«Նիկոլայ Նիկողոսյան» մշակութային հիմնադրամում բացվել է հայ-հունական ծագումով իմպրեսիոնիստ նկարիչ եւ պերֆորմեր Յանիս Կիրյակիդիի ցուցահանդեսը՝ Via Domus («Ճանապարհ դեպի տուն») խորագրով:
Կիրյակիդին երկարատեւ ընդմիջումից հետո կրկին սկսել է ստեղծագործել։ Ցուցահանդեսի անվանումը պատահական չի ընտրվել․ այն խորհրդանշում է նկարչի վերադարձը սիրելի գործին, ավելի ստույգ՝ տուն։ Նրա համար այս ցուցահանդեսը հատկապես կարեւոր իրադարձություն է, քանի որ առաջին անհատական ցուցահանդեսն է Հայաստանում։
Հայկական արմատներ ունեցող Յանիս Կիրյակիդին խոստովանել է, որ վաղուց էր կապ զգում Հայաստանի հետ եւ ցանկանում էր ոչ միայն այցելել, այլեւ իր ներդրումն ունենալ արվեստի զարգացման գործում։
«Որոշեցի գալ Հայաստան, որովհետեւ արմատներս ինձ ձգում էին դեպի այստեղ։ Արտերկրում իմ աշխատանքները ցուցադրելիս ներկայանում եմ որպես հայ-հունական նկարիչ։ Եվ այս ամբողջ ուղին, ըստ էության, իմ վերադարձն է տուն»,-պատմել է նա:
Իմպրեսիոնիստը նաեւ նշել է, որ իր ստեղծագործություններում համադրում է հայկական եւ հունական մշակութային ժառանգությունը։ Նրա կտավներից մեկում պատկերված նռները, ըստ նկարչի, միավորում են երկու աշխարհները՝ հայկականն ու հունականը։ Այնուամենայնիվ, նրա բոլոր աշխատանքները չէ, որ ուղղակիորեն կապված են Հայաստանի հետ. Կիրյակիդին ընդգծել է, որ հայկական մոտիվները նրա նկարներում առաջին հերթին դրսեւորվում են գունային երանգապնակի միջոցով:
Ստեղծագործական այս առանձնահատկությունները կարելի է տեսնել երեւանյան ցուցահանդեսում: Այն կառուցված է ժամանակագրական կարգով եւ հանդիսատեսին ծանոթացնում է նկարչի 2022-2023 թվականներին ստեղծված աշխատանքներին: Ցուցադրությունում ներառված 10 կտավից յուրաքանչյուրն արտացոլում է գեղանկարչություն վերադառնալուց հետո Յանիս Կիրյակիդիի ստեղծագործական ուղու որոշակի փուլ։
Հատուկ հետաքրքրություն է ներկայացնում նաեւ նկարչի աշխատանքի տեխնիկան։ Որպես ստեղծագործ անհատ՝ Յանիսը նախընտրում է աշխատել ոչ թե վրձիններով, այլ մատներով, երբեմն էլ օգտագործում է ամենաանսովոր առարկաները։
«Երբ նկարում եմ մատներով, կապ եմ զգում կտավի հետ, ավելի լավ եմ զգում նրա հյուսվածքը։ Ներկերը յուղով խառնելիս այդ հյուսվածքն ավելի շոշափելի է դառնում, իսկ մատներիս վրայի գույները՝ ավելի հաճելի: Նկարում եմ նաեւ մուրճով՝ բառիս բուն իմաստով ներկը խփելով կտավին։ Սա բավական բարդ տեխնիկա է, որն ինքս եմ մշակել։ Օգտագործում եմ նաեւ այլ առարկաներ, ինչն ինձ համար հետաքրքիր է, քանի որ ստեղծում եմ իմ սեփական, յուրահատուկ ձեռագիրը»,- կիսվել է նա:
15-ամյա ընդմիջումից հետո գեղանկարչությանը վերադառնալը Յանիս Կիրյակիդիի համար երկարատեւ ստեղծագործական ճգնաժամի եւ ներքին վերաիմաստավորման արդյունք էր։ Նկարչի խոսքով՝ մի օր ինքն իրեն տվել է մի հարց, որը փոխել է վերաբերմունքը ստեղծագործության հանդեպ․ «Ի՞նչ եմ թողնելու իմ հետեւից»։
«Երկար ժամանակ իմ մեջ ընթանում էր այդ պայքարը. հասկանում էի, որ պետք է ինչ-որ բան ձեռնարկել: Կարծում եմ, որ արվեստն ապրում է ու փոխանցվում սերնդեսերունդ: Եվ ահա 2022 թվականին կրկին սկսեցի ստեղծագործել, ինչի համար շատ ուրախ եմ»,- ասել է նկարիչը:
Յանիս Կիրյակիդին ծնվել է 1987 թվականին՝ Թբիլիսիում։ Արդեն 16 տարեկանում Հունաստանում ցուցադրել է իր «Հին Թբիլիսի» աշխատանքը: Ստեղծագործական տարբեր շրջաններում նա դիմել է իմպրեսիոնիզմին, պուանտիլիզմին, աբստրակցիային եւ սյուրռեալիզմին՝ աստիճանաբար ձեւավորելով սեփական գեղարվեստական լեզուն։
VIA DOMUS / «Ճանապարհ դեպի տուն» ցուցահանդեսը կգործի մինչեւ սեպտեմբերի 12-ը: Իսկ նկարչի ստեղծագործական ուղու շարունակությունը հանդիսատեսը կկարողանա տեսնել արդեն Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, որտեղ կներկայացվեն նրա 2023-2026 թվականներին ստեղծված աշխատանքները:
Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի/Bravo.am/


×
165






