«Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր բալետմայստեր, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գեւորգյանն անդրադարձել է մի կարեւոր խնդրի, որը բնորոշել է որպես «հարսի պարի աղետ»:
«Այլեւս չեմ կարողանում հանդուրժել այն խայտառակությունը, որը տիրում է հայկական հարսանիքներում։ Մարտարվեստ հիշեցնող, հնդկաարաբական, իսկ որոշ տեղերում՝ աֆրիկյան ցեղերի շարժումներ հիշեցնող՝ հայկական երաժշտության տակ իրականացված պարերի այս ամբողջ կույտը ոչ մի կապ չունի մեր հարսի մենապարի ավանդույթի, մտածողության, շարժուձեւի, աշխարհայացքի, բնավորության ու ազգային այլ հատկանիշների հետ»,- Facebook-ի իր էջում գրել է նա:
Գեւորգյանի խոսքով՝ նմանօրինակ հարսի պարերը ոչ միայն խեղաթյուրում են հայկական պարի ավանդույթները, այլեւ ամբողջությամբ փոխում հարսի մենապարի խորհուրդը:
«Հարսի մենապարը պատահական շարժումների կույտ չէ։ Այն մեր ազգային մտածողության, կնոջ կերպարի, հարսանեկան ծեսի եւ դարերով ձեւավորված պարային մշակույթի արտահայտությունն է։ Իսկ այն, ինչ այսօր որոշ պարուսույցներ ներկայացնում են որպես «հարսի պար», հաճախ որեւէ կապ չունի այդ ավանդույթի հետ։ Նմանօրինակ պարուսույցների արարքը պարզապես մասնագիտական սխալ անվանելն արդեն բավարար չէ։
Երբ մարդն ազգային պարի անվան տակ գիտակցաբար կամ անգիտակցաբար խեղաթյուրում է մեր ավանդույթը եւ այդ խեղաթյուրումը փոխանցում հարսանեկան մշակույթին, դա հայ պարի նկատմամբ հանցագործ արարք է: Այս ամենը պետք է դադարեցվի։ Սա ազգային արժանապատվության, մշակութային ժառանգության եւ մեր ինքնության պահպանման հարց է։ Եվ սա դեռ սկիզբն է։ Հետագայում այս թեմային անդրադառնալու եմ ավելի կոշտ»,- նշել է նա:
Պարուսույցը խոստացել է առաջիկայում ներկայացնել կոնկրետ օրինակներ եւ «ցույց տալ այն խայտառակ երեւույթները, որոնք տարածվում են հայկական հարսանիքներում»: Նաեւ խոսելու է այն պարուսույցների մասին, ովքեր նմանօրինակ «հարսի պարեր» են ստեղծում ու տարածում։
Լուսանկարը՝ Կարեն Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից


×
220






