×


«Պենելոպեն այսօր էլ սպասո՞ւմ է»․ Համազգայինի դերասանուհիները բացահայտում են Սիմոն Աբգարյանի գրքի ենթաշերտերը

Գրքի երեւանյան միջազգային իններորդ փառատոնի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում Սիմոն Աբգարյանի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» գրքի քննարկմանը ներկա էին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանները: Ներկայացման պրեմիերան այս տարվա փետրվարին էր:

Դերասանուհիներ Տաթեւ Ղազարյանը, որը պիեսի հեղինակ եւ բեմադրիչ Սիմոն Աբգարյանի օգնականն է եղել, ու Ալլա Սահակյանը հանդիպման ընթացքում յուրահատուկ կերպով անդրադարձել են գրքում ներկայացված ենթաշերտերին ու բացահայտել ստեղծագործության հիմնական ասելիքը։ 

Դինահի ու Էլիասի նույնացումը Պենելոպեի ու Ոդիեւսի հետ

Ղազարյան. Մեծ պատիվ էր լինել Սիմոն Աբգարյանի կողքին ու ամեն օր սովորել նրանից։ Պիեսում նա այսպիսի տող ունի, երբ որդին՝ Թեոսը, դիմում է մորը. «Մամ, քեզ Պենելոպեի տեղը մի դիր, դու Պենելոպեն չես»։ Աբգարյանը պարզապես վերցրել է Ոդիսեւսի կնոջ կերպարն ու այն մերօրյա դարձրել։


Պենելոպեի կերպարին անդրադառնալու համար Աբգարյանի անձնական պատմությունն էլ իր ազդեցությունն է ունեցել․ նրա մայրն ութ տարի սպասել է ամուսնու՝ պատերազմից վերադառնալուն։ «Մտքիս անընդհատ «Ոդիսեւս»-ն էր, եւ չէի կարող Պենելոպեին չանդրադառնալ ու այդ մասին չխոսել»,- խոստովանել է Սիմոնը։

Սահակյան. Թեեւ պիեսի հիմքում «Ոդիսական»-ն է, մենք այդ ժամանակաշրջանի խիստ կանոններին չենք հետեւում՝ պատումն ու իմաստն ենք փոխանցում։ Իմ կերպարը՝ Էլիասի մայր Նուրիցան, «Ոդիսականի»-ի միայն մի մասում է հայտնվում ու ընտանեկան արյունահեղության մասին պատմում։ 

Ներկայացման մեջ Նուրիցան փորձում է որդուն սթափեցնել. հիշեցնում է, որ նա հավերժ արյունահեղության ու թշնամության է դատապարտված, եւ որ կինն արդեն 20 տարի է՝ իրեն է սպասում։ Նա հայտնվում է որդու կյանքում ու ոչ մի կերպ Էլիասին հանգիստ չի տալիս, մինչեւ չի ստանում իր հարցի պատասխանը։ Որքան էլ որդին հաստատակամ է ու համոզված՝ զենքով էլ հարց չի լուծելու, մայրը բացատրում է, որ բանակցություններով ու խոսքով ոչնչի հասնել չի ստացվի։  

Եթե Դինահը՝ Պենելոպեի նման, չսպասեր ամուսնուն

Սահակյան. Սիմոնը երկար աշխատանքի ընթացքում մեզ բացատրեց, թե ինչո՞ւ է, ի վերջո, իր հերոսուհին սպասում. սերը նրա համար սրբություն է: Նա տառապում ու տանջվում է, բայց եւ հեշտորեն չի հանձնվում։ 

Նախ նա աչքի առաջ մոր օրինակն է ունեցել, տեսել իր ծնողի տառապանքը, որը, միեւնույն է, չի նահանջել ու դիմացել է մինչեւ սիրելի տղամարդու վերադարձը։

Բացի այդ էլ, Դինահն իր աչքի առաջ որպես փեսացու Անթեյին ուներ, որն ամուսնու լրիվ հակապատկերն էր. նա մեր ներկայացման հակահերոսն է։ Անթեյը սպառնում էր իր հետ չամուսնանալու դեպքում սպանել որդուն: Բնականաբար, նման մարդու նա ոչ մի դեպքում ընտրել չէր կարող։
Բայց մյուս կողմից, ընտրություն կատարելու հարցում ամեն ինչ հենց կնոջից տեսակից է կախված։ Ոմանք դուրս են գալիս անորոշությունից, հասկանում, որ իրենց կենսաբանական ժամացույցը կանգ չի առնում, ու պետք է շարունակել ապրել։

Մոսկվայում ներկայացումը խաղալուց հետո հաճախ էր հնչում այն հարցը, թե արդյո՞ք հիմա Պենելոպեներ կան։ Կարծում եմ՝ ընտանեկան արժեքներին ու սիրուն հավատարիմ կանայք միշտ կան։


Ղազարյան. Չենք կարող մեղադրել կամ արդարացնել որեւէ մեկի ընտրությունը։ Ճանաչում եմ կնոջ, որը 2020 թվականից հավատով սպասում է իր ամուսնուն ու ոչ մի կերպ առանց նրա չի կարողանում կյանքը շարունակել։ Ամեն օր նա ապրում է այդ սպասումով: 

Բայց կան նաեւ կանայք, որոնք համակերպվեցին իրականության հետ ու որոշեցին հանուն իրենց երեխաների կամ այլ հանունների ապրել։ Պետք չէ մատնանշել, թե այդ օրինակներից որ մեկն է ճիշտ։ Երկու դեպքում էլ կարելի է պարզապես հասկանալ։ Չգիտենք, թե նման որոշում կայացնելիս նրանց հետ ինչ է կատարվում։ 

Մայրերը պատերազմի հականիշ են, իսկ Նուրիցան՝ հակառակը

Սահակյան. Նուրիցան անընդհատ որդուն պատերազմի է մղում ու հրահրում։ Էլիասը հստակորեն որոշել է, որ այլեւս զենք չի վերցնելու ու չի կռվելու, բայց մայրն իր ծրագրերն ունի։ Մեզ մոտ մոր կերպարը շատ ուժեղ է ներկայացված, ու առանց նրա ներկայացման հանգուցալուծումն այլ կլիներ։ 

Երբ հերոսը չի կարողանում հասկանալ, թե ի՞նչ է պատերազմը, ի՞նչ քաղեց դրանից, մայրը բացատրում է ու ցույց տալիս, թե նա ինչպես է դուրս մնացել իրականությունից. «Ի՞նչ մնաց քեզ, ո՞ւր են շքանշաններդ»,- հարցնում է Էլիասին։

Մայրը սարսափում է, երբ լսում է, որ որդին մոռացել է Դինահի դեմքը՝ այն կնոջ, որը 20 տարի սպասում է նրան։ Կշտամբում է. «Պատերազմը 10 տարի առաջ է ավարտվել, բայց դու, մեկ է, չես գալիս»։ «Ես խավարն էի մսխում»,- պատասխանում է։

Այդքան էլ հեշտ չէ պատերազմի շոկը հաղթահարել ու սպանությունները մարսել։ Ի վերջո, ոչ մեկը չգիտի, թե պատերազմն ինչպես է աղճատում ու մոխրացնում հոգիները։ 


Էլիասը պատերազմին որպես հերոս է գնացել ու վերադարձել որպես խամաճիկ. ինքն իր հանդեպ հավատն ու իր հավատամքն է կորցրել։ Սովորաբար, մենք միայն մեդալի մի կողմն ենք տեսնում, պատկերացում էլ չունենք, թե զինվորներն ու նրանց կանայք ինչերի միջով են անցնում։

Ղազարյան. Մայրը որդուն դեպի պատերազմ մղելով՝ ցանկանում է նրա երբեմնի ուժն ու վստահությունը վերականգնել։ Ուզում է, որ նա նորից մտնի ասպարեզ ու առաջվա պես քաջ լինի, քանի որ դրա շնորհիվ կփրկի ընտանիքը, կհաղթի թշնամիներին ու կվերականգնի հեղինակությունը։ Դրա շնորհիվ իր տեսակն ու պատիվը հետ կբերի, այ թե ինչու անդադար իր մտքերով հանգիստ չի տալիս որդուն։ Այլապես նա պարտված ու իր հետ տեղի ունեցածի հետ հաշտված կմնա։ Հենց Նուրիցան հայտնվում է, իրադարձություններն այլ կերպ են սկսում ընթանալ։ 

Գործի կարեւորությունն ու ուղերձը

Սահակյան. Մի հետաքրքիր ու խորհրդավոր կերպով ճակատագիրը Աբգարյանի պիեսը բերեց մեր թատրոն։ Ինքներս էլ պատերազմի մասին մշտապես սեփական մտորումներն ու հարցերն ենք ունեցել, եւ այս գործը հիանալի կերպով ցույց է տալիս իրեն կորցրած հերոսի, նրան սպասող կնոջ, տանջվող մոր, որոնումների մեջ գտնվող որդու ապրումները։ 

Սովորաբար պատերազմներն ընկալում են թվերի ու փաստերի միջոցով, իսկ ներկայացումն ապրումների մասին է։ Տեսնում ենք, թե Էլիասն ինչերի միջով է անցել, եւ հասկանում ենք՝ ինչպիսի ճակատագրի հետ գործ ունենք։ Ի վերջո, շատ ճիշտ է ասում մեր մեկ այլ ներկայացման՝ «Խատուտիկի գինու» գեներալը. «Պատերազմում բոլորն են պարտվում»։ Պարզապես պետք է այդ ամենի միջով անցած մարդկանց փորձել հասկանալ եւ նրանց օգնության ձեռք մեկնել։

Պենելոպեն ու ներկայացման մյուս հերոսները ցույց են տալիս, որ 20 տարի առաջ գրված պիեսը հիմա էլ է արդիական։ Այն նաեւ մեր՝ պատերազմով անցած ժողովրդի իրականության հետ շատ առնչություններ ունի։

Գործն այնքան սիրուն համեմատություններ ու պոետիկ լեզու ունի։ Ամեն անգամ խաղալիս հաճույք եմ ստանում: Սիմոնը հրաշալի է գրել, Մանիկն էլ՝ թարգմանել։ Այս գործի շնորհիվ մենք էլ ավելի մեծացանք, հարստացանք, լցվեցինք։ 


Ղազարյան. Առաջին հերթին մենք բարձր դրամատուրգիայի եւ գրականության հետ գործ ունենք, որը հրաշալի կերպով է թարգմանվել։ Հանդիսատեսն էլ ամեն անգամ հիացած է հեռանում, որ այդքան գեղեցիկ հայերեն է հնչում բեմից։

Այն միշտ լեփ-լեցուն դահլիճում է անցնում. բոլոր տոմսերը սպառվում են։ Երբ նոր խաղաշրջանը սեպտեմբերի 2-ին եւ 3-ին պետք է «Պենելոպե»-ով բացեինք, մտավախություն ունեինք, որ տոմսերը չեն վաճառվի, բայց նորից  դահլիճը լցվեց։

Ներկայացման դեկորացիաներն ուղարկել ենք Վլադիվոստոկ. հոկտեմբերի սկզբին Չեխովյան փառատոնին ենք մասնակցելու։ 

Պիեսն ու ներկայացումը հնարավորություն են տալիս ասես պատուհանից նայել ու տեսնել պատերազմի արդյունքում մի ընտանիքի հետ կատարվող իրադարձությունները։ Ցավոք, այդպիսի ընտանիքներ Հայաստանում ու ամբողջ աշխարհում շատ կան։ 

Սպասվող շարունակությունը

Ղազարյան. Ներկայացման ստեղծման ընթացքում Սիմոնից հետաքրքրվում էի, թե ինչու ենք համոզված, որ Էլիասն այդքան ուժեղ է, ու առհասարակ՝ ի վերջո ինչպիսի՞ն է նա։ 


Բայց «Պենելոպե, օ՜, Պենելոպե»-ն եռագրության վերջին՝ 3-րդ մասն է, մյուս երկուսը  պատմում են մինչեւ պատերազմը տեղի ունեցած իրադարձությունների եւ հենց պատերազմի մասին։ Արդեն բանակցություններ կան, որ առաջին մասը թարգմանենք ու բեմադրենք մեր թատրոնում։ Մտադիր ենք եռագրությունը երեք երեկոյի ընթացքում ցույց տալ, որպեսզի հանդիսատեսը բոլոր մասերը հաջորդաբար դիտի։

Ամբողջ նյութին ծանոթանալուց հետո արդեն պարզ կլինի, թե ինչու է Էլիասը պատերազմ գնում: Ինչպիսի՞ն է նա, որ կինն այդքան սպասում է: Ուրեմն՝ մի կարեւոր առանձնահատկություն ունի, չէ՞։ Ամբողջությամբ կհասկանանք ու կտեսնենք, թե ինչ արժեքների կրող է Էլիասը։ 

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW