Լուսանկար, որը գոյություն չունի, գրող, որը վերադառնում է արտագաղթից, եւ երկու մարդ, որոնք այդպես էլ չկարողացան վերադառնալ միմյանց կյանք։ Ազգերի պետական թատրոնը High Fest միջազգային փառատոնի շրջանակում Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում ներկայացրեց «Մեկ լուսանկարի պատմություն» բեմադրությունը։
Պատմության կենտրոնում կին ռեժիսորն ու դրամատուրգ տղամարդն են, ովքեր մի ժամանակ հանդիպել են, սակայն բաժանվել, երբ տղամարդն անհայտ պատճառով հեռացել է Ռուսաստանից: Որոշ ժամանակ անց կնոջն առաջարկում են բեմադրել Մաքսիմ Գորկու մասին ներկայացում, եւ նա դիմում է իր նախկին սիրեցյալին։ Միասին նրանք հորինում են լուսանկարիչ Անդրեյ Լեւիցկու պատմությունը, ով երազում է լուսանկարել Գորկուն եւ, ի վերջո, նրա հետեւից մեկնում է Սոլովկի։
Աստիճանաբար լուսանկարչի պատմությունը մղվում է երկրորդ պլան, իսկ Գորկու մասին խոսակցությունը վերածվում է հերոսների սեփական հարաբերությունների պարզաբանման։ «Ինչո՞ւ Գորկին վերադարձավ Ռուսաստան» հարցը վերածվում է «Ինչո՞ւ դու հեռացար»-ի։ Վերջում դրամատուրգն այդպես էլ չի վերադառնում ռեժիսորի մոտ։
Մաքսիմ Գորկին 1920-ական թվականներին երկար ժամանակ ապրել է Իտալիայում, իսկ տասնամյակի վերջին վերադարձել Խորհրդային Միություն։ 1929-ին գրողն այցելել է Սոլովկի։ Նրա վերադարձն ու այդ ուղեւորությունը դառնում են ներկայացման մեկնակետը՝ արտագաղթի, ընտրության եւ այն պատճառների մասին խոսակցության համար, որոնց բերումով մարդը վերադառնում կամ հեռանում է։ Ընդ որում՝ բեմադրությունը միանշանակ պատասխան չի տալիս հարցին, թե ինչո՞ւ է Գորկին վերադարձել։
Ներկայացման բեմադրող ռեժիսոր Ելիզավետա Բոնդարի խոսքով՝ ներկայացումը ստեղծվել է «Գորկի+» փառատոնի շրջանակում. «Ալեքսանդր Պլոտնիկովի հետ շուրջ մեկ ամիս գաղափար էինք փնտրում եւ ի վերջո հասկացանք, որ Գորկու նկատմամբ մեր միանգամայն տարբեր հայացքները պետք է դառնան պիեսի նյութը: Մենք վիճում էինք նրա կենսագրության շուրջ, փորձում հասկանալ, թե ինչու է վերադարձել արտագաղթից։ Աստիճանաբար մեզ համար ավելի հետաքրքիր դարձավ պատմել ոչ այնքան Գորկու, որքան նրա հետ մեր փոխհարաբերությունների մասին։ Այսպես ծնվեց նաեւ մոկյումենտարին՝ մեր հարաբերությունների մասին հորինված պատմությունը, որը շատերն ընդունեցին որպես իրական»։
Ներկայացումը կառուցված է «պատմություն պատմության մեջ» սկզբունքով. իրական դերասանները մարմնավորում են ռեժիսորին եւ դրամատուրգին, որոնք ստեղծում են պատմությունը, իսկ դրա ներսում հայտնվում են տիկնիկային կերպարները՝ Գորկին, լուսանկարիչ Լեւիցկին եւ Մրջյունը, որը խորհրդանշում է շարքային մարդուն։
Ռեժիսորը պատմել է, որ տիկնիկների հետ աշխատանքն իր համար նոր փորձ էր. «Շատ էի ուզում ինձ փորձել տիկնիկային թատրոնում։ Ինձ հատկապես զարմացնում էր դերասանների աշխատանքն առարկաների հետ։ Դրամատիկական թատրոնում մենք կապ ենք հաստատում հանդիսատեսի հետ, իսկ այստեղ դերասանը կարծես մեկ այլ կղզի է հեռանում, եւ առարկան նրա ձեռքերում սկսում է ապրել։ Ինձ համար դա գրեթե խորհրդավոր, նույնիսկ անդրաշխարհային մի բան էր։ Եվ սիրով նորից կաշխատեի տիկնիկային թատրոնում»։
Գորկու պատմությունը դառնում է հայելի երկու մարդու համար, որոնք հայտնվել են նույն ընտրության տարբեր կողմերում։ Մինչ նրանք փորձում են հասկանալ, թե ինչն է ստիպել գրողին վերադառնալ, աստիճանաբար ավելի պարզ է դառնում, որ խոսքն արդեն նրա մասին չէ։ Երբեմն հեռավորությունը լինում է ոչ միայն երկրների, այլեւ մարդկանց միջեւ, եւ ոչ ամեն սահման է հնարավոր հետ անցնել։
Տեքստը եւ լուսանկարները՝ Մերի Մելիքջանյանի/Bravo.am/


×
143





