Լոս Անջելեսում MTV Video Music Awards մրցանակաբաշխությունը հերթական անգամ համախմբել է ոլորտի ամենահատնի դեմքերից շատերին։ «Peacock» թատրոնում տեղի ունեցած միջոցառումն առանձնացել է տպավորիչ ելույթներով եւ հիշարժան պահերով։
Երեկոն վարել է Սնուփ Դոգը, իսկ մրցանակաբաշխության գլխավոր աստղը դարձել է 68-ամյա Մադոննան: Նա 23 տարվա ընթացքում առաջին անգամ բացել է արարողությունը եւ արժանացել 7 մրցանակի, այդ թվում՝ «Տարվա արտիստ» եւ «Լավագույն ալբոմ» անվանակարգերում՝ «Confessions II»-ի համար:
Սաբրինա Քարփենթերը Մադոննայի հետ երգել է «Bring Your Love»-ը, իսկ Չարլի XCX-ը նրան միացել է «Danceteria»-ի նոր տարբերակը կատարելու համար։
«The Fate of Ophelia»-ի համար «Տարվա տեսահոլովակ» մրցանակը ստացել է Թեյլոր Սվիֆթը։ «Opalite» տեսահոլովակի շնորհիվ էլ նա դարձել է առաջին արտիստը, ով հաղթում է «Լավագույն ռեժիսոր-կատարող» անվանակարգում։ 36-ամյա երգչուհին նաեւ առաջինն է, ով ստացել է «Artist Director Honors» պատվավոր մրցանակը։
Սվիֆթը «Moon Person» մրցանակների ընդհանուր թիվը հասցրել է 31-ի՝ գերազանցելով Բիյոնսեին ու դառնալով MTV Video Music Awards-ի պատմության մեջ ամենաշատ մրցանակներ ստացած արտիստը։
«Տարվա լավագույն տեսահոլովակ» անվանակարգում մրցանակը ստանալիս Սվիֆթն իր հաղթանակը նվիրել է վերջերս 80 տարեկանում կյանքից հեռացած քանթրի երաժշտության լեգենդ Դոլի Փարթոնին: Երգչուհին շնորհակալություն է հայտնել Փարթոնին թողած ժառանգության համար եւ խոստովանել, որ արտիստները բախտավոր են եղել՝ նրա հետ ապրելով նույն դարաշրջանում։
«Swim» երգի համար «Տարվա երգ եւ խումբ» անվանակարգերում հաղթել է «BTS» k-pop խումբը, իսկ երկրպագուների քվեարկության արդյունքում «Լավագույն նոր արտիստ» է ճանաչվել Սիեննա Սպիրոն։
Բրունո Մարսն իր «I Just Might» երգով հաղթել է «Լավագույն R&B» անվանակարգում, իսկ Քարդի Բին եւ Քելանին՝ «Լավագույն հիփ-հոփ» անվանակարգում («Safe»): Ռեփեր Բեդ Բաննիի «NUEVAYoL»-ն էլ ճանաչվել է «Լավագույն լատինական երգ»։
Nirvana-ի անդամներն արժանացել են «Video Vanguard Award» մրցանակին՝ երաժշտական տեսահոլովակների եւ փոփ մշակույթի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։


×
82





