Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում հոկտեմբերի 7-ին առաջնախաղ կլինի. Պուշկինի «Փոքրիկ ողբերգություններ» պիեսի հիման վրա բեմադրիչ Զառա Անտոնյանի համանուն ներկայացումը կցուցադրվի «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում: BRAVO.am-ը բեմադրիչի հետ զրուցել է փակ դիտումից հետո:
Անտոնյանը պատմել է նոր աշխատանքի ստեղծման, Նյու Յորքում ստեղծագործելու եւ հայկական թատրոնի համար ներկայացումներ բեմադրելու մասին:
««Փոքրիկ ողբերգություններն» ինձ համար շատ սիրելի ու կարեւոր տեքստ է։ Այս պիեսի վրա սկսել եմ աշխատել շուրջ 10 տարի առաջ՝ իմ ուսանողների հետ, երբ բեմադրում էինք նրանց դիպլոմային աշխատանքները։ Կարծում եմ՝ հրաշալի է, որ այսքան տարի անց նորից հնարավորություն եւ մեծ ցանկություն ունենք հավաքվելու, վերադառնալու այս նյութին եւ միասին սուզվելու նոր, հետաքրքիր ստեղծագործական գործընթացի մեջ։
Համազգային թատրոնում այս բեմադրությունն իրականացնելը պատահականություն չէր։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանին վաղուց եմ ճանաչում. միասին ենք սովորել եւ իրականացրել բազմաթիվ թատերական նախագծեր։ Սիրում եւ հպարտանում եմ նրանով։ Եվ երբ առաջարկեց բեմադրություն անել թատրոնում, ինձ համար հիանալի առիթ էր, հատկապես, որ իմ նախկին ուսանողներից շատերը հենց Համազգայինում են աշխատում»,- կիսվել է նա:
Անտոնյանը երջանիկ է, որ հնարավորություն է ընձեռվել աշխատել սիրելի ու հարազատ մարդկանց հետ, որոնց թվում են իր ուսուցիչ Նունե Վարդանյանը, որը թարգմանել է Պուշկինի ստեղծագործությունը, եւ, իհարկե, իր ուսանողների, որոնք հիմա արդեն պրոֆեսիոնալ դերասաններ են:
Դերերում են Անդրանիկ Միքայելյանը, Հարություն Հովհաննիսյանը, Մարիկա Դովլաթբեկյանը, Եվա Զոհրաբյանը, Հռիփսիմե Նահապետյանը, Հարություն Սարգսյանը եւ Մանվել Սարգսյանը։
«Փոքրիկ ողբերգություններ» ներկայացումը
«Ներկայացման նկարիչն է Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը, որը բազմաթիվ հրաշալի բեմադրություններ է անում Համազգայինում։ Ինստալյացիայի հեղինակն Ալինա Ալեքսանյանն է, որի հետ աշխատելն ինձ համար մեծ հաճույք է: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Գայանե Ավետիսյանին՝ իր հիասքանչ աշխատանքները տեսապրոյեկցիաների եւ ազդագրի համար տրամադրելու համար, ինչպես նաեւ Նիկիտա Մոնախովին, ով իրականացրել է պրոյեկցիոն դիզայնը»,- շարունակել է Անտոնյանը:
Ներկայացումը նվիրվում է պատերազմում հերոսաբար զոհված Ադամ Խալաթյանի հիշատակին:
Բեմադրիչը նշել է, որ Հայաստանում շատ հագեցած ու բուռն ամառ է անցկացրել եւ գրեթե չի հեռացել թատրոնից՝ աշխատելով ու փորձեր անելով գիշեր ու ցերեկ, որպեսզի ամեն ինչ ժամանակին ավարտին հասցնեն:
Երեւանյան բեմադրությունները
Վերջին մի քանի տարիներին Անտոնյանը Երեւանում ամառային արձակուրդների ժամանակ հիմնականում բեմադրություններ էր արել «Բաբելոն» թատրոնի համար։ Քանի որ բնակվում է Միացյալ Նահանգներում, միշտ չէ, որ կարողացել է ներկա լինել իր ներկայացումների պրեմիերաներին, որոնց թվում էին Էդգար Ալան Պոյի «Սեւ կատուն» եւ Վլադիմիր Նաբոկովի «Բառը» պատմվածքի հիման վրա ստեղծված «Է»-ն, իսկ հիմա՝ «Փոքրիկ ողբերգությունները»:
«Վերջինն ինձ համար իսկապես երկար սպասված բեմադրություն-հանդիպում է, որն ունի ընդգծված անձնական ու ստեղծագործական նշանակություն։ Անչափ պատասխանատու էր տարիներ անց վերադառնալ արդեն արված աշխատանքին եւ այն ամբողջովին նորովի բացահայտել ու վերաիմաստավորել։ Բայց պրեմիերային ներկա չլինելն ինձ չի անհանգստացնում, որովհետեւ մշտապես կապի մեջ եմ ստեղծագործական խմբի, դերասանների եւ թատրոնի հետ: Ուրախ եմ, որ իմ նշած բոլոր ներկայացումներն արդեն խաղում են Համազգային թատրոնի բեմում։ Դրանք ընդունվել են ջերմությամբ՝ հայտնվելով հուսալի ու սիրող ձեռքերում»,- շեշտել է բեմադրիչը:
«Փոքրիկ ողբերգություններ» ներկայացումը
Նյույորքյան խրոնիկա
Նա Նյու Յորքում դասավանդում է Ստելլա Ադլերի դերասանական արվեստի ստուդիայում (Stella Adler Studio of Acting)՝ կոնսերվատորիայի ծրագրի ուսանողներին փոխանցելով դերասանական շարժման արվեստը: Իսկ որպես բեմադրիչ՝ աշխատում է նաեւ Նյու Յորքի համալսարանի ուսանողների հետ՝ իրականացնելով նրանց դիպլոմային ներկայացումները:
«Ինձ համար մեծ բավականություն է ուսանողների հետ աշխատելը, եւ իմ թատերական գործունեությունը Նյու Յորքում հիմնականում ծավալվում է հենց կրթական ոլորտում»,- պատմել է Զառա Անտոնյանը:
Թատերական միտումները
Անտոնյանը պլանավորում է Հայաստանում նոր ներկայացումներ բեմադրել, սակայն դեռ մանրամասներ չի հայտնում: Կարդում է եւ նոր նյութեր ուսումնասիրում, որպեսզի գտնի Համազգային թատրոնի դերասանական խմբին ու խաղացանկին համապատասխանող պիեսը:
Բեմադրիչը խոսել է նաեւ դերասանների նոր սերնդից ու աշխարհում տարածված թատերական միտումներից. «Շատ հետաքրքիր երիտասարդ սերունդ ունենք, եւ այսօր տեղի են ունենում իսկապես ուշագրավ թատերական գործընթացներ, ուսումնասիրություններ ու ստեղծագործական որոնումներ։ Ամեն անգամ Հայաստան գալով՝ մեծ հաճույքով եմ ներկայացումներ դիտում: Անչափ ուրախալի է տեսնել, որ գրեթե բոլոր թատրոններում էլ հետաքրքիր ստեղծագործական ընթացք կա։
Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեզ մոտ ձգտում են վերաիմաստավորել դասական գործերը, ժամանակակից դրամատուրգիան եւ թատերական նորարարական ձեւերը։ Կարծում եմ՝ այս առումով մենք ոչնչով չենք զիջում միջազգային թատերական զարգացումներին։ Աշխարհն այսօր շատ բաց է, մենք ավելի ընկալունակ ենք միմյանց փորձի ու գաղափարների նկատմամբ, եւ ի վերջո, բոլորս էլ նույն բանն ենք փնտրում՝ նոր խոսք թատրոնում։ Արդեն այնքան բան է ասվել ու ստեղծվել, որ այսօր թատրոնի ամենակարեւոր մարտահրավերներից մեկն այն է, թե ինչպես նորովի խոսել մարդու եւ աշխարհի մասին»։
Նրա համար անչափ կարեւոր է, որ այդ որոնումների ընթացքում չկորչի կապն այսօրվա իրականության հետ։ Կարծում է, որ թատրոնում խոսում են մարդու մասին հենց այն ժամանակի համատեքստում, որում ապրում են. «Այսօր հատկապես կարեւոր է զգալ ներկան ու կարողանալ բարձրաձայնել մեր ժամանակակցի ցավերի, վախերի, հույսերի ու ապրումների մասին։ Հենց այդ կենդանի կապն է թատրոնին հաղորդում իր իրական էությունն ու ուժը»:
«Փոքրիկ ողբերգություններ» ներկայացումը
«Հայկական թատրոնն ինձ համար ամենասիրելին է»
Զառա Անտոնյանի խոսքով՝ ինչպես ամբողջ աշխարհում, ԱՄՆ-ում էլ այսօր թատրոնն անհավանական բազմազան է, դինամիկ ու շատ արագ արձագանքող։ Կարեւորվում է նորարարությունը, արվեստների համադրումն ու սուր սոցիալական հարցադրումները։
«Եթե փորձեմ առանձնացնել հիմնական միտումները, ապա առաջինն իմերսիվ եւ տարածքային (Site-Specific) թատրոնն է։ Այստեղ «չորրորդ պատը» գրեթե չկա. ներկայացումները դուրս են գալիս ավանդական բեմերից դեպի ոչ ստանդարտ տարածքներ, որտեղ հանդիսատեսն այլեւս լուռ դիտորդ չէ, այլ գործողության ակտիվ մասնակից։
Մյուս կարեւոր ուղղությունը, որն ինձ շատ հարազատ է, ֆիզիկական թատրոնն է։ Տեքստակենտրոն դրամատուրգիային զուգահեռ՝ մեծանում է շարժման ու պլաստիկայի դերը։ Դերասանի մարմինն այստեղ դրամատուրգիայի, հույզի եւ իմաստի ձեւավորման հիմնական կենտրոնն է։
Եվ, իհարկե, մուլտիմեդիան ու թվային տեխնոլոգիաները։ Բեմում ակտիվորեն կիրառվում են ուղիղ հեռարձակումներ, պրոյեկցիոն դիզայն, անգամ ԱԲ լուծումներ։ Ընդ որում, տեխնոլոգիան ոչ միայն ֆոն է հանդիսանում, այլեւ դառնում է ներկայացման լիարժեք «գործող անձ»։ Եվ, իհարկե, դասականի վերաիմաստավորումը, ռեժիսորներն ավելի հաճախ են հրաժարվում գծային սյուժեից՝ դիմելով էտյուդային ու կոլաժային կառուցվածքին»,- պատմել է բեմադրիչը։
«Փոքրիկ ողբերգություններ» ներկայացումը
Թատրոնն անընդհատ վերաիմաստավորում է իր սահմանները՝ փնտրելով ներկա պահի զգացողությունն ու մարդկային փորձառությունն ավելի սուր եւ անմիջական ձեւերով փոխանցելու ճանապարհներ. «Հայկական թատրոնն էլ է նույն որոնումների մեջ: Ինձ համար այն ամենասիրելին է. այնտեղ են իմ համախոհները, հարազատ ու մտերիմ մարդիկ»։
Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Զառա Անտոնյանի անձնական արխիվից եւ Համազգային թատրոնի


×
199






