×


«The Notebook»-ի սիրո պատմությամբ՝ Արեւիկ Գեւորգյանը վերադառնում է բեմ

Ամենակարող սերը Արեւիկ Գեւորգյանին կրկին կապել է թատրոնի հետ: Նա «Թատրոն տանիքում»-ի նոր բեմադրության մեջ մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին: Հոկտեմբերի 17-ին եւ 18-ին կայանալիք «Հիշում եմ» ներկայացման պրեմիերայից առաջ դերասանուհին Bravo.am-ին պատմել է իր կերպարի եւ սպասումների մասին:

- Արեւիկ, եթե չեմ սխալվում, վաղուց թատրոնում պրեմիերա չէիք ունեցել։ Ինչո՞ւ որոշեցիք նորից վերադառնալ բեմ։

- Ինձ համար թատրոնում լինելը երբեք ինքնանպատակ չի եղել, բայց, միեւնույն է, բեմը շատ էի կարոտել։ Երբ «Թատրոն տանիք»-ից ստացա այս առաջարկը, հատկապես՝ այս ձեւաչափով եւ այսքան հոգեհարազատ բովանդակությամբ, միանգամից համաձայնեցի։


- Ինչպե՞ս եք պատրաստվել ներկայացմանն ու ի՞նչ սպասումներ ունեք։

- Փորձերը շատ ինտենսիվ են. սկսվում են եւ չեն ավարտվում։ Դերն ինձ հետ տուն է գալիս, ապրում իմ կենցաղում, մտքումս, սրտումս։ Ժամանակը շատ քիչ է, եւ ես չեմ ուզում որեւէ պահի կորցնել կապը կերպարիս հետ։

- Ինչո՞վ է անձամբ Ձեզ գրավում այս ներկայացումն ու ռեժիսորի հետ աշխատանքը։ Նախկինում համագործակցե՞լ եք։

- Ինձ շատ է գրավում այլընտրանքային թատրոնի գաղափարը։ Հատկապես այս տարածքը՝ տանիքը, երկինքը, բաց տարածությունն ու այն ազատությունը, որը ստեղծագործելու հնարավորություն է տալիս։


Ռեժիսոր Մխիթար Դանիելյանի հետ աշխատելն ինձ համար հետաքրքիր է նաեւ հենց այդ ազատության պատճառով։ Շատ կարեւոր եմ համարում, որ դերասանի եւ ռեժիսորի միջեւ փոխըմբռնում լինի, փոխադարձ վստահություն եւ միմյանց ստեղծագործական էներգիայով «վարակելու» ցանկություն։

- Մի քիչ պատմեք նաեւ խաղընկերների մասին։

- Խաղընկերներիս հետ նախկինում չէի աշխատել, այնպես որ, սա ինձ համար նաեւ նոր ու շատ հետաքրքիր փորձառություն է։ Շատ ուրախ եմ Հայկ Սմբատյանի, Սուսաննա Բաղդասարյանի, Արամ Կոստանյանի, Բաբկեն Շահբազյանի եւ Աիդա Սիմոնի հետ աշխատելու համար։


Բայց այս ներկայացման մեջ ինձ համար շատ կարեւոր է նաեւ այն մարդկանց ներկայությունը, ովքեր ֆիզիկապես բեմում չեն, բայց իրենց աշխատանքով ներկա են յուրաքանչյուր տեսարանում։ Օրինակ՝ մեր երաժշտական ձեւավորումը Հրանտ Շիրինյանինն է։ Նրա ստեղծած երաժշտությունը շատ գեղեցիկ կերպով պատմում է այն, ինչը երբեմն բառերով հնարավոր չէ արտահայտել։

- «Հիշում եմ» ներկայացումը հայտնի «The Notebook» ֆիլմի մոտիվներով է։ Հիշո՞ւմ եք, թե երբ եք առաջին անգամ դիտել ֆիլմը եւ ի՞նչ եք զգացել։

- Ֆիլմը շատ վաղուց եմ դիտել՝ 19 տարեկանում։ Իսկ այդ տարիքում մենք, երեւի, միշտ մի քիչ սիրահարված ենք, չէ՞: Իսկ Նիկոլաս Սփարքսի «Նոթատետր» վեպը վերջերս եմ կարդացել, որպեսզի պիեսին հնարավորինս ամբողջական մոտենամ։ Հնարավոր չէ ներկայացման մեջ ներառել ամբողջ վեպը, որովհետեւ այն շատ մանրամասն է՝ թե՛ իրադարձությունների, թե՛ հերոսների ներքին աշխարհի գույների առումով։

Բայց ինձ համար այդ ամբողջ աշխարհը ճանաչելը շատ կարեւոր էր, որպեսզի կարողանամ ներսից վերապրել Էլլիին։


Ինձ համար նույնիսկ ամենափոքր մանրուքն ունի նշանակություն։ Ինչպե՞ս է Էլլին թեյ խմում, ինչպե՞ս է կարոտում կամ ինչի՞ մասին է մտածում, երբ լուռ է, ես՝ որպես դերասանուհի, այդ բոլոր պատասխանները պետք է ունենամ։ Կերպարը սկսում է իրական դառնալ այն ժամանակ, երբ դու նրա մասին գիտես նույնիսկ այն, ինչը հանդիսատեսը երբեք չի տեսնելու։

- Ձեր կարծիքով՝ հանդիսատեսն ի՞նչ է տանելու եւ քաղելու այս պատմությունից։ Ի՞նչ է հիշելու հետո։

- Կան ներկայացումներ, որոնք ուզում եմ խաղալ, եւ կան ներկայացումներ, որոնք ուզում եմ դիտել։ Այս ներկայացումը երկուսն էլ միաժամանակ է։ Այս պատմությունը խաղալու կարիքը շատ ունեմ։ Ու նաեւ կարիք ունեմ այն դիտելու, որպեսզի ինքս էլ չմոռանամ ամենակարեւորի մասին։ Իհարկե, շատ սուբյեկտիվ եմ, բայց կարծում եմ՝ այս պատմությունը անտարբեր չի կարող թողնել սիրող սիրտ ունեցող մարդուն։


Ինչպես կյանքի հիմքում, ներկայացման հիմքում եւս սերն է։ Սերը՝ որպես հաստատուն մի բան։ Ինչքան ուզում ես՝ այն պատռիր, լցրու կենցաղով, ճզմիր, անցկացրու ժամանակի միջով, ենթարկիր փորձությունների, վեճերի ու խնդիրների, այն չի սպառվում։ Սերը ֆիզիկական մեծություն չէ․ այն դուրս է գալիս նյութի եւ ժամանակի կոշտ տրամաբանությունից։

Մենք հաճախ, մոլորվելով մեր սահմանափակ ընկալումների մեջ, սիրուն վերագրում ենք մի ծավալ, որը կարող է դատարկվել, կամ ջերմաստիճան, որը կարող է սառչել։ Բայց ճշմարիտ սերը զգացմունքային պաշար չէ, որը մի օր սպառվում է։ Այն գոյաբանական վիճակ է՝ մարդու հոգեկան աշխարհի ամենախորքային եւ անքակտելի առանցքներից մեկը։

Եվ գուցե հենց սա է այն միտքը, որը կուզեի, որ հանդիսատեսը տանի իր հետ՝ երբ ամեն ինչ էլ մոռացվի, սերը կմնա։

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ «Թատրոն տանիքում»-ի

Կարդալ ավելին

Quality Sign BW