Հայաստանի պատմության թանգարանում Անի Չոբանյանը ներկայացրել է իր «Պատշգամբ»-ը: Շնորհանդեսը տեղի է ունեցել Գրքի երեւանյան միջազգային իններորդ փառատոնի շրջանակում: Հանդիպման ընթացքում հեղինակը պատմել է ստեղծագործության ծնունդի եւ այն զգացողությունների մասին, որոնք ցանկացել է փոխանցել ընթերցողներին։
Գրքի գաղափարը ծագել է 2024 թվականին, երբ Անին 15 տարեկան էր։ Այն ժամանակ նա Թումոյում մասնակցում էր գրող Անի Ասատրյանի վարած ստեղծագրության դասընթացին եւ հենց այդ ընթացքում սկսել է գրել երկու քույրերի մասին պատմությունը, որոնք փորձում են հասկանալ միմյանց։ Երեք տարվա ընթացքում Անի Չոբանյանը կատարելագործել է սյուժեն, զարգացրել կերպարներն ու ստեղծել նկարազարդումները, մինչեւ գիրքն ամբողջովին պատրաստ է դարձել եւ տպագրվել «Էջ» հրատարակչության կողմից։
«Պատշգամբ»-ը երկու քույրերի՝ ավագ Աստղիկի եւ կրտսեր Աննայի փոխհարաբերությունների մասին է։ Նրանք տարբերվում են ոչ միայն տարիքով, այլեւ աշխարհընկալմամբ։
Աստղիկը իմպուլսիվ, արվեստով տարված եւ սեփական ինքնության որոնումներում գտնվող դեռահաս է։ Նրա կրտսեր քույրը՝ Աննան, չի հասկանում, թե ինչու է Աստղիկին թույլատրվում այն, ինչ իրեն արգելված է։ Լինելով ավելի թերահավատ՝ Աննան սովոր է հոգ տանել քրոջ մասին, օրինակ՝ հետեւել, որ նա տաք հագնվի։ Աստիճանաբար Աննան սկսում է բացահայտել Աստղիկին եւ ավելի լավ հասկանալ նրան:
Հեղինակը խոստովանել է, որ աշխատանքի սկզբնական փուլում հստակ պատկերացում չուներ սյուժեի ընթացքի եւ կերպարների մասին։ Սակայն Անի Ասատրյանի աջակցությամբ պատմությունն աստիճանաբար զարգացել է, իսկ հերոսներն ավելի ամբողջական են դարձել:
«Իրականում, երբ սկսում եմ ստեղծագործել, երբեք չեմ իմանում, թե ի վերջո ինչ է լինելու կերպարների հետ, որովհետեւ իմ մեջ սկզբում միշտ փոքրիկ գաղափարներ ու տեսարաններ են ծնվում: «Պատշգամբ»-ի դեպքում էլ այդպես եղավ. քանի որ դասընթացի ժամանակ էի սկսել գրել, սյուժեի զարգացումն ինձ համար դեռ հստակ չէր: Իսկ հետո, երբ որոշվեց, որ պետք է անպայման ավարտին հասցնել, Անիի հետ սկսեցինք աշխատել, կերպարները մի փոքր էլ զարգացան, ու իրադարձություններն արդեն ընթացքում ծավալվեցին»,- պատմել է Անի Չոբանյանը:
Ինչպես կարելի է կռահել վերնագրից, պատմության մեջ ամենակարեւոր դերն ունի պատշգամբը։ Գրքում այն դառնում է գրեթե առանձին կերպար՝ հետեւում է քույրերի հարաբերություններին եւ պահպանում նրանց հուշերը։ Ընդ որում՝ պատշգամբի կերպարը ներշնչված է Անի Չոբանյանի մանկության իրական վայրից։ Նրա համար այն տան ամենակարեւոր անկյուններից մեկն էր, ուստի հենց այն էլ հեղինակը դարձրել է պատմության կենտրոնական տարածքը՝ հիշողության եւ մանկության խորհրդանիշ, որը միավորում է քույրերի անցյալն ու ներկան եւ դառնում մի վայր, որտեղ ձեւավորվում են նրանց փոխըմբռնումն ու մտերմությունը։
«Պատշգամբը, երեւի, մանկությանս ամենագլխավոր տեղն էր, որտեղ կենտրոնացած էին բոլոր լավ հիշողությունները, թեթեւությունը, ազատությունն ու այն լավ, մանկական անհոգությունը: Ու այնպես ստացվեց, որ Աստղիկի համար էլ դա դարձավ իր երջանիկ անկյունը, որն ինքը կիսում է քրոջ հետ՝ որպես իրենց ընդհանուր սենյակ: Ու մինչ մեկը փորձում է պահպանել մանկության իր հիշած տարբերակը, մյուսն ամեն ինչ իր ձեւով է փոխում»,- նշում է հեղինակը:
Պատմության մեջ կարեւոր տեղ ունի նաեւ Երեւանը։ Եվ սա պատահական չէ. Անին մանկուց սիրում է իր քաղաքը եւ ցանկացել է իր ստեղծագործության միջոցով երախտագիտություն հայտնել նրան. «Միշտ ուզել եմ, պատկերացրել եմ, որ իմ ստեղծագործությունը պետք է լինի ինձ շրջապատող կյանքի ու քաղաքիս հանդեպ այն մեծ սիրո մասին, որը մանկուց իմ մեջ մեծացել է՝ թե՛ ծնողներիս շնորհիվ, թե՛ ներսիցս: Միշտ ցանկացել եմ շնորհակալություն հայտնել Երեւանին, որ կա ու հենց այնպիսին է, ինչպիսին կա: Ու քանի որ կերպարները ստեղծելիս մի քիչ էլ ինձնից եմ դրել իրենց մեջ, փորձել եմ այդ սերն էլ փոխանցել նրանց»:
Հեղինակի մայրը՝ Զառա Բուդաղյանը, պատմեց, որ Անին մանկուց շրջապատված է եղել գրքերով, սիրել է կարդալ եւ սեփական պատմությունները հորինել:
«Անին ամենափոքրուց անչափ սիրում էր գրքեր. դեռ երբ կարդալ չգիտեր, պարզապես թերթում էր դրանք: Մենք նրա համար կարդում էինք: Կարծում եմ՝ իսկապես շատ երջանիկ մանկություն է ունեցել, ինչն արտացոլված է նաեւ գրքում: Ու դրա մեծ պատճառներից մեկն այն էր, որ մեր ընտանիքում բոլորը շատ ուշադիր էին նրա նկատմամբ, շատ ժամանակ էին իր հետ անցկացնում, կարդում էին, հեքիաթներ պատմում: Նա մեծացել է տեքստերի ու պատմությունների մեջ, ու հենց փոքրուց էլ ինքն իր պատմություններն էր հորինում»:
Անին պատրաստվում է շարունակել գրել, սակայն դեռ չգիտի, թե երբ կսկսի աշխատել հաջորդ գրքի վրա եւ ինչի մասին այն կլինի։ Իսկ առայժմ հեղինակն առաջարկում է ընթերցողներին ծանոթանալ «Պատշգամբ»-ին՝ մեծանալու, քույրական մտերմության, հիշողությունների եւ հայրենի քաղաքի հանդեպ սիրո մասին պատմությանը:
Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի/Bravo.am/


×
89






