«Գաֆէսճեան» քանդակների պարտեզը երեկ երեկոյան վերածվել էր բացօթյա բեմի: Ալժիրական ծագմամբ ֆրանսիացի խորեոգրաֆ Էրվե Կուբին եւ նրա պարախումբը ներկայացրին «Բարբարոս գիշերներ կամ մարդկության առաջին լուսաբացները» բեմադրությունը՝ եզրափակելով սեպտեմբերի 14-ից 28-ը Հայաստանում անցկացվող «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը։
Ներկայացումում ժամանակակից պարը հանդիպում է քաղաքային պարի շարժումներին, ակրոբատիկային ու մարտարվեստի տարրերին։ 14 պարողների շարժումները բեմում վերածվում են խմբային պատկերների, կտրուկ անցումների ու ակրոբատիկ դրվագների՝ ձեւավորելով դինամիկ ու ինտենսիվ բեմադրություն։
Բեմական այս պատկերներին ուղեկցում են Մոցարտի, Գաբրիել Ֆորեի եւ Ռիխարդ Վագների ստեղծագործությունները, որոնք միաձուլվում են ավանդական ալժիրյան երաժշտության հետ։
Բեմադրության առանցքում միջերկրածովյան ավազանի ժողովուրդների պատմական արմատներն են, ինքնության եւ ընդհանուր հիշողության թեմաները։ Կուբիի բեմադրությունում «բարբարոս» հասկացությունը կապվում է նաեւ «ազատ մարդ» գաղափարի հետ։
Երեւանյան ելույթից առաջ Էրվե Կուբին Bravo.am-ի հետ զրույցում խոսեց Հայաստանում առաջին անգամ հանդես գալու մասին. «Մեծ պատիվ է գտնվել Երեւանում։ Սիրում եմ աշխարհի այս տարածաշրջանը, քանի որ Հայաստանը հետաքրքիր խաչմերուկ է Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ, ինչը շատ կարեւոր է մեր ընդհանուր մեծ պատմության մեջ։ Հետաքրքիր է զգալ տարբեր ազդեցությունների համադրությունը, եւ ինձ համար հատկապես նշանակալից է «Բարբարոս գիշերները» ցուցադրել այստեղ»։
Կուբիի համար բեմադրության կարեւոր գաղափարներից մեկը մարդկանց արվեստի միջոցով միավորելն է. «Սա գեղեցիկ աշխատանք է, գեղեցիկ նպատակ, գեղեցիկ մարտահրավեր»։
Արվեստի միջոցով մարդկանց միավորելու գաղափարը «Թէատրոն» փառատոնի ծրագրային կարեւոր ուղղություններից է։ Փառատոնի հիմնադիր եւ գեղարվեստական տնօրեն Սաթէ Խաչատրյանը Bravo.am-ի հետ զրույցում առանձնացրեց մշակութային հասանելիության եւ ապակենտրոնացման կարեւորությունը:
«Ծրագրեր ենք անցկացրել Մեղրիում, Արտաշատում եւ Գավառում: Փառատոնի երկրորդ տարին է, եւ մեր դահլիճները լեփ-լեցուն են: Սա վկայում է, որ «Թէատրոնը» կարողացել է իր ուրույն տեղը գրավել հայաստանյան մշակութային համայնապատկերում»,- նշել է նա։
«Թէատրոնն» այս տարի նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին:
Տեքստը՝ Լիանա Թեհմուրյանի
Լուսանկարները՝ Դավիթ Ջոթյանի եւ «Թէատրոն»-ի


×
112





