×


Կարտիե-Բրեսոնից մինչեւ Լինչ. Թորոս Ալաջաջյանի հավաքածուի լուսանկարները ցուցադրվում են Երեւանում

Մութ սենյակում, որտեղ ժապավենային նեգատիվից աստիճանաբար ի հայտ է գալիս պատկերը, լուսատպագրության վարպետը լուսանկարչական թղթի վրա պահպանում է ոչ միայն նախկինում որսացած պահը, այլեւ դրա տրամադրությունը, մթնոլորտն ու ժամանակի ոգին։ Թերեւս ինքն էլ չնկատելով՝ նա պատմության մի մասնիկ է թողնում նրանց համար, ովքեր տարիներ անց կկանգնեն լուսանկարի առջեւ եւ կտեսնեն այն, ինչ ժամանակին տեսել էր լուսանկարիչը:

Այս ուղին են անցել լուսանկարչական տպագրության վարպետ Թորոս Ալաջաջյանի հավաքածուի աշխատանքները, որոնք ներկայացված են «Սեւ եւ սպիտակի լույսը» ցուցահանդեսում, որը բացվել է «ՀայԱրտ» արդի արվեստի կենտրոնում ՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան եւ Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի հետ համագործակցությամբ։


Լուսանկարչության 200-ամյա հոբելյանին նվիրված այս առաջին լայնածավալ հետահայաց ցուցահանդեսը, որը Հայաստանում եւ տարածաշրջանում առաջին անգամ ներկայացնում է 13 երկրի 55 լուսանկարչի 114 սեւ-սպիտակ լուսանկար, ընդգրկում է Անրի Կարտիե-Բրեսոնի, Սեբաստիաո Սալգադուի, Մարկ Ռիբուի, Ռենե Բյուրրիի, Դեյվիդ Լինչի, Անտուան Ագուջյանի, Ֆրանսուա Դեմյուլդերի, Մարի-Լոր դը Դեկերի եւ հայտնի այլ լուսանկարիչների աշխատանքները։

Ցուցադրության առանձնահատկությունն այն է, որ հանդիսատեսի առջեւ ոչ թե թվային պատկերներ են, այլ ժապավենով արված լուսանկարներ, որոնք Թորոս Ալաջաջյանը տպագրել է լուսանկարչական թղթի վրա։ Յուրաքանչյուր աշխատանք անցել է նրա ձեռքով՝ ժապավենային նեգատիվից մինչեւ պատրաստի հետք։ Դրա շնորհիվ դիտողը կարող է տեսնել ոչ թե պարզապես պատկեր, այլ ավանդական լուսանկարչական տպագրության մանրակրկիտ գործընթացի արդյունքը, որը պահպանել է անալոգային լուսանկարչության առանձնահատուկ հյուսվածքն ու մթնոլորտը։


Լուսանկարները դիտելիս հնարավոր էր խորանալ յուրաքանչյուր կադրի մանրամասներում՝ նկատել դեմքի արտահայտություններ, ժեստեր, լույս, ստվերներ եւ փոքր պահեր, որոնք միշտ չէ, որ տեսնում ենք առաջին հայացքից։

Սա Թորոս Ալաջաջյանի առաջին հետահայաց ցուցահանդեսն է եւ Հայաստանում այսպիսի ծավալի առաջին ցուցադրությունը։ Ըստ վարպետի՝ նա ցանկացել է իր առաջին ցուցահանդեսն անցկացնել հենց Հայաստանում։


«Այս ցուցահանդեսի գաղափարը հատուկ չի ծագել. Պարզապես ինձ ասացին՝ «Ինչո՞ւ ցուցադրություն չես անում»։ Թեեւ նախկինում միշտ ուրիշների համար էի ցուցահանդեսներ պատրաստում, սա դարձավ առաջինը, որն արեցի ինձ համար: Որպես հայ՝ ուզում էի, որ իմ առաջին ցուցահանդեսն անցկացվի հենց Հայաստանում: Չէի ցանկանում, որ այն լինի Գերմանիայում, Փարիզում կամ Անգլիայում: Եվ այստեղ ներկայացված բոլոր նկարները՝ թե՛ տխուր, թե՛ ուրախ, առանձնահատուկ տեղ ունեն իմ սրտում»,- նշել է Թորոս Ալաջաջյանը։


«ՀայԱրտ»-ի տնօրեն Սոնա Հարությունյանը պատմել է ցուցադրության առանձնահատկության մասին. «Այս էքսպոզիցիայի վրա ինձ հետ աշխատել է Ֆրանսիայից ժամանած Պատրիսիա Նյուքոմերին: Մենք որոշեցինք ստեղծել այնպիսի ցուցադրություն, որպեսզի հանդիսատեսի համար հոգնեցուցիչ չլինի անընդհատ մի գծով շարժվելը: Բացի այդ, նկարների չափսերը թելադրում էին, որ կարող ենք ցուցադրությունը կառուցել ավելի ազատ եւ խաղային ձեւով»։


Նա նաեւ ավելացրել է, որ Պատրիսիա Նյուքոմերին մեծ օգնություն է ցուցաբերել ցուցադրության ստեղծման գործում, քանի որ երկար տարիներ եղել է Ալաջաջյանի ընկերը եւ ուղեկցել նրան կյանքի ընթացքում։ Դրա շնորհիվ նա գիտեր յուրաքանչյուր լուսանկարի պատմությունը եւ կարողացել է ընդգծել առանձին աշխատանքների միջեւ եղած կապերը։

Հենց դրա համար էլ լուսանկարները միավորված էին ոչ միայն տեսողական, այլեւ իմաստային առումով. մի աշխատանքի պատմությունը կարող էր արձագանքել մյուսին՝ դիտողին առաջնորդելով հավաքածուի յուրօրինակ երթուղով։


Ցուցահանդեսում ներառված են նաեւ տարբեր ժամանակաշրջանների կուլտային լուսանկարներ, ինչպես նաեւ նկարիչների, երգիչների եւ հայտնի այլ մարդկանց դիմանկարներ։ Ցուցադրությունը միավորում է տարբեր հեղինակների եւ երկրների աշխատանքներ՝ ցույց տալով, թե որքան բազմազան կարող է լինել սեւ ու սպիտակ լուսանկարչության լեզուն։

Ցուցահանդեսը կգործի մինչեւ դեկտեմբերի 11-ը։

Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW