×


«Տառապանքի ճանապարհը մենք էլ անցանք». «Նկարում ենք Լա Լա Լենդ»-ի պրեմիերան ու դրան նախորդած դժվարությունները

«Լա Լա Լենդ» ֆիլմի պրեմիերայից 10 տարի անց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում բեմադրվել է դրա մոտիվներով ազդեցիկ ու գեղեցիկ ներկայացում։

Դերասանուհի Միայի (Մարիամ Շահինյան) եւ երաժիշտ Սեբաստիանի (Ներսես Ավետիսյան) սիրո ու կայացման պատմությունը բեմադրիչ Լիլի Էլբակյանը ներկայացրել է «Նկարում ենք Լա Լա Լենդ» մյուզիքլում։ Ոչ սյուժեն, ոչ էլ հանգուցալուծումները նորություն չեն, սակայն հայկական բեմում հին ու ծանոթ հերոսներին նորովի տեսնելը բավական տպավորիչ էր։ 


Նրանք մեզ տեղափոխում են աղմկոտ ու վառ լույսերի մեջ հայտնված նկարահանման հրապարակ, որտեղ անդադար քասթինգներ ու փորձեր են, դերասանները պայքարում են ամեն փոքր դերի համար։ Կինոստուդիայի սրճարանում աշխատող Միան բազմաթիվ քասթինգներից հետո հույսը չի կորցնում եւ շարունակում է հավատալ իր մեծ կարիերային։ «Քասթինգներից մեկն ինձ կհասցնի այն կետին, ուր վախերն ինձ չեն հետապնդում»,- ասում է նա։ 

Սեբաստիանը ջազի մեծ սիրահար երաժիշտ է եւ երազում է սեփական ակումբը բացելու մասին, գումար է վաստակում՝ ռեստորանում նվագելով ու աշխատանքը հաճախ կորցնելով։ Նրանք այդպես էլ ապրում են, մինչեւ մի օր հանդիպում են, ու կյանքը նոր գույներ է ստանում: Աստիճանաբար կայանում են ու հասնում իրենց նպատակներին: Բայց արվեստային այդ թոհուբոհում ամեն մեկը պետք է գնա իր ճանապարհով, որտեղ մյուսի համար տեղ չկա։ 

Լիլի Էլբակյանը


«Գուցե ֆիլմը շատ սենտիմենտալ է թվում, բայց այն հասուն ասելիք ունի՝ երկու մարդ հանդիպում են իրար ոչ ճիշտ ժամանակ, իրար օգնում են կայանալ՝ կորցնելով միմյանց։ Սա ինձ համար շատ կարեւոր միտք է, որովհետեւ բոլորի կյանքում էլ այսպիսի մի պատմություն հաստատ եղել է։

Թվում է՝ ներկայացումը երիտասարդների համար է, բայց ավագ սերնդի հանդիսատեսը խոստովանել է, որ իրենց են տեսել այս պատմության մեջ։ Միան ու Սեբաստիանը օգնում են գտնել միմյանց երազանքը, ֆիլմն էլ երազանքի մասին է, իսկ ես հայտնի երազող եմ: Մի երգ ունենք, որը Մարիամ Շահինյանը հրաշալի է թարգմանել. «Փառք երազողներին, խենթ թվացողներին»։ Երազողները չերեւացող մարդիկ են, իսկական նվիրյալներ։ 


Ուրախ եմ, որ ներկայացումը Պարոնյան թատրոնում արեցի, որովհետեւ մի երազողների խումբ էլ այստեղ է հավաքված: Նրանք հավատացին հին ու վատ վիճակում գտնվող թատրոնում այսպիսի մեծ գործ անելու գաղափարին։ Հուսամ՝ ներկայացումը պատճառ կդառնա, որ թատրոնը վերանորոգեն, այն գտնի իր երաժշտական դեմքը, եւ, ի վերջո, հանդիսատեսի կարծիքը փոխվի. սկսեն սիրել այս թատրոնը»,- խոստովանել է Էլբակյանը։

Սկզբում Պարոնյան թատրոնը նրան հրավիրել է մանկական ներկայացում բեմադրելու, քանի որ Էլբակյանը նախկինում հաջողված փորձ է ունեցել («Մոխրոտը», «Սառցե սիրտը»), սակայն այն իր սկզբունքներին դեմ է եղել։ Նա որոշել է Խամաճիկների թատրոնից բացի, այլեւս ոչ մի տեղ մանկական ներկայացումներ չբեմադրել, որպեսզի իրեն միայն այդ կարգավիճակում չընկալեն։ Նախ «Աննա Կարենինա»-ն է առաջարկել, բայց քանի որ թատրոնում երաժշտական ներկայացում էին ցանկանում, Էլբակյանը մտափոխվել է:


«Ես «Կարենինա»-ն առանց երաժշտության էի պատկերացնում, դրա համար էլ հետո «Լա Լա Լենդ»-ն առաջարկեցի: Այն Պարոնյանին շատ է սազում. երգչախումբ, պարողներ ու երաժիշտներ ունի։ Սկզբում ամեն ինչ շատ դժվար էր՝ թատրոնը ֆիզիկապես ու տեխնիկապես պատրաստ չէր այս ներկայացմանը։ Միայն երկու օր առաջ ենք բարձրախոսներ ստացել ու նույնիսկ դրանք լավ օգտագործելու ձեւն էլ չգիտենք»,- ժպիտով պատմել է նա։  


Էլբակյանը վաղուց է երազել մեծերի համար մյուզիքլ բեմադրել, որպեսզի նրանք էլ գեղեցիկ ու էսթետիկ ներկայացում վայելելու հնարավորություն ունենան։ Խոստովանում է, որ իր պատկերացրած արդյունքը չի ստացել, ինչպես սովորաբար լինում է կոմերցիոն ներկայացումների դեպքում, բայց հասկանում է, որ պետական թատրոնի հնարավորություններն այլ են։ 

«Աշխատանքը երեք անգամ բարդացնում է այն, որ եղած դերասանախմբով պետք է ստեղծագործես: Երբ տարբեր տեղերից հավաքում ես քո ուզած երգող եւ պարող դերասաններին, գործն ավելի հեշտ է ստացվում։ Բեմադրելու ընթացքում նաեւ բախվեցի այն խնդրին, որ Հայաստանում մյուզիքլի դերասանները շատ քիչ են: Եթե չեմ սխալվում՝ վաղուց Թատերականում նման կուրս էլ չի եղել։ Արդյունքում գտա լուծումը՝ բեմում են բոլորը՝ երգչախումբը, պարողները եւ այն դերասանները, որոնք գոնե մի քիչ երգում են։


Թատրոնում այս ներկայացման շնորհիվ շատ բան է փոխվել ու նոր սկիզբ դրվել. դերասանները սկսել են հաճախել ձայնավարժությունների, երգչախումբը՝ դերասանի վարպետության դասերի։ Պարոնյանում որոշել են գնալ այս ճանապարհով ու պլանավորում են մի քանի մյուզիքլ բեմադրել։ Հայաստանում այս ժանրը դեռ երկար ճանապարհ պիտի անցնի, որ կատարելագործվի»,- ընդգծել է նա։

Երեկ «Նկարում ենք Լա Լա Լենդ»-ի արդեն երրորդ ներկայացումն էր: Ամեն անգամ Էլբակյանն ուշադիր դիտում է գործն ու հասկացել է, որ իր արդյունքը կատարյալ չէ՝ իր մտքում ունեցած տարբերակի հետ համեմատությամբ. «Ոգին կա, իսկ կատարողական առումով փորձել ենք հնարավորինս մոտենալ»։

Բեմադրիչն անդրադարձել է նաեւ գլխավոր դերակատարների ընտրությանը։ Ներսես Ավետիսյանին հրավիրել է, քանի որ նա Երգի պետական թատրոնում է աշխատել ու երգում է։ «Մարիամ Շահինյանն այդքան էլ երգող դերասանուհի չէ եւ գուցե իր ձայնը չի համապատասխանում ամենաբարձր որակին, բայց դերասանի վարպետությամբ է կարողանում ասելիքը տեղ հասցնել ու համոզել հանդիսատեսին։ Շատերի կարծիքով՝ նա արդեն հասցրել է հրաշալի ներկայանալ: Մարիամը նաեւ երգերն է թարգմանել ու մի քանի երգ է գրել հենց ներկայացման համար»,- ավելացրել է Էլբակյանը:


Բեմադրիչն ընդգծել է, որ «Լա Լա Լենդ» ֆիլմը շատ է սիրում, ու թեեւ ասելիքի առումով այն առանձնապես տպավորիչ չէ, այլ արժանիքներ ունի։ Նրա համար հատկապես առանձնանում է այն, որ ֆիլմում հարգանքի տուրք են մատուցել տարբեր մյուզիքլների, ու այն բազմաթիվ հատվածներ է պարունակում, որոնք հիշեցնում են դրանց մասին։ 

«Սիրո պատմությունից բացի, մի գիծ կա, որը ֆիլմում ինձ շատ է դուր եկել՝  արվեստագետների չընդունված լինելը: Միշտ քասթինգների են մասնակցում, ու նրանց չեն հավանում: Գուցե հանճար են, բայց ոչ ոք այդ մասին չգիտի։ Մեր բեմադրությունն էլ էր «Լա Լա Լենդ»-ին նման՝ անընդհատ չէր ստացվում. բեմն էր փչանում, մինչեւ վերջին օրը շրջանը չէր պտտվում, գումար չկար, բարձրախոս չունեինք։ Արվեստագետներին հատուկ նույն տառապանքի ճանապարհը նաեւ մենք ենք անցել»,- անկեղծացել է նա։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW