×


«Ինչքան մեծանում, բարիանում եմ». Բաբկեն Չոբանյանի ու Միկա Վաթինյանի ջերմ ու անկեղծ հանդիպումը

Դերասաններ Բաբկեն Չոբանյանը եւ Միկա Վաթինյանը ոչ միայն միասին խաղացել են բեմում ու ֆիլմերում, այլ նաեւ մտերիմ ընկերներ են: Bravo.am-ը չէր կարող այդ առիթը բաց թողնել ու նրանց մասնակցությամբ հետաքրքիր զրույց չնախաձեռներ:

Միկա. Մենք բազում զրույցներ ենք ունեցել, քանի որ մոտ ենք ապրում ու բոլոր ներկայացումներից եւ նկարահանումներից հետո միասին ենք տուն վերադառնում: Բայց պատրաստվել եմ այս հանդիպմանն ու հարցեր եմ գրել: Ինքս երբեք չեմ ցանկացել դերասան լինել, հետաքրքիր է՝ առաջին ազդակը դու ինչպե՞ս ես ստացել: 

Բաբկեն. Այնքան վաղուց է եղել, որ կդժվարանամ հիշել։ Միայն գիտեմ, որ ինձ այս ամենը միշտ գրավել է: Ինչ ինձ հիշում եմ, հենց հարազատներիս երեխաները մեզ հյուր էին գալիս, մի բան էի կազմակերպում ու ցույց տալիս: Նաեւ միշտ շատ ուշադիր հետեւել եմ ֆիլմերին ու դերասանների խաղին. փոքրուց մեծ մասին գիտեի: Հետո փորձարարական թատրոն գնացի, դերեր էի ստանում, եւ 11 տարեկանում առաջին քննությունս էր։ 


Միկա. Հետաքրքիր է՝ ձերոնց հայտարարե՞լ ես. «Ուզում եմ դերասան դառնալ»:

Բաբկեն. Քանի որ մինչեւ այդ ուր ասես՝ գնացել էի, ու ինչով ասես՝ զբաղվել, մերոնք թատրոնին էլ որպես հերթական զբաղմունքի վերաբերվեցին։ Երեք ամիս շախմատ էի պարապել, լողի, ազգագրական երգերի, ծանրամարտի դասերի հաճախել… Բայց երբ երեք ամիսն անցավ, ու շարունակեցի թատրոն գնալ, լրջացան: Ինձ էլ դեր տվեցին, ինչից շատ ոգեւորվեցի։ 48 թերթանոց տետրեր կային։ Սկսեցի դերն արտագրել, ու տետրը լցվեց։ Վախեցա՝ այդքանն ինչպե՞ս եմ սովորելու։ Անգիր անելուց զզվում էի, դրա համար էլ հայտնեցի. «Գնում եմ թատրոնից», թողեցի ու եկա տուն: Թատրոնի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Աննա Պետրոսյանը եկավ՝ մամային համոզելու: Հավանում էր խաղս ու կարծում, որ պետք է շարունակեմ: Մայրս երազում էր՝ իրավաբան կամ բժիշկ դառնամ: Մի անգամ, երբ մատս կտրեցի ու արյան տեսքից ուշաթափվեցի, այդ երազանքին հրաժեշտ տվեց, իրավաբանությանն էլ ժամանակ չմնաց։ Հիմա ես քեզ պիտի հարց տամ, չէ՞: Ինձ ասա՝ վերջը դու ռեժիսո՞ր ես, դերասա՞ն, նկարի՞չ, թե՞ երաժիշտ։

Միկա. Բարդ հարց է, ինքս էլ չգիտեմ։ Մեկ-մեկ մտածում եմ, որ պետք է կողմնորոշվեմ, բայց հետո մտածում եմ, թե ինչ է նշանակում արտիստ լինել։ Անգլերենում այդ բառն իր մեջ շատ բան է ներառում․ այն կարելի է բացատրել որպես արվեստով զբաղվող մարդ։ Ես հայերենում դրան կասեի բանաստեղծ՝ ոչ թե գրող իմաստով, այլ ինչ-որ բան ստեղծող, եւ ինձ համար մեկ է՝ ինչ եմ ստեղծում։

Բաբկեն. Բայց բոլորից էլ հավասարաչափ հաճո՞ւյք ես ստանում, թե՞ քեզ ավելի շատ նույնականացնում ես դրանցից որեւէ մեկի հետ։

Միկա. Հենց դա է իմ խնդիրը, որ չեմ կարողանում:


Բաբկեն. Բայց դա խնդի՞ր է:

Միկա. Ինչ-որ իմաստով՝ այո, որովհետեւ մարդիկ հաճախ ուզում են ամեն ինչ հստակեցնել:

Բաբկեն. Մարդկանց հետ դու գործ չունես:

Միկա. Ինձ այդ փոփոխություններն ու անցումները դուր են գալիս:

Բաբկեն. Քեզ ապահովագրել ես, որ ոչ մի տեղ ես ու ամեն տեղ:

Միկա. Այո, այդպես հարմար է: Թատրոնում շատ հեշտորեն ասում եմ. «Դե, ես ի՞նչ դերասան։ Բաբկեն Չոբանյանն է դերասան» (Բաբկենը ծիծաղում է,- հեղ.)։ Թեեւ այդպես եմ ասում, բայց իրականում բոլոր զբաղմունքներիս էլ լուրջ եմ վերաբերվում:

Բաբկեն. Իրոք շատ լուրջ ես վերաբերվում: Ներսից քեզ կրծում ես:

Միկա. Գիտեմ՝ ասմունք բառը չես սիրում, ի՞նչ կասեիր դրա փոխարեն:

Բաբկեն. Կարդալ:


Միկա. Բանաստեղծության ու թատրոնում պիեսի հետ աշխատելիս տարբերություն տեսնո՞ւմ ես: 

Բաբկեն. Շատ տարբեր են, բայց մոտեցումները նույնն են. երկու դեպքում էլ պիտի հասկանաս, թե ինչի հետ գործ ունես: Տարբերությունն այն է, որ բանաստեղծություն կարդալիս ու փոխանցելիս որպես կերպար չես հանդես գալիս, առնվազն՝ քո անունից ես խոսում։

Միկա. Բայց դու քո անունի՞ց ես խոսում։ 

Բաբկեն. Նաեւ քո անունից, բայց խնդիրն այն է, որ առաջին պլան է գալիս բանաստեղծությունը։ Երբ կարդում ես, ուզում ես, որ քեզ համար հետաքրքիր բանաստեղծությունը նաեւ ուրիշները լսեն։ Ոչ թե՝ տեսեք՝ ոնց եմ կարդում, այլ տեսեք՝ որքան լավ բանաստեղծություն եմ գտել ձեզ համար. հավանեցի ու որոշեցի կիսվել։ Այդ ճանապարհին քո անձնական վարպետությունը, մեկնաբանությունն ու ընկալումն ես դնում: Շատ ինտիմ ու ռիսկային բան է, որովհետեւ ամեն մեկին չէ, որ կարող է դուր գալ։ Պարզվում է՝ շատերին դուր է գալիս, բայց դու դրա հետեւից չես գնում: Կարդում ես, քանի որ խելքիդ նստում է ու քեզ հուզում:

Միկա. Բանաստեղծություն կարդալու առումով շատ խոր ավանդույթներ ունենք: Ի՞նչ ես կարծում, դու ինչ-որ մի բան փոխե՞լ ես այս ժանրում:

Բաբկեն. Չեմ կարող ասել, բայց զգում եմ, որ ուրիշ կերպ եմ կարդում՝ ոնց զգում եմ, հասկանում ու կարողանում։ Չեմ ասում, թե սա է ճիշտ ձեւը, որովհետեւ ոչ մեկը չի կարող ասել՝ որն է ճիշտ ձեւը։ Ի վերջո, դա որեւէ տեղ գրված չէ։


Միկա. Իսկ եղե՞լ է՝ որեւէ բանաստեղծություն կարդաս ու հասկանաս, որ բեմից այն ներկայացնել չես կարող:  

Բաբկեն. Ամեն ինչ չէ, որ կարողանում եմ կարդալ, օրինակ՝ խիստ հանգերով բանաստեղծությունները: Ավելի շատ արձակ պոեզիա եմ սիրում, որովհետեւ կաշկանդված չեմ հանգերով ու քառատողի թելադրած ռիթմի մեջ տեղավորվելու խնդիր չունեմ։ Ավելի շատ «կոտրած» բանաստեղծություններն եմ սիրում ու առանց պաթոսի գործերը, երբ շատ կարեւոր բաների մասին առաջին հայացքից թեթեւ են խոսում։ Երեւի թե սխալ է պոեզիան վերլուծել, անշորհակալ գործ է, բայց ես իմ գծած ու ինձ համար ընկալելի ճանապարհով եմ գնում։ Փորձում եմ միջնորդ լինել բանաստեղծության ու լսողի միջեւ, այն ընթերցողին փոխանցել՝ առանց խանգարելու, բայց ուզած-չուզած՝ այդ ամենում իմ մեկնաբանությունն էլ կա: Ցույց եմ տալիս՝ տեսեք՝ ինչ լավ ու հետաքրքիր գործ է, տեսեք՝ սիրո ու հայրենիքի մասին ոնց է կարելի ու պետք է խոսել: Ես ի՞նչ հարց մտածեմ:

Միկա. Ես, ախր, գրել եմ (նայում է հեռախոսի մեջ,- հեղ.): Իրականում ինձ հետաքրքիր է այս ձեւաչափով զրուցել։

Բաբկեն. Տեսեք՝ պատասխանատու մարդն ով է (ծիծաղում են,-հեղ.):

Միկա. Իսկ կարդալիս փաստորեն թիմակից չունես, միայնակ ես:

Բաբկեն. Ունեմ՝ լսողն է: Ստեղծագործությունը միշտ հասցեատեր ունի, ու ինչ-որ մեկի համար ես որեւէ բանով կիսվում: Ֆիզիկական դիրքդ էլ կարեւոր չէ. միայն մեկ փոխադրամիջոց ունես՝ ձայնդ, խոսքդ: Ինչքան ուսումնասիրել եմ, պոեզիային ուղեկցող հրաշալի տեսողական բովանդակություն դեռ չի գտնվել։ Միեւնույն է՝ պոեզիան ավելի ուժեղ է, քան ուղեկցող երաժշտությունը կամ տեսաշարը, որում անտառներում քայլում են ծաղիկների ուղեկցությամբ: Պոեզիան լսելու մասին է։ Իսկ լսելուն ինչքան քիչ խանգարող բան լինի, այնքան լավ։  

Միկա. Իսկ կարծում ես՝ այն պետք է կարդա՞լ, թե՞ լսել:


Բաբկեն. Լսելը ձեւերից մեկն է: Բազմաթիվ մարդիկ կարդացել են Հովհաննես Գրիգորյանի գործերը, բայց լսելիս այլ կերպ են ընկալում: Ես ժամանակին Խորեն Աբրահամյանի կարդացած գործերն եմ լսել, որոնք նրա մատուցմամբ ուրիշ կերպ էին հնչում: Ավելի հարազատ, խոր ու ցնցող ընկալում եմ ունեցել, քան՝ նույնը կարդալիս։ Դպրոցում խնդիրը ո՞րն է. դասատուները փորձում են բանաստեղծության արժեքը ներկայացնել, բայց, որպես կանոն, հիմնականում չեն կարողանում: Այնպես չեն վարակում, որ երեխաները գնան տուն ու այդ պոետի մյուս գործերը կարդան։

Միկա. Ինստիտուտում էլ էր այդպես. բեմում խոսքի խնդիրներից մեկն այն էր, որ անընդհատ ասում էին, թե ինչպես պետք է կարդալ ու խոսել:

Բաբկեն. Տեքստի հետ հարաբերվելիս միշտ նույն սխալն ենք անում․ փոխանակ մտածելու, թե այն ինչ է ասում, մտածում ենք՝ ինչպես ասել։ Ինձ առաջին հերթին «ինչն» է գրավում, հետո նոր՝ «ինչպեսը»: Երկար ժամանակ հայրենիքի մասին որեւէ բանաստեղծություն չէի կարողանում կարդալ, որովհետեւ պաթոսից մեռնում էի: Այդ ոգով էին գրված, այդ ոգով էլ մատուցում էին: Բայց կարդացի Հովհաննես Գրիգորյանի «Հայաստան»-ը, «Հայրերի հող»-ն ու հասկացա, որ միշտ ուզել եմ հայրենիքի մասին այսպես խոսել։ Ասում է. «Ես այս երգը երգում եմ սկզբից, որովհետեւ դու նա ես, որին կորցնելուց հետո էլ ոչինչ չենք ունենա կորցնելու, որովհետեւ առանց քեզ անձրեւը ջուր է սովորական, լեռները`քարերի կուտակում, սերը`շքեղություն ավելորդ, եւ որդի ծնելը՝ հանցագործություն»: Ֆանտաստիկ է ու առանց պաթոսի: Սովորական բառեր է վերցնում ու դնում սեղանին, բայց հասկանում ես, թե ինչի հետ գործ ունես։ 

Միկա. Սեւակի հետ ի՞նչ հարաբերություններ ունես: Փորձե՞լ ես նրան կարդալ:

Բաբկեն. Փորձում եմ՝ որպես հարգանքի տուրք ու զուտ այն պատճառով, որ շատ մարդիկ են սիրում Սեւակին: Բայց ինձ՝ որպես ընթերցողի, դա չի ոգեւորում, որովհետեւ Սեւակին ավելի շատ որպես գիտնականի ու լեզվի վարպետի եմ գնահատում, ոչ թե որպես պոետի։ Չարենցը հանճար է, մեր պոեզիայի գագաթնակետը, այդպիսի երեւույթ չկա, նա իր ժամանակից առաջ էր ընկել, բայց նրան էլ չեմ կարողանում կարդալ: Մատուցման ձեւը չեմ գտնում: Պարզապես լուռ կարդում եմ ու հիանում նրա վարպետությամբ։ 


Միկա. Իսկ Տերյանին որտե՞ղ ես դնում այդ սանդղակում։

Բաբկեն. Վա՜յ, դժվար է դասակարգել։ Տերյանին էլ չեմ կարողանում կարդալ․ ոչ թե լավը չէ, այլ իմը չէ։ Իսահակյանը՝ նույնպես։ Իսկ դու նկարելիս ո՞ւմ համար ես ստեղծագործում։

Միկա. Նկարելիս հանդիսատես չունեմ, բայց չեմ էլ կարող բացատրել, թե ցանկությունն ինչից է առաջանում: Երբեմն այն նյութական է. ուզում եմ ներկի հետ գործ ունենալ, գտնել, բացել, հոտ քաշել: Այդ դեպքում ընթացքն է կարեւոր դառնում: Քանի որ աբստրակտ գործեր եմ անում, ամեն ինչ հիմնականում այդ պահին է ծնվում: Սկսում ես աշխատել, ու նոր բան է ստացվում: Երբեմն որոշ բաներ եմ տեսնում ու հիշում, հետո դրանցով ոգեշնչվում, բայց դե, պրոֆեսիոնալ նկարիչ չեմ (ծիծաղում են,-հեղ.) Քանի որ մեծացել եմ կինոյով զբաղվողների ընտանիքում, իմ մեջ ամեն ինչ պատկերների հետ է կապված: 

Բաբկեն. Նաեւ երաժշտություն էիր գրում: Հատկապես երիտասարդներն այդ գործերը գիտեն ու լսում են: Վստահ եմ՝ հետաքրքրվել են, թե ինչու էլ չես ստեղծագործում: Գիտեմ՝ ազատ ես, ու դու ես որոշում՝ ինչ անել, բայց այդ ամենը քո մեջ որեւէ արձագանք չի՞ գտնում: Չե՞ս մտածում. «Դե լավ, մարդը սիրում է, գուցե էլի անեմ»: 

Միկա. Ուրիշի ցանկությամբ ստեղծագործել չեմ կարող: Եթե փորձեմ էլ, արհեստական կստացվի: Առանց ասելու էլ ստեղծագործում էի, բայց այդ նախագիծն ավարտվեց: Բանաստեղծություններին էի անդրադառնում, այդ թվում՝ Չարենցին ու մյուսներին, եւ չեմ ուզում այդ թեման նորից տանջել։ Այն գործերը, որոնք իմ հոգուն դիպել էին, երգ էի դարձրել: Հերթական անգամ Տերյանով երգ գրել չեմ ուզում: Շարունակելու դեպքում պիտի ուրիշ բան անեմ, իսկ այդ կետին դեռ չեմ հասել:

Բաբկեն. Բարդ հարց տամ, գուցե քեզ համար հեշտ լինի պատասխանել, բայց ես չեմ կարողանում: Ամեն անգամ, երբ ինձ հարցնում են՝ ի՞նչ է հայրենասիրությունը, միշտ պատասխանը չեմ իմանում։ Դու գիտե՞ս։


Միկա. Ես էլ չգիտեմ:

Բաբկեն. Ինձ թվում է՝ երբեք չեմ կարողանա ճիշտ պատասխանել: Կամ ի՞նչն է դրա հակառակը։ Միշտ ասում եմ՝ չգիտեմ՝ որն է հայրենասիրությունը, բայց այն սկսվում է հայրենաճանաչությունից. եթե չես ճանաչում, ի՞նչն ես սիրում: Ո՞նց կարող ես քո հայրենիքը սիրել, եթե երբեւէ Մեղրիում կամ Ամասիայում չես եղել, այդ ժողովրդի  բարբառն ու մշակույթի առանձնահատկությունները չգիտես, տեղային սովորություններին, ճարտարապետության ու եկեղեցիներին ծանոթ չես։ Եթե չես տեսել, չես ճանաչում, չես էլ հասցնի սիրել, որ ի վիճակի լինես այն պաշտպանել։ 

Նույնն Արցախի դեպքում էր: Շատ մարդիկ չհասցրին այն տեսնել, ու կորուստը նրանց մեջ այլ արձագանք գտավ, քան այն մարդկանց, ովքեր շատ անգամներ էին եղել, հասցրել էին սիրել եւ կապվել հետը: Նրանց կորուստն այլ գույն ունի։ Նույնը ենթադրում եմ՝ հայրենիքի դեպքում է: Որ փորձես ճանաչել այն, նոր կհասկանաս՝ սիրում ես։  

Միկա. Գուցե հայրենասիրությունը միլիոնավոր մանր բաներից է հավաքվում: Այն, որ իրար հետ այսպես խոսում ենք, դա էլ է հայրենասիրություն: 


Բաբկեն. Այն մի ամբողջություն է: Եթե կարճ ձեւակերպենք՝ քո վերաբերմունքն է ամեն ինչին։ Այսպիսի մի հարց, ո՞րն է արվեստներից մեծագույնը կամ այն մեկը, որը քեզ վրա ամենամեծ ազդեցությունն է թողել։

Միկա. Կինոն է, բայց պատճառն այն է, որ ընտանիքիս անդամներն այդ ասպարեզում էին աշխատում: Իմ շուրջն ամեն ինչն էր կինո: Դրանից բացի, ուրիշ բան չգիտեի։ Քանի որ հայրս կինոօպերատոր (Ռուդոլֆ Վաթինյան,-հեղ.) էր, շուրջս շատ էին նաեւ նկարչության մասին գրքերը: Իմ կյանքում նաեւ գեղանկարչությունն էր շատ, հետո մեծացա ու տարվեցի ռոք երաժշտությամբ: Թատրոն չէի սիրում, միայն հետո հասկացա, թե ինչու. կարծում էի՝ շատ կեղծ է:  

Բաբկեն. Թատրոնով զբաղվող մարդկանց պատճառով էր:
 
Միկա. Այո: Ինձ թվում էր՝ այնտեղ ամեն ինչն է կեղծ: Երբ մեծացա ու այլ թատրոնի հետ առնչվեցի, հասկացա՝ Ստանսիլավսկիները հենց այդ արհեստական ու սուտ թատրոնի դեմ են կռվել: Արդեն ինստիտուտում ճիշտ մարդկանց հանդիպեցի, ու նրանք ինձ ամեն ինչ բացատրեցին:  

Բաբկեն. Իրականում դու ֆանտաստիկ զրուցակից ես: Իմ կյանքում այն քիչ մարդկանցից ես, որի հետ ամեն ինչի մասին կարող եմ խոսել: Ամեն ինչից գաղափար ունես: Քեզ հետ ամեն բանի մասին կարող եմ խոսել ու պատմել: Երբեք չես դատապարտի: Քո կարծիքը կասես՝ առանց վզիս փաթաթելու: Գովում եմ քեզ (ծիծաղում են,-հեղ.)։ Գրքերից հպանցիկ խոսեցիր, ամեն մեկի կյանքում դրանց հետ հանդիպումը տարբեր է լինում: Քո դեպքում փոքր տարիքի՞ց է սկսվել: 


Միկա. Դե, շատ գրքեր ունեինք: Տանը կարդում էին, ու ես էլ շատ շուտ սկսեցի:  Մերոնք նույնիսկ զարմանում էին, որ որոշ գրքերի արդեն հասցրել եմ ծանոթանալ: Գիրք կարդալն այն աշխարհն էր, որի կարիքն ունեի: Կարող էի գիշերը մոմ վառել ու կարդալ, զուգարանում ու անգամ լոգանք ընդունելիս կարդալ (ծիծաղում են,-հեղ.): Առավոտյան ժամը 5-ին արթնանում էի, որ դպրոց գնալուց առաջ հասցնեի կարդալ. թմրանյութի պես մի բան էր։

Բաբկեն. Հիմա էլ ես կարդում: Իհարկե, ոչ նույն ինտենսիվությամբ, բայց մեկ է՝ գիրքը քո կյանքում կա: Ի՞նչ կասես այն երեխաներին, ովքեր գրքի հետ լավ հարաբերություններ չունեն։ 

Միկա. Իրենց շատ կարեւոր բանից են զրկում:

Բաբկեն. Այդպես հեշտ նշում ես, բայց ենթադրենք` խնդիր ունես քեզ հարազատ մեկին դեպի գիրքը բերել, ի՞նչ կասես։ Գիտեմ, դժվար է, որովհետեւ ես էլ դրա պատասխանը չունեմ: Ընտանիքի դեպքում լավագույն օրինակը դու ես, որ քեզ կարդալիս տեսնեն: 

Միկա. Ինչպես Դոն Կիխոտն է ասում. «Ամեն ինչի մեղավորն այդ անիծյալ գրքերն են»: Դա էլ մի առանձին թեմա է, բայց գրքերի շնորհիվ միլիոնավոր կյանքեր ես ապրում: Ինձ երբեք չեն ստիպել կարդալ. մայրիկս միշտ հետս կարդացածս գրքերը քննարկում էր: 

Բաբկեն. Բայց այս տեխնոլոգիաների դարում երեխաները չեն սիրում կարդալ: Ինչ բառերով ուզում ես՝ բացատրիր, իրենք այնքան շատ ինֆորմացիայի աղբյուր ունեն եւ չեն հասկանում, թե ինչու է գիրքը լավագույնը կամ անփոխարինելի։ 


Միկա. Կենտրոնանալու խնդիր էլ ունեն, որովհետեւ գիրքը ժամանակ է պահանջում: Նույնիսկ ինձ վրա եմ զգում, որ ՏիկՏոկ նայելուց հետո չեմ կարողանում կենտրոնանալ:  
 
Բաբկեն. Ի՞նչը կարող է կյանքում ու հարաբերություներում քեզ հունից հանել: Առաջին բանը, որ կասես։ 

Միկա. Չեմ սիրում, որ ստում են: 

Բաբկեն. Լրիվ համաձայն եմ, որովհետեւ ինձ համար էլ է այդպես:

Միկա. Բայց եթե քո մասին ոտքի վրա սուտ ասես, խնդիր չէ:

Բաբկեն. Օրինակ՝ ստեմ, թե ամեն օր գիրք եմ կարդում (ծիծաղում են,-հեղ.): 

Միկա. Մանր-մունր բաները հաշիվ չեն: Հավատում եմ մարդկանց ու չեմ ուզում հետո այնպիսի բան իմանալ, որ հիասթափվեմ: Մեկ էլ անտաղանդ բաներ չեմ սիրում: Մեկ-մեկ գնում եմ ներկայացում նայելու ու կատաղում եմ, բայց չեմ կարող բացատրել՝ ինչու: Երեւի պատճառն այն է, որ ինձ խաբված եմ զգում։ Կարող եմ Համզաչիմանում Բ կլասի ներկայացում նայել ու դրանից հաճույք ստանալ, բայց Երեւանում որեւէ բան տեսնել ու կատաղել: 

Բաբկեն. Քեզ հավակնություններն են զայրացնում, որ անտաղանդ են անում, բայց ներկայացնում են որպես հրաշալի գործ: Ինձ էլ է զայրացնում, երբ վատ բեմադրության դեպքում վստահ են՝ շատ լավ, տաղանդավոր ու շնորհքով են արել:


Միկա. Բայց ոչինչ չեն մտածել ու ստեղծել, նման դեպքերում ասում ես՝ «Դե, լավ էլի»։ 
 
Բաբկեն. Կարող ենք մինչեւ լույս այսպես խոսել:

Միկա. Լավ, քեզ մի ճոռոմ հարց տամ, եթե մի հարյուր տարի հետո թոռներդ ու տղաներդ պատմեն քո մասին, ի՞նչ կուզես՝ ասեն:

Բաբկեն. «Խիստ մարդ էր», կասեն, կամ՝ «Բարի էր», որովհետեւ ինչքան մեծանում եմ, այնքան բարիանում եմ։

Միկա. Ինձ ասում են՝ խոզ եմ: Դեմքիս արտահայտությունն այնպիսին է, կարծես բոլորից զզվում եմ (ծիծաղում են,-հեղ.): 

Բաբկեն. Բայց իրականում ընդհանրապես այդպես չէ:

Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի
Նկարահանման վայրը՝ MUSE Art & Crafts

Կարդալ ավելին

Quality Sign BW