×


Լիպարիտ Ավետիսյանի մտերմիկ համերգն ու անսպասելի զուգերգը Շուշան Պետրոսյանի հետ

Համաշխարհային օպերային բեմերում հանդես եկող ՀՀ վաստակավոր արտիստ, տենոր Լիպարիտ Ավետիսյանն այս անգամ հանդիսատեսին հանդիպեց ակումբային, ավելի մտերմիկ ձեւաչափում։ Դասական արիաներին փոխարինելու էին եկել փոփ-կլասիկ եւ էստրադային ստեղծագործությունները։

BRAVO.am-ը զրուցել է Լիպարիտ Ավետիսյանի հետ՝ ակադեմիական բեմից «դուրս գալու», ազատ երգացանկի եւ հանդիսատեսի հետ կենդանի շփման կարոտի մասին։


- Լիպարիտ, կարելի՞ է ասել, որ ակադեմիական բեմից այս հարթակ տեղափոխվելով՝ կոտրում ես կարծրատիպերը։

- Չէ՛, կարծրատիպ կոտրելու խնդիր չկա. ես ո՛չ առաջինն եմ, ո՛չ էլ վերջինը։ Նման ոճով բազմաթիվ համերգներ եմ ունեցել նաեւ Օպերային թատրոնի մեծ դահլիճում՝ կրկին դաշնակահար Արմեն Աղաջանյանի հետ։ Նման ստեղծագործություններ կատարելը մեզ համար գերագույն հաճույք է։

Թատրոնում ամեն անգամ կատարում ես կոնկրետ դեր, ապրում ու վերապրում որեւէ կերպարի կյանքը։ Իսկ այս ժանրում, երբ կատարում ես գեղեցիկ երգեր, չկա դիրիժոր, չկա ռեժիսոր, կանք միայն դաշնակահար Արմենն ու ես, եւ յուրաքանչյուր բառը, նոտան մեր զգացմունքներն են, մեր մեկնաբանությունն ու մատուցումը։


- Այս ձեւաչափը թույլ է տալիս ազատ լինել նաեւ երգացանկի ընտրության հարցում։ Կա՞ն երգեր, որոնք ակադեմիական բեմում չէիր կարող կատարել, բայց այսօր հնչելու են։

- Այո, մի քանի երգ փոփ-կլասիկ ժանրից են։ Բացի այդ, առաջին անգամ պետք է կատարեմ նաեւ խորհրդային շրջանի էստրադային երգեր։ Այլ հարթակում այս գեղեցկագույն ստեղծագործությունները կատարելու հնարավորություն չունեմ, ու շատ ուրախ եմ, որ նման առիթ կա։


- Օպերայում հանդիսատեսը ծափահարում է հատուկ պահերի՝ արիաների ավարտին։ Այստեղ ունկնդիրը կարող է ժպտալ քեզ, ծափահարել նույնիսկ երգի ընթացքում։ Ո՞րն է ավելի շատ էներգիա տալիս՝ դասական լռությո՞ւնը, թե՞ անմիջական արձագանքը։

- Ես չեմ կարող այդ երկու գեղեցիկ ու բարդ բեւեռները համեմատել։ Բայց այս մտերմիկությանը, այո՛, կարոտում եմ։ Երբ ազատ ժամանակ եմ գտնում, կազմակերպում ենք այսպիսի համերգներ, որովհետեւ իսկապես սիրում եմ ջերմ, անմիջական շփումը հանդիսատեսիս հետ։ Օպերայում ունկնդիրը նույնպես շատ ջերմ է, բայց այնտեղ դու կերպար ես մարմնավորում՝ Լիպարիտ Ավետիսյանը չես։ Միայն ամենավերջում, երբ դուրս ես գալիս խոնարհվելու, այդ ժամանակ ես դառնում Լիպարիտ Ավետիսյան, իսկ մինչ այդ կոնկրետ պերսոնաժ ես։


- Այսօր ո՞ւմ հետ ես կիսելու բեմը։

- Դաշնամուրի մոտ իմ անկրկնելի, շատ սիրելի ընկեր Արմեն Աղաջանյանն է։ Ինձ հետ բեմում կլինեն շատ տաղանդավոր երիտասարդ երգչուհիներ Մոնիկա Մանուչաորվան եւ Լիլիթ Աբրահամյանը։


- Եթե երեք բառով բնութագրես այս երեկոն:

- Սեր, գեղեցկություն եւ, անշուշտ, բարություն։ Առանց սիրո իմ ձայնը չի հնչի այնպես, ինչպես հնչում է։

- Սա պարզապես դասական շրջանակներից դուրս գալու ցանկությո՞ւն է։

- Չեմ կարծում։ Նույնիսկ թատրոնում հանդես գալիս առաջին բաժնում կատարում ենք դասական արիաներ, իսկ երկրորդում մեզ թույլ ենք տալիս երգել այս ոճի ստեղծագործություններ։ Կան երգեր, որոնց մեջ այնքան հոգի ու պատմություն կա, որ դրանք կարող են տեղավորվել մի ամբողջ օպերայի լիբրետոյի մեջ։ Դրա համար էլ շատ եմ սիրում այս ժանրը։ Վերջերս նաեւ «Լիպարիտ եւ ընկերներ» համերգն ունեցանք։


Իսկ համերգային երեկոն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում։ Լիպարիտը պատմեց, որ ծնվել է Հայաստանում, բայց մեծացել է Ուկրաինայում, եւ այդ մշակույթն իրեն շատ հարազատ է։

«Ուկրաինացիները նույնքան կրքոտ են, որքան հայերը, իսկ նրանց լեզուն ու պոեզիան՝ առանձնահատուկ գեղեցիկ», - ասաց արտիստը եւ հանդիսատեսին նվիրեց ուկրաինական ժողովրդական երգ։


Երեկոյի ամենահուզիչ պահերից մեկը դարձավ դահլիճում ներկա մայրիկին ուղղված անկեղծ սիրո խոստովանությունը։


Երբ թվում էր, թե հանդիսատեսն արդեն լիովին վայելել է Լիպարիտի երաժշտական աշխարհը, երեկոյի վերջին ակորդը բոլորովին այլ եղավ։ Բեմում հայտնվեց Շուշան Պետրոսյանը։ Երկու վաստակավոր արտիստների՝ էստրադայի եւ օպերային արվեստի ներկայացուցիչների զուգերգը տարբեր երաժշտական ժանրերի յուրօրինակ խտացումն էր ու երեկոյի ամենավառ ամփոփումը։


Իսկ հանդիսատեսի չդադարող ծափահարությունները պարզապես թույլ չէին տալիս, որ արտիստը հեռանա դահլիճից։

Տեքստը՝ Արմինե Գեւորգյանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի/Bravo.am

Կարդալ ավելին

Quality Sign BW