Warner Bros. Studios.-ի Steven J. Ross կինոթատրոնում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել կինոբեմադրիչ Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» (Revival) լիամետրաժ խաղարկային ֆիլմի առաջին ցուցադրությունը։
Միջոցառմանը ներկա էին ֆիլմի գլխավոր դերակատարները՝ անվանի դերասաններ Արմանդ Ասանտեն՝ ԱՄՆ-ից եւ Հայնո Ֆերխը՝ Գերմանիայից, երիտասարդ դերասաններ ֆրանսահայ Ռոբին Հայրաբեանը եւ ֆրանսուհի Քլեմանս Բոդուենը, ինչպես նաեւ մշակույթի այլ գործիչներ։
«Վերածնվածը» Ջիվան Ավետիսյանի չորրորդ լիամետրաժ ֆիլմն է: Նշվում է, որ այն նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծված գիտաֆանտաստիկ արտհաուս դրամա է, որտեղ արհեստական բանականության բարեշրջման միջոցով վերաիմաստավորվում են մերօրյա պատերազմի արհավիրքն ու մարդկային հոգու վերածնունդը։
Ֆիլմն անդրադառնում է 2020 թվականի Արցախյան պատերազմի իրադարձություններին եւ դրանց ողբերգական հետեւանքներին։
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը եւ դերասան Արմանդ Ասանտեն
Լոսանջելեսյան առաջնախաղին կհաջորդեն ԱՄՆ-ի հայկական համայնքներում եւ այլ վայրերում հատուկ ցուցադրությունները։
Հայաստանի կինոթատրոններում «Վերածնվածը» նախատեսվում է ցուցադրել 2027 թվականի մարտից։
Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմը ստեղծվել է Հայաստանի, Լիտվայի եւ Կիպրոսի համատեղ արտադրությամբ։«Վերածնված»-ում կենտրոնական եւ կարեւոր դերակատարություն ունեն նաեւ ռումինացի Մայա Մորգենշտերնը, Բաբկեն Չոբանյանը, Նարինե Պետրոսյանը, Վարդան Մկրտչյանը, Արթուր Բաղդասարյանը, Մարինե Գաբրիելյանը եւ ուրիշներ։


×
145





