×


yellowheart. «Զգացի, որ Միշոյի հետ ստեղծագործելու պահը եկել է»

yellowheart.-ն (Լիլի Առաքելյան) ու Միշոն օրեր առաջ ներկայացրին «Կես» երգի տեսահոլովակը: Երգչուհին Bravo.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչու է հենց Միշոյի հետ ցանկացել զուգերգով հանդես գալ:

«Անկեղծ ասած՝ հայ քիչ արտիստներ կան, որոնց երաժշտության ու տեքստերի հետ կարողանում եմ էմոցիոնալ կապվել: Ու այդ քչերից մեկը միշտ հենց Միշոն է եղել։ Ինչ-որ պահի զգացի, որ միասին ստեղծագործելու պահը եկել է»,- ժպիտով խոստովանել է նա:



Երգչուհին պատմել է, որ Միշոյի հետ տարիներ առաջ Լոս Անջելեսում սովորելու ժամանակ են ծանոթացել: Հենց առաջին հանդիպմանը Միշոն ասել է, որ նրա երգացանկից ամենաշատը «Մետրո» երգն է սիրում։ 

«Ավելի ուշ իմացա, որ արդեն «Քո հետ եմ ես»-ն է զբաղեցրել այդ տեղը: Իսկ ես Միշոյին լսել եմ դեռ դպրոցական տարիքից, բայց մի քանի տարի առաջ՝ ավելի հասուն ու գիտակից տարիքում, նորից «այցելեցի» նրա երգերին ու լրիվ այլ կողմից բացահայտեցի, այլ կերպ հասկացա ու սիրեցի»,- անկեղծացել է նա:


yellowheart.-ն անդրադարձել է նաեւ լսարանի արձագանքին. «Հետաքրքիր է, որ ըստ մեկնաբանությունների՝ մեր երգը շատ սպասված ու նույնիսկ ուշացած էր: Աշխատելու ընթացքը շատ հետաքրքիր էր՝ մանրակրկիտ ու էմոցիոնալ մոտեցմամբ։ Երգը հեշտ է գրվել, բայց գործիքավորման վրա ամիսներ շարունակ ու դադարներով եմ աշխատել, մինչեւ ստացել եմ այն, ինչ զգացել եմ։ Մեկ-մեկ ստեղծագործությունը պիտի հանգիստ թողնես ու մոտենաս ավելի ուշ՝ ճիշտ էմոցիան ստանալու համար»։


Տեսահոլովակի մեծ մասը Երեւանում են նկարահանել, իսկ սյուժեն ռեժիսոր Ալեն Մանուկյանի հետ երկար մտածել. «Ընտրել ենք իրական սյուժե, աուտենտիկ դերասանների ու փորձել ստեղծել բնական, էմոցիոնալ ու տաք տեսահոլովակ։ Կարծում եմ՝ ստացվել է, համենայն դեպս, մարդկանց կարծիքները դրա մասին են վկայում»:

Երգչուհին ավելացրել է, որ շարունակում է ստեղծագործել ու առաջիկայում նոր ալբոմ կներկայացնի:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ yellowheart.-ի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW