×


Վարդան Պետրոսյանը

«Մենք երազում էինք սոված լինել, որպեսզի նմանվենք Վան Գոգին». «Կյանքը նամակներում» հայերեն գրքի շնորհանդեսը

Նա նորից ու նորից իրեն էր պատկերում ինքնանկարներում։ Փոխվում էին հագուստը, ֆոնը, դեմքի արտահայտությունը, բայց դրանցում ավելի ու ավելի էր բացահայտվում սեփական աշխարհում փակված, խոր մենակություն ապրող մարդը։

Վինսենթ վան Գոգի ներաշխարհը բացահայտելու հնարավորություն են տալիս ոչ միայն կտավները, այլեւ գրի առած մտորումները: Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում տեղի է ունեցել «Վինսենթ վան Գոգ. կյանքը նամակներում» գրքի շնորհանդեսը։ Նշվում է, որ ժողովածուն նկարչի նամակների առաջին հայերեն թարգմանությունն է, որը կատարվել է անմիջապես բնագրից: Նամակները գրվել են հոլանդերեն, ֆրանսերեն եւ անգլերեն:


Հոլանդացի թարգմանիչ, հայագետ եւ Ամստերդամի «Մատթեոս Ծարեցի» հիմնադրամի համահիմնադիր Աննա Մարիա Մատտաարը պատմել է թարգմանության ընթացքում առաջացած դժվարությունների մասին:

«Թարգմանելիս ինձ թվում էր, թե շատ նամակներում այնքան էլ Վինսենթի լեզուն չէ։ Եվ միայն հետո հասկացա, որ այդ նամակները գրվել են ֆրանսերեն։ Ստիպված եղա նորից սկսել՝ արդեն ֆրանսերենից թարգմանելով։ Պետք է խոստովանեմ, որ ֆրանսերենին այնքան էլ լավ չեմ տիրապետում, բայց բախտս բերեց, որ հենց Վան Գոգն էլ ֆրանսերենին լավ չի տիրապետել։ Իրականում այս նամակները գրված են ֆրանսերեն բառերով, բայց հոլանդական մտածողությամբ»,- նշել է Մատտաարը:

Աննա Մարիա Մատտաարը


Գրքում ժամանակագրական հերթականությամբ ներկայացված են Վան Գոգի 76 նամակները, որոնք գրվել են 1880–1890 թվականներին: Դրանք թույլ են տալիս հետեւել նրա կյանքի կարեւոր իրադարձություններին, եղբոր՝ Թեոյի հետ հարաբերություններին եւ ստեղծագործական որոնումներին: Ընդ որում, նամակները դառնում են ոչ թե պարզապես կենսագրական նյութ, այլ նկարչի յուրօրինակ զրույցը ընթերցողի հետ՝ կենդանի, անկեղծ եւ հեռավորությունից զուրկ:

«Վերնատուն» հրատարակչության տնօրեն Ներսես Տեր-Վարդանյանի խոսքով՝ Վան Գոգի նամակների ուսումնասիրության եւ վերաուսումնասիրության 15-ամյա նախագիծը (1994-2009) նախաձեռնել են Ամստերդամի «Վան Գոգի թանգարանը» եւ «Հյուգենս ինստիտուտը»։ Մասնագետներն ուսումնասիրել են նկարչի բոլոր նամակները, համեմատել դրանք գոյություն ունեցող հրատարակությունների հետ եւ պատրաստել վեց նոր հատոր՝ 903 նամակով։

Ներսես Տեր-Վարդանյանը


2020 թվականին հետազոտողները որոշեցին ստեղծել առանձին հրատարակություն՝ ընթերցողների լայն շրջանակի համար։ Ժողովածուում ընդգրկվեց 76 նամակ, որոնք, ըստ նրանց, առավել լիարժեք են ներկայացնում նկարչին ու նրա ապրած դարաշրջանը։ Հենց այս ժողովածուն էլ «Վերնատուն» հրատարակչությունը թարգմանել է հայերեն։


Գրքում առանձնահատուկ տեղ է հատկացված տեսողական նյութին։ Այն նամակները, որոնց Վան Գոգը կցել էր իր էսքիզները, ներկայացված են ֆաքսիմիլեներով: Բացի այդ, հրատարակության մեջ ներառված են լուսանկարներ եւ նամակներում հիշատակված գործերի վերարտադրություններ։


Վան Գոգի ազդեցությունը դուրս է նրա կտավների եւ նամակների սահմաններից: Հայ նկարիչների մի ամբողջ սերնդի համար նա դարձել էր արվեստին նվիրվածության եւ սեփական ուղուն հավատարիմ մնալու օրինակ: Դերասան, սցենարիստ եւ նկարիչ Վարդան Պետրոսյանը պատմել է, թե ինչպես էին ուսանողները վերաբերվում նկարչին իր երիտասարդության տարիներին.

«Թերլեմեզյանի անվան ուսումնարանը մեր ժամանակ կարելի էր անվանել Թերլեմեզյանի եւ Վան Գոգի անվան ուսումնարան։ Մենք՝ ուսանողներս, բոլորս դառնում էինք փոքրիկ Վան Գոգեր։ Բոլորիս մեջ կար նրա ազնվությունն ու արվեստին նվիրվածությունը։ Վան Գոգը մեզ սովորեցրեց մնալ անդավաճան. հեշտ բան չէ ապրել անտուն, աղքատ, սոված եւ չդավաճանել քո գործին։ Այդ ժամանակ մենք երազում էինք սոված լինել, որպեսզի նմանվենք Վան Գոգին»:

Վարդան Պետրոսյանը


Պետրոսյանը նաեւ նշել է, որ ուսանողները ցանկանում էին ամեն ինչում նմանվել նկարչին՝ նկարել նրա պես, ապրել նրա պես եւ նույնիսկ կրկնօրինակել արտաքինը: Նրանք վիճում էին, թե ով է ավելի լավը՝ Վան Գո՞գը, թե՞ Պոլ Գոգենը: Նմանվելու ցանկությունն այնքան մեծ էր, որ նույնիսկ ուզում էին մորուքները կարմրավուն ներկել, ինչպես Վան Գոգինն էր, բայց վերջում չէին համարձակվում: Դերասանի խոսքով՝ դա մի ամբողջ սերունդ է, որ մեծացել է Վան Գոգով:

Եվ, թերեւս, հենց դրա համար է, որ այսքան տարի անց նրա նամակները շարունակում են հնչել այդքան անձնական: Հայտնի կտավների, ինքնանկարների եւ նկարչի կերպարի հետեւում մնում է մարդը, որը գրում էր իր կասկածների, որոնումների, հարազատների եւ արվեստի մասին:

Վրեժ Քասունին


Հայերեն հրատարակությունն իրականացվել է Գրականության հոլանդական հիմնադրամի եւ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ:

Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW