×


Սեղանի շուրջ՝ «Շարքային Թռչնակի» հետ. եղբայրները, պատերազմն ու կոտրված երազանքները

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնի 158-րդ թատերաշրջանի բացումն արել է Տաթեւիկ Մելքոնյանի «Շարքային Թռչնակը»: BRAVO.am-ը ներկայացումից հետո զրուցել է ռեժիսորի եւ դերասանների՝ Արսեն եւ Արտուշ Միքայելյանների, Արսեն Սաղաթելյանի եւ Լիլիթ Խառատյանի հետ:

- Տաթեւ, երբ միասին եկել էինք «Տունը սահմանին» ներկայացումը դիտելու, ասացիք՝ Գյումրու թատրոնում բեմադրություն անելու 2 տարբերակ ունեք, ինչո՞ւ հենց «Շարքային Թռչնակն» ընտրեցիք:

- Առաջին տարբերակը՝ Զելլերի «Ուրիշը», շատ թույլ թվաց այս թատրոնի համար։ Ունենալով նման դերասաններ՝ չցանկացա անել 3 հոգանոց գործ: Երբ նոր էինք սկսում, չգիտեի, որ «Թռչնակը» ժամանակին այսքան համահունչ կլինի։

- Հիմա դերասաններից եմ ուզում իմանալ՝ ի՞նչ մտքեր ունեիք սցենարն առաջին անգամ կարդալիս ու ինչպե՞ս այս գործն աստիճանաբար կլանեց ձեզ:

Արսեն Մ. Գրքին ու ֆիլմին ծանոթ չէինք: Ուիլյամ Ուորթոնի «Թռչնակը» եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ տարիների ընթացքում երեւույթների բնույթը չի փոխվել՝ մարդկության պատմության ամենամեծ չարիքը եղել ու մնում է պատերազմը: Երազում եմ այն ժամանակների մասին, որ նման գործերն արդիական չլինեն, ու էլ չբեմադրենք:

Լիլիթ. Գործը հետաքրքիր է իրականության եւ երազի անցումներով. երբ սկսում ենք ապրել մեր երեւակայական աշխարհում, իրական կյանքը դառնում է շատ հասարակ, զզվելի ու տհաճ, որտեղ չենք ցանկանում վերադառնալ:


Արտուշ. Մեր ներկայացումն ավելի շատ խաղաղության մասին է:

Արսեն Ս. Միշտ ուզել եմ խաղալ Տաթեւիկ Մելքոնյանի հետ, բայց ցանկությունս մասամբ կատարվեց՝ ներգրավվեցի նրա բեմադրած գործում: Սկզբում ինձ համար մի փոքր բարդ էր. Գյումրիում մենք սովոր ենք տեքստն անգիր սովորել, հետո նոր աշխատել բեմի վրա, իսկ Տաթեւն այդ ամենն ավելի շատ գործողության մեջ է պատկերացնում, այդ առումով արդեն հետաքրքիր էր։ Բացահայտեցի Լիլիթի դերասանական տաղանդը, Արսենի մասին խոսքեր չկան, իսկ Արտուշն ինձ համար շարունակում է մնալ շատ լավ ռեժիսոր (ծիծաղում ենք,-հեղ.)։

- Տաթեւիկ, Ձեր առաջին փորձն էր Գյումրու թատրոնում, հե՞շտ էր նոր միջավայրում ստեղծագործելը:

- Երբեք իմ մասին չեմ ասում՝ ռեժիսոր եմ. կայանում եմ ու սա ամենակարեւոր փուլերից մեկն էր, որովհետեւ շատ լավ գիտակցում եմ, թե ինչպիսի թատրոնում եմ ներկայացում բեմադրել։ Երբ դա գիտակցելով գալիս ես թատրոն, ոտքերդ սկսում են դողալ, վախենում ես, որ շատ փոքր ես, բայց իմ սովորության համաձայն, ցույց չեմ տալիս (ծիծաղում ենք,-հեղ.)։ Քանի որ այս թատրոնում չափազանց առողջ մթնոլորտ է, բոլոր վախերդ չքանում են, դերասանների հետ իրար հավատում եք, ու սկսում է ճանաչման եւ ինքնաճանաչման հետաքրքիր ընթացք: Վերջում հասկանում ես, որ ամենակարեւորը մարդիկ են, որոնց հետ ապրեցիք այդ ընթացքում։

- Տաթեւիկ, ինչո՞ւ եք Արտուշին ընտրել Թռչնակի դերի համար, քանի որ ռեժիսոր է ու իր առաջին լուրջ դերն է։

- Այն հարցերից է, որ միշտ պատասխանում եմ՝ չգիտեմ: Արտուշին բոլորովին չեմ ճանաչել, անգամ տեղյակ չէի, որ Արսեն Միքայելյանի եղբայրն է: Նկարներում եմ տեսել ու որոշել, որ պիտի խաղա, թեեւ ինձ ասացին՝ դերասան չէ: Արտուշը շատ չի էլ դիմադրել, մեծ հաճույքով համաձայնեց, ինչի համար շնորհակալ եմ, որովհետեւ գիտեմ, թե ռեժիսորները որքան չեն սիրում խաղալ (Արտուշը ծիծաղում է,-հեղ.):


- Արտուշ, ինչպե՞ս էր մեկ այլ ռեժիսորի առաջադրանքները կատարելն ու Ձեզ ինչպե՞ս զգացիք բեմում:

- Ինձ թվում է՝ սա կլինի իմ առաջին ու վերջին դերը (ծիծաղում ենք,-հեղ.)։ Համաձայնեցի, քանի որ մի քանի պատճառով մեծ կիրք զգացի։ Նախ դիտեցինք նրա «Ես այստեղ եմ» ներկայացումը, որում Արամ Կարախանյանը մեր երկրի լավագույն դերակատարումներից մեկն է ցույց տալիս. նրա ու ռեժիսորի միջեւ այնպիսի անհավանական քիմիա կա: Երբ իմացա՝ Տաթեւն ինձ է ուզում փորձել, դող սկսվեց եւ շատ ուզեցի հետն աշխատել։ Ասում էի՝ եթե հասկանա, որ ինձնից հույս չկա, թող անկեղծ հայտնի, չեմ նեղվի ու դերասանների պես ձախողումը ծանր չեմ տանի (ծիծաղում ենք,-հեղ.)։ Ուզում էի դերասանի աչքերով նայել բեմի մթնոլորտին ու հասկանալ նրանց ապրումները, ինչը հետագայում ինձ կօգնի ռեժիսորի աշխատանքում:

- Տաթեւիկ, իսկ Լիլիթին ինչպե՞ս եք նկատել, քանի որ թատրոնում նորեկ է եւ «Շարքային Թռչնակն» իր առաջին ներկայացումն է:

- Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը հարցրեց. «Ի՞նչղ կուզես, ո՞ւմ կուզես» (ծիծաղում ենք,-հեղ.): Շատ տարբերակներ կային, բայց Լիլիթին հիշում էի «Բովանդակություն»-ից, ինձ պետք էր նրա ներքին լարերով աղջիկ։


- Լիլիթ, գեղեցիկ դեր ունեք, բայց առանց խոսքի, ինչպե՞ս եք կարողանում ասելիքը հասցնել հանդիսատեսին։

- Այս դերն ինձ մեծ փորձ տվեց ու քայլ էր իմ կյանքում, ուրախ եմ, որ նման հնարավորություն ստացա։ Կերպարս սկզբում խոսում էր եւ անուն էլ ուներ։

Տաթեւիկ. Թատրոնի գեղխորհուրդն ինձ շատ օգնեց. 10-ից ավելի մարդ նայեց ներկայացումն ու իր կարծիքն ասաց: Այդ խորհուրդների շնորհիվ որոշեցի Լիլիթի կերպարը վերջում ավելի մարդկային չդարձնել։

Լիլիթ. Երբ կերպարը փոխվեց, ավելի ազդեցիկ դարձավ. աղջիկը երազային եւ էսթետիկական մթնոլորտն է ապահովում:

- Արսեն, մեր նախորդ զրույցում ասել եք, որ Էլը Ձեր ամենավախեցնող դերն է, ինչպե՞ս էր խաղալ այդ չափազանց շատախոս ու ներկայացման ընթացքում բեմը գրեթե չլքող կերպարը:

Արսեն Մ. Իսկապես սարսափել եմ, որովհետեւ տանել չեմ կարողանում, երբ բեմում դերասանը շատ է խոսում։ Երբ առաջին անգամ ծանոթացա Էլին, մտածեցի, որ ինձ հետ այնքան էլ կապ չունի։ Պետք էր փորձել հետաքրքիր եւ գունավոր լինել, չգիտեմ էլ՝ արդյոք կարողացել եմ հաղթահարել դերը: Հավատալու միակ կետը ռեժիսորն է եղել, որի հետ շատ արագ սիրեցինք իրար եւ օգնելով առաջ գնացինք: Ընտանեկան մթնոլորտում ենք աշխատել։


- Իսկ Էլին ինչպե՞ս կարողացաք գտնել ու հասկանալ:

- Մի անգամ Արտուշի հետ փորձից հետո նստած էինք ու նա առաջարկեց. «Դու ինձ խաղա, ես՝ քեզ» (ծիծաղում ենք,-հեղ.): Դրանից հետո Էլին կողքից տեսա ու հասկացա, թե հիստերիաների ժամանակ ինչպես կարող է իրեն դրսեւորել։

- Քանի որ ասացիք՝ ընտանեկան մթնոլորտում եք ստեղծագործել, մասամբ այդպես էլ եղել է: Արտուշ, ո՞նց էր դերասան եղբոր հետ խաղալը եւ պատահե՞լ է, որ կերպարներին ձեզ հետ տուն տանեք:

- Մեր միջեւ յուրահատուկ էներգիա կար: Երբ հայացքները բախվում էին, հասկանում էի, որ ոչ թե եղբորս, այլ Էլի աչքերին եմ նայում։ Ու երբ պահի տակ մեզնից մեկը դուրս էր գալիս կերպարից, իսկ մյուսը շարունակում էր մնալ, միանգամից զգացվում էր ու ծիծաղ էր առաջանում։ Բեմում իրար հասկանալն ու ըմբռնելը հեշտ ստացվեց, տանն էլ Արսենն ինձ շատ է օգնել կերպարը ստեղծելիս, նշել է՝ ինչին ուշադրություն դարձնեմ, որ Թռչնակի ներաշխարհը ցույց տամ:

- Արսեն, Ձեզ համար ինչպե՞ս էր Արտուշի հետ նույն բեմում լինելն ու կուզե՞ք նրա ներկայացումներում լինել։

- Իր ներկայացումներում միշտ եմ ուզել խաղալ՝ մանավանդ «Տունը սահմանին»-ից հետո, բայց չի վերցնում (ծիծաղում ենք,-հեղ.)։ Անընդհատ բեմում եմ ու չեմ հասցնում նրան կողքից հետեւել, բայց հետաքրքիր ներաշխարհ ունի, իսկ բեմում ամեն ինչ դրա շուրջն է կառուցվում։ Տարիների ընթացքում ռեժիսորական գործում է հմտացել եւ դերասանական ունակությունները չեն հասցրել հղկվել: Բայց այս դեպքում Տաթեւը նրա բոլոր բացերն ի նպաստ կերպարի օգտագործեց:


- Տաթեւիկ, ներկայացման զգեստների, երաժշտության եւ նկարչական ձեւավորման հեղինակն եք: Ինչպե՞ս հասկացաք, որ հիմնական գործողությունները պետք է ոչ թե գետնի վրա լինեն, այլ՝ օդում։

- Սիրում եմ մինիմալիզմը, դրա համար էլ լուծումներն այդպիսին էին: Ամենահարմարը օդում կերակրամանի նմանությամբ տարածք ստանալն էր, որպեսզի այն նաեւ ֆիզիկական թռիչք ապահովեր:

Արտուշ. Կերակրամանը չէի ֆիքսել, շատ սիրուն է մտածված։

Տաթեւիկ. Դերասաններից ոմանք փաստորեն դա չէին հասկացել (ծիծաղում ենք,-հեղ.)։ Նույնիսկ ուրիշ ռեժիսորների գործերի համար եմ սիրում հագուստներ ստեղծել: Հաջորդ՝ «Շան սիրտը» բեմադրության դեպքում, որն անում եմ Համազգային թատրոնում, միայն ռեժիսոր եմ լինելու, հոգնեցի ինքս ինձնից (ծիծաղում ենք,-հեղ.), թող ուրիշները զբաղվեն մյուս հարցերով:


- Ներկայացման մեջ պատերազմի թեման անընդհատ շոշափվում է, ձեր կերպարները պատերազմից հետո ինչպե՞ս են վերարժեւորել կյանքն ու իրական պատերազմը ձեզ ինչպե՞ս է փոխել (երկար լռություն է,-հեղ.):

Արտուշ. Թռչնակը պատերազմից հետո կոտրվեց ու այդպես էլ չհավաքվեց, սկսեց կյանքին սովորական մարդու աչքերով նայել, ինչն իրականում դժբախտություն է՝ կերպարի ողբերգության նուրբ թելերից է: Հանդիսատեսին թվում է, թե ավարտը գունավոր է, ու այդ տղան վերադարձավ իրականություն: Նախքան պատերազմը նա կյանքին նայում էր թռչնի բարձրությունից, բայց ստիպված եղավ կանգնել հողին, ինչպես որ 7-8 միլիարդ մարդ է կանգնած: Մինչեւ պատերազմը բոլորս երազողներ էինք, բայց հիմա ռացիոնալ մարդիկ ենք դարձել, ամեն ինչին գործնական մոտեցում ենք ցուցաբերում։ Հիմա նույնիսկ ամենածանր միջադեպին լուրջ չենք մոտենում, ինչն առողջ չէ. այնքան վատ բաների սովորեցինք, որ ստիպված այդպիսին դարձանք:

Լիլիթ. Պատերազմը մեզ սովորեցնում է գնահատել խաղաղությունը։

Արսեն Ս. Թվում է, որ պատերազմից ու ցավալի ելքից հետո շատ բաներ ավելի պիտի արժեւորենք ու դողանք դրանց վրա, բայց հիվանդ ենք դարձել՝ կարեւոր երեւույթներին անկարեւորի պես ենք վերաբերվում: 

Տաթեւիկ. Երբ մարդը թնդանոթի միս է դառնում, եւ ոչ մեկին չի հետաքրքրում, թե վաղն առավոտյան նա ինչ էր ուզում անել, ինձ ամենաշատն է հուզել եւ դրա մասին եմ խոսել՝ պատմել եմ մեկ հոգու մասին:

Արսեն Մ. Ավելի մեծ ողբերգություն չկա, քան երբ մեկը, ով չի հասցրել համբուրվել ու սիրել, ունենալ զգացմունքներ, որոնք իմաստավորում են ամբողջ տիեզերքը, մեռնում է: Մեկ-մեկ զարմանում եմ մեր դիմացկունության վրա, որովհետեւ կատարվողն աննորմալ է, իսկ մենք անցնում ենք դրա միջով, խելամիտ մնում եւ նոր հույսերի ապավինում: Բավական լուրջ խնդիր է դրված այս սերնդի վրա, որը պիտի կարողանա դեռ հպարտանալ։ Չգիտեմ էլ՝ ինչպես ենք անելու, բայց հուսամ՝ կստացվի։


- Ասում են՝ այս գործը սովորեցնում է ճախրել, ինքներդ թռչելու ցանկություն ունեցե՞լ եք եւ ի՞նչ թռչուն եք ձեզ պատկերացնում:

Արսեն Մ. Գիտեմ պատասխանը, որովհետեւ մտածել եմ՝ բու: Մի քանի տարի առաջ «Թռիչք» ներկայացման մեջ տեխնիկական առումով եմ ճախրել: Այն զգացողությունը, որ 100 տոկոսով ապահովություն չկա, ու ամեն պահ կարող ես մեռնել, իսկապես թռիչքի պես էր (ծիծաղում է,-հեղ.):

Տաթեւիկ. Ես էլ էի ուզում բու ասել, բայց հետո մտածեցի, գուցե, ագռավ: Երկու անգամ երազում եմ թռել:

Արսեն Ս. Ագռավի:

Արտուշ. Բանականությամբ մարդուն ամենամոտ կենդանին է:


- Ներկայացման մեջ ո՞րն է ձեզ համար առավել ազդեցիկ կամ սիրելի տեսարանը:

Լիլիթ. Մի տեսարան կա, որ միշտ նայում եմ, երբ առաջին անգամ Թռչնակը թույլ է տալիս Էլին իրեն գրկել, արտահայտվում է նրանց ընկերական ողջ սերն ու ջերմությունը:

Արսեն Ս. Ինձ համար լավագույն տեսարանը Արսենի մենախոսությունն է, եւ դա պայմանավորված է նրա կատարմամբ: Ամեն անգամ կուլիսներից նայում եմ: Եվս մեկ սիրելի պահ էլ Լիլիթի հետ էր կապված, բայց հանեցին (ծիծաղում ենք,-հեղ.):

Արսեն Մ. Ես ներկայացման մեջ ավելի շատ դետալներն եմ սիրում, օրինակ՝ Արսենի անընդհատ ուտելը. Տաթեւի հետ են գտել այդ լուծումը: Ինչ ասես չեն փորձել՝ ձիթապտուղ, նուռ, ամեն մեկը մի բանից ալերգիա ուներ, մինչեւ որ խնձորի վրա կանգ առանք:

Տաթեւիկ. Մի ամիս Արսենը ձիթապտուղ կերավ (ծիծաղում ենք,-հեղ.):


Արսեն. Շատ կուզեի մի անգամ կողքից նայել ներկայացումը, բայց ամբողջ ընթացքում բեմում եմ:

Տաթեւիկ. Այդպես մի ասա, մի բան կպատահի, պետք չի, որ նայես:


- Ի՞նչի մասին է ներկայացումը՝ ասեք մեկ բառով ու իրար չկրկնելով:

Արտուշ. Ու անպայման նախորդ բառի վերջին տառով (կատակում է, ծիծաղում ենք,-հեղ.):

Արսեն Ս. Խաղաղության:

Տաթեւիկ. Մարդու:

Արսեն Մ. (Լռում է,-հեղ.) երազանքների:

Արտուշ. Թռիչքի:

Լիլիթ. Ապրելու:


- Ի՞նչ հարց կտաք կամ ինչ կուզեք ասել ձեր կերպարներին:

Տաթեւիկ. Կուզե՞ս էլի բեմադրել, թե՞ ոչ (ծիծաղում ենք,-հեղ.):

Արսեն Ս. Կասեի՝ ապրես:

Արսեն Մ. Նախավերջին հարցն ինձ համար ե՛ւ շատ համամարդկային, ե՛ւ խիստ անհատական. «Եվ վե՞րջ»: Շատ լավ հարց է, որը ե ՛ւ սկիզբ կարող է լինել, ե ՛ւ վերջ:

Տաթեւիկ. Հիշեցի, իսկ ինձ դուր է գալիս դրա պատասխանը. «Քի՞չ է ապրելը»:

Արտուշ. Պոնչո կենեի Թռչնակին (ծիծաղում ենք,-հեղ.): Բառեր չէի գտնի ասելու, կգրկեի:

Լիլիթ. Իմ կերպարին խորհուրդ կտայի. «Գնա այս տղայի կյանքից»:


- Եվ վերջում՝ իրար ի՞նչ կասեք:

Արսեն Ս. Նախընտրում եմ վերցնել Արսենի թեւավոր բառն ու ասել. «Ուդեմ»:

Տաթեւիկ. Գալու եմ էլի:

Արսեն. Պաչ եւ կսպասենք:

Լիլիթ. Սիրեմ գը:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Գյումրու դրամատիկական թատրոնի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW