածելը մի բան է, իր ընտրությունն ու սիրելը՝ բոլորովին այլ: Ես էլ, Անդրանիկն էլ Գուրգենին ասել ենք. «Եթե մասնագիտությունդ սիրում ես այնքան, որքան մենք, անպայման շարունակիր, բայց հեշտ չի լինելու, հատկապես՝ տղամարդու համար»։ Ես դեմ չեմ. եթե ընտրել է, կարելի է միմիայն օգնել եւ փորձել նրա համար բացել մասնագիտության գաղտնիքները, որպեսզի ավելի արագ անցնի այդ ճանապարհը։ Բայց դա էլ կապ չունի. սերմն իր ծլելու ժամանակն ունի: Օգնենք, թե ոչ, դառնալու է այն, ինչ պետք է դառնա:
- Այս ամռանը նա ընդունվեց Թատերական ինստիտուտ, դուք էլ կանաչ ճանապարհ մաղթեցիք այս դժվար մասնագիտության մեջ: Ինչպե՞ս էր Գուրգենը պատրաստվել ու ո՞նց հանձնեց քննությունները:
- Նա «Արմենիա» հեռուստաընկերությանը կից կինոռեժիսուրայի կուրսեր է ավարտել Արման Չիլինգարյանի մոտ ու դիպլոմ ստացել: Դիպլոմը դրեց սեղանին եւ ասաց. «Դե, ես գնացի դերասանական»: «Այ մարդ, այդպես ո՞նց կլինի, դրա համար պատրաստվել է պետք, շատ գրականություն կա կարդալու»,- արձագանքեցինք մենք: Բայց Գուրգենը գիտեր՝ ինչ անել: Խուճապի մեջ էի. չէ՞ որ երբ ինքս եմ ընդունելության պատրաստվող ուսանողի հետ պարապում, տանջում եմ ու քրքրում, ու մեկ էլ պարզվում է, որ իմ երեխան կարող է անպատրաստ լինել։ Երկուսս էլ անհանգստացել էինք, մանավանդ՝ Անդրանիկը, որն ամեն ինչում է շատ խառնվում ու ծանր տանում, բայց Գուրգենն իր խաղաղ դեմքով պատասխանեց. «Մամ, կտեսնես՝ լավ է լինելու»։ Գործն ընտրեցինք, բայց պարզվեց, որ դերասան ծնողները չեն կարողանում պարապել իրենց երեխայի հետ (ծիծաղում է,- հեղ.)։
Ամբողջ աշխարհի հետ կարող էի, իմ տղայից բացի, որովհետեւ նա մեզ ամեն դեպքում որպես ծնող է ընկալում, ու փոխհամագործակցությունը չէր ստացվում։ Անդրանիկն էտյուդները պիտի ցույց տար, բայց Գուրգենը ծիծաղում էր, չէր հավաքվում ու լրջանում՝ զուտ նրա համար, որ Անդոյին որպես հայր էր ընկալում, ոչ թե ուսուցիչ: Դրա համար օգնության հասան Նարեկն (Հայկազյան) ու Ծովինարը (Մարտիրոսյան)։ Ասացինք. «Սա՝ դուք, սա՝ մեր երեխան» (ծիծաղում է,- հեղ.)։ Հետագայում ավագներից իմացա, որ այդպես էլ լինում է. ծնողի հետ պարապելը ճիշտ չէ։ Նարեկի ու Ծովինարի կատարած աշխատանքից հետո, բնականաբար, մենք էլ փոքրիկ խորհուրդներ տվեցինք։ Ընդունվեց ու հայտնվեց Սուրեն Շահվերդյանի կուրսում: Գուրգենը շատերին էր տպավորել. նրա մասին լավ բաներ եմ լսել: Ես ու Անդոն «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի Մուրադի դեմքով էինք, որ կարողացավ երկրորդ անվճար տեղը վերցնել: Իհարկե, հիմար խոսակցություններ էլ եղան. «Դե, դերասանների տղա է, այդպես էլ պետք է լիներ»: Բայց դա ոչ մի կապ չուներ. ինքնուրույն է գրավել ռեժիսորների ու հանձնաժողովի սիրտը։ Առաջին քայլը գերազանց արեց. արդեն լուրջ սպասումներ ուներ ու շատ ոգեւորված էր: Դասերն ավելի վաղ էին սկսվել, աշխատանքներ էին կատարել, երբ բանակից ծանուցագիր եկավ։
- Ու եկավ ծառայության մեկնելու ժամանակը: Գիտեմ, որ կարող էր Եվրոպայում մնալ ու չգալ ծառայելու:
- Կատարվեց այն, ինչ ես ամենասկզբում տիեզերական հանգստությամբ ասում էի. «Գուգ ջան, կապրենք՝ կտեսնենք, դու դեռ պետք է ծառայես»։ Ծանուցումը շատ արագ եկավ: Հաջորդ օրը ներկայացավ զինկոմիսարիատ, այդ նույն օրը պետք է Հանրային հեռուստաընկերության սերիալում գլխավոր դերում նկարահանվեր, զանգեց ու ասաց. «Չեմ գալու նկարահանման. գնում եմ ծառայելու»։ Կուզեր այդ դերում նկարվել, բայց լավատեսությամբ ոգեւորեցի. «Դեռ ամբողջ կյանքդ առջեւում է, նախ գնա քո գործն արա»: Ու այդպես, առանց երկար-բարակ պատրաստվելու, հայտնվեցինք զորահավաքակայանում, ինքն էլ գնաց՝ առանց հասկանալու. ոչ կարողացանք ավանդական բանակի քեֆ անել, ոչ էլ մարդկանց տեսնել: Ուղղակի գնաց։
View this post on Instagram
- Արդեն Գուրգենը ծառայում է, երդման արարողությունն էլ եղել է: Այդ օրն ի՞նչ հույզեր ու ապրումներ ունեիք Անդրանիկի հետ:
- Երդման արարողությունն ինձ համար ավելի հուզիչ էր, որովհետեւ արդեն անցել էր կարանտինի շրջանն, ու զինվոր էր: Սկզբից էլ գիտեր, որ պետք է Գերմանիայից վերադառնա ու ծառայի։ Շատ էր ուզում ոչ ինքն իրեն պարտք մնալ, ոչ էլ՝ հայրենիքին: Երեկ նրան Կապան տեղափոխեցին. շատ էր ուզում հենց այնտեղ ծառայել, որովհետեւ մեկուկես ամիս այս քաղաքում ֆիլմում էր նկարահանվել ու շատ հավանել։ Ասաց. «Ջան, այստեղ լավ կծառայեմ»: Որքան էլ հեռու է, իրեն հարազատ թվաց։ Շատ-շատ նամակներ եմ ստացել, որ արցունքս չորացել է: Բայց ես այդպիսի մարդ եմ. ոնց ճանապարհես, այդպես էլ կծառայի ու կգա: Փառք Աստծո, տղաս ինձ է քաշել՝ ժպիտը երեսին է։ Չի կարող 300 տղամարդ մի տեղում հավաքվել, ու խնդիրներ չառաջանան, բայց իր լավատեսությունն ու ժպիտը միշտ լավ տրամադրության մեջ են պահում: Երդման արարողությունից հետո էլ բարձր տրամադրությամբ եկավ, ընկերներին տեսավ եւ ուրախ գնաց։ Գուրգենը շատ ճիշտ ձեւով է նայում աշխարհին, ինչի համար ուրախ եմ: Օրինակ՝ ամուսինս շատ ծանր է տանում՝ մոմ վառել, վատ զգալ, բոլորին խառնել: Այ մարդ, դու քո տղային չե՞ս ճանաչում: Հանգիստ կարող եմ ասել, որ ինքը լավ տիպ է ու ամեն ինչի տակից դուրս կգա։
Մարդը բնածին բարություն ունի, որը շատ կարեւոր հատկանիշ է, իսկ բանակը հետագայում կտա կյանքի ու տղամարդկանց աշխարհում հաստատվելու իր հմտությունները։ Մի խոսքով՝ սպասենք ու հանգիստ գնանք մեր աշխատանքին, որ մեր տղան էլ նույն կերպ ծառայի։
- Ո՞նց եք այս ընթացքում կարողանում հարմարվել ու ապրել առանց ձեր տղայի ներկայության:
- Այդ փորձն արդեն ունեինք. Գուրգենը մոտ 2 տարի ապրել է Գերմանիայում, ու այնպես է ստացվում, որ ավելի երկար է ծառայելու: Հիմա ավելի հանգիստ եմ, որովհետեւ նախ գիտեմ՝ Հայաստանում է, ու կարող եմ տեսնել, իսկ Գերմանիան հեռու էր, բացի այդ էլ՝ միջավայրն էր այլ: Այնքան էլ հեշտ չէր գնալը, չնայած, ինձ կոտորելով, երկու անգամ մեկնեցի։ Երբ այստեղ է, ինձ ավելի ապահով ու հանգիստ եմ զգում: Ի վերջո, պետք է սովորել բաց թողնել, եւ դա չեմ ասում խփնված գուրուների անկապ տեքստերով, իրոք այդպես եմ մտածում։ Հո ամբողջ կյանքում իմ փեշից կպած չի ապրելու. հետո իր ընտանիքն է ունենալու: Պետք է կարողանալ կողքից ուրախանալ նրա հաջողություններով, ոչ թե թաթիկը բռնած ապրել (ծիծաղում է,- հեղ.)։
- Նաեւ շատ հպարտանալու է, երբ որդիդ զինվոր է դառնում: Ձեզ համար այդ հանգամանքը որքանո՞վ է կարեւոր ու առանձնահատուկ:
- Երբ գնացել էր Գերմանիա, թվում էր՝ հաշտվել էի, ուրախ էի, բայց փոքր տարիքում նրան մեծացնելիս զինվորի զգեստով էի պատկերացրել ու մտածում էի՝ ո՞նց, չի՞ լինելու։ Ու ինչպես Գուրգենին տեսել էի՝ ժպիտը դեմքին ու համազգեստով, այդպես էլ կար: Այնպես որ, իմ ներքին աշխարհը շատ հանգիստ ու ներդաշնակ է հիմա։ Նաեւ հետաքրքիր էմոցիաներ ապրեցի, երբ առաջին անգամ պարանին զինվորի զգեստ կախեցի, մտածեցի. «Կյանքի այս շրջանն էլ անցա»։
- Ի՞նչ կուզեք ասել զինվորների ծնողներին:
- Իհարկե, նորմալ մարդ ես ու հասկանում ես, որ վախեր ու անհանգստություններ կան, բայց ոչ կպչուն մտքեր: Իրոք հավատում եմ այն էներգիային ու ուժին, որ ինչպես մտածում ես, այդպես էլ լինում է: Ցավոք, մեր նոր պատմության մեջ ողբերգական բաներ այնքան շատ եղան, որ մտավախություններ չեն կարող չլինել, բայց կյանքն իր շրջանն ու ընթացքն ունի։ Մնում է մեր շուրջն ու մեր հոգին լավ ու դրական էներգիայով ողողել եւ Աստծուն խնդրել, որ ամեն ինչ բարեհաջող լինի: Պետք է աշխատել միմիայն մաքուր ու թափանցիկ ջրով ջրել մեզ ու մեր հարազատներին պատող էներգիան։ Ծնողներին էլ խորհուրդ կտամ վստահել իրենց երեխաներին: Մենք սովորաբար տղամարդկանցից մեծ պահանջներ ենք ունենում՝ դեռ դպրոցական տարիներից սկսած. այսպես արեք, նախաձեռնող եղեք, պահեք-պահպանեք: Ուզում ենք, որ ուժեղ անհատներ լինեն, համ էլ մեր վախերով, բացասական մտքերով ու ավելորդ հոգատարությամբ խանգարում ենք։ Ուղղակի պետք է թողնել, որ նրանք կայանան։
Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Արաքսյա Մելիքյանի անձնական արխիվից


×
250







