×


Վարդուհի Վարդանյանի հիշատակի համերգից առաջ ծնվել է նրա երկրորդ թոռնուհին

20 տարի անց էլ ժամանակը կարծես անզոր է երգչուհի Վարդուհի Վարդանյանի կերպարն ու նրա ստեղծագործական շունչը հիշողություններից ջնջելու հարցում։ Նրա պայծառ անունը շարունակում է միավորել մարդկանց այնպես, ինչպես անում էր նրա կենդանության օրոք։ 

Այս տարի լրանում են երգչուհու ծննդյան 50-ամյակն ու մահվան 20-րդ տարելիցը, եւ նրա ընկերները, հարազատներն ու երաժշտական ընտանիքն իրենց սերն ու ջանքերը միավորել են՝ անմոռանալի եւ հուզումնալից երեկո կազմակերպելու համար։

Նույն կարոտով՝ 20 տարի անց

Նվագախմբի եւ Վարդուհու մտերիմների հետ առաջին փորձը լի էր անբացատրելի հուզմունքով։ Տարիներն անցել են, բայց սենյակում թեւածող կարոտն այնքան խորն էր, որ յուրաքանչյուր նոտա կարծես վերք էր բացում։

Սիրուշոն, խոսելով Վարդուհու հետ ունեցած անխզելի ընտանեկան ու ընկերական կապի մասին, խոստովանում է.

«Դժվար է հաշտվել կորստի հետ... Չնայած 20 տարի է անցել, ամեն ինչ նույնն է մնացել։ Հենց երաժիշտները սկսում են երգերի առաջին նոտաները նվագել, ամեն ինչ դժվարանում է։ 20 տարի առաջ Վարդուհին ավելի փոքր էր, քան ես հիմա։ Վստահ եմ՝ հիանալի մայր ու տատիկ կլիներ։ Քիչ ապրեց, բայց նրա երգերը մինչեւ հիմա էլ հնչում են ու դեռ հնչելու են»։


Երգչուհու հետ կապված հիշողությունները Սիրուշոյի համար միահյուսված են անկեղծության, կենսուրախության եւ խենթությունների հետ։ Հիշեց մի ջերմ ու ժպիտ առաջացնող դեպք.

«Չնայած մեր միջեւ եղած տարիքային տարբերությանը՝ հյուրախաղերի ժամանակ շատ խենթություններ ենք արել ու գիժ պահեր ունեցել։ Մի անգամ համերգից ուշանում էինք։ Երկուսս էլ ուշացող էինք ու չհասցրինք ժամանակին հասնել հրապարակում տեղի ունեցող համերգին, թեեւ խոստացել էինք հասնել։ Հրապարակ մտանք այն պահին, երբ համերգն արդեն ավարտվել էր, ու սկսվել էր հրավառությունը։ Երկուսով նայում էինք գեղեցիկ հրավառությանն ու հասկանում, որ համերգը բաց ենք թողել»։

Անդրադառնալով Վարդանյանի մահից հետո իր ստեղծած «Մեզ ոչինչ չի բաժանի» հուզիչ երգին՝ Սիրուշոն անկեղծացավ.

«Նույնիսկ չեմ ուզում հիշել. ինձ համար շատ ծանր ժամանակ էր։ Դժվարությամբ եմ գրել այդ երգը։ Ինձ ստեղծագործելն ու երգ գրելն են ամենաշատն օգնում արտահայտվել։ Հիմա չեմ էլ ուզում մարդկանց ավելի ծանրաբեռնել, որովհետեւ շատ դժվար օրերն էին՝ գերեզմանատուն, հիշողություններ, եւ ուղղակի ծնվեց այդ երգը։ Երգելիս այնպիսի տպավորություն ունեմ, որ դեպքը հենց հիմա է պատահել»։

Միավորող ուժ եւ սեր, որը չի մարում

Այս համերգը ոչ միայն հիշատակի երեկո է, այլեւ յուրօրինակ կամուրջ՝ անցյալի ու ներկայի միջեւ։ Ընկերները նշում են, որ Վարդուհու թողած ստեղծագործական ժառանգությունն ահռելի է: Նույնիսկ տարիներ անց ստուդիաներում կիսատ մնացած կամ չհրապարակված ձայնագրությունները վերհիշելիս նրանք կրկին զգացել են նրա ներկայությունը։


Սյուզան Մարգարյան

«Երբ հիշատակի առաջին միջոցառումների համար թերթում էինք նրա գործերը, հասկացանք, որ իր կյանքի 30 տարիների ընթացքում ահռելի աշխատանք է կատարել եւ մեծ ժառանգություն թողել։ Եվ պատահական չէ, որ այսօր նրա երգերը մեծ սիրով լսում ու կատարում են երիտասարդները։ Տարիներ շարունակ փորձում էինք վերականգնել ու կատարել կիսատ մնացած նրա երգերը։ 20 տարի է՝ մեզ հետ չէ, բայց հավատացեք՝ ամեն անգամ նրա գերեզմանին այցի գնալիս, կարծես թե տարիները մեզ չեն բաժանել։ Մինչեւ հիմա իմ ականջներում հնչում է իր ծիծաղի ձայնն ու զրնգուն քրքիջը»։


Սոֆի Մխեյան

«Վարդուհու հետ կապված միայն դրական ու ջերմ ժպիտ առաջացող հիշողություններ ունեմ։ Նա իսկապես սեր էր, որը ջերմություն էր տալիս բոլորին»։


Ալլա Լեւոնյան

«Վարդուհին այն բացառիկ կենտրոնն էր, որը միշտ բոլորիս կապել է իրար։ Այնքան գունեղ մարդ էր՝ իր վառ կերպարով, տեսակով, մաքրությամբ, արդարամտությամբ, երեխայի պես անկեղծությամբ, ազնվությամբ։ Տպավորություն չլինի, թե այսօր մեզ հետ չէ, դրա համար ենք գովեստի խոսքեր ասում: Իսկապես նա բոլորիս կապում էր իրար։ Նրա պակասը շատ է զգացվում, հատկապես՝ այս դժվար օրերին։ Սիրում ու կարոտում ենք նրան: Հուսամ՝ ամեն ինչ հրաշալի կանցնի, հանդիսատեսի հետ մեր սերն ու ջերմությունը կփոխանցենք մեր Թութուշին»։


Սերը, որ շարունակվում է փոքրիկ Վարդուհու մեջ

Սպասվելիք հուզիչ երեկոյի ամենախորհրդանշական եւ ջերմ պահերից է երգչուհու թոռնուհու՝ փոքրիկ Վարդուհու մասնակցությունը: 

Երգչուհու որդին՝ Ռուբեն Ավոյանը, նշում է, որ համերգի գաղափարը վաղուց էր հասունացել ընտանիքի եւ ընկերների սրտերում։ «Բարձրաձայն կարոտ» խորագրով համերգին հանդիսատեսին սպասվում են անակնկալներ, այդ թվում՝ փոքրիկ Վարդուհու հուզիչ կատարումը, որը մեծ սիրով երգելու է տատիկի երգերից։ 

Լույսի հետքերով

Վարդուհի Վարդանյանի սաները մինչ օրս անսահման երախտագիտությամբ են հիշում նրա դասերն ու մարդկային տեսակը։ 

«Երբ դասասենյակ էի մտնում, առաջինը տեսնում էի նրա ժպիտն ու դրական էմոցիաները։ Նա արեւ էր: Միշտ ասում էր. «Անհնարին ոչինչ չկա: Քո քրտինքով ամեն ինչի կարող ես հասնել, եթե չկոտրվես»։ Նա մեզ հաղթողի կերպար էր փոխանցում՝ սովորեցնելով երբեք չխոսել պարտության մասին»,- անկեղծանում է Հռիփսիմե Հակոբյանը։


Իսկ Անահիտ Շահբազյանը, ով 2008 թվականին «Բազե» փառատոնի շրջանակում ստացել էր Վարդուհի Վարդանյանի անվան առաջին մրցանակը, խոստովանում է, որ մանկության տարիներին բեմում նրան տեսնելիս միշտ թվացել է, թե նա իսկական փերի է։

Հոկտեմբերի 7-ին Վարդուհու ընկերները բեմում ու դահլիճում մի փոքր ավելի մոտ կլինեն այդ լույսին։ 

Հ․Գ. Ու մինչ ընթանում են համերգի փորձերը, այս գիշեր ծնվել է Վարդուհի Վարդանյանի երկրորդ թոռնուհին՝ Լիլիթը։

Պատրաստեց՝ Արմինե Գեւորգյանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW