×


Չորս րոպե՝ սեփական հիշողությունների հետ․ The Journey-ն՝ մեկ հանդիսատեսի համար

«Հայ Ֆեստ» կատարողական արվեստների 24-րդ միջազգային փառատոնի շրջանակում առանձնացավ նաեւ չեխական «Կատանարի» թատերախմբի «Ճանապարհորդությունը»: Գեղագիտության ազգային կենտրոնի դիմաց դրված փոքրիկ արկղը մի քանի րոպեով դառնում էր թատրոնի բեմ։ Հանդիսատեսը մոտենում էր, ընտրում ճանապարհորդության իր տարբերակը՝ նավ, հեծանիվ կամ ավտոմեքենա, եւ արկղի փոքրիկ անցքից հետեւում ներսում ծավալվող գործողությանը։

Ռեժիսոր Կատարինա Յակովայի չորս րոպեանոց առարկայական մանրապատումը նախատեսված էր միաժամանակ միայն մեկ հանդիսատեսի համար։ Ականջակալներով լսվող ձայնն ու արկղի ներսում ծավալվող տեսարանը յուրօրինակ փորձառություն էին ստեղծում՝ հանդիսատեսին թողնելով ներկայացման հետ դեմ առ դեմ։


Յակովան The Journey-ի գաղափարի մասին խոսելիս ընդգծում է դրա անձնական բնույթը: «Ցանկանում էի ցանկացած վայրում ու իրավիճակում հանդիսատեսին փոքրիկ ճանապարհորդության տանել դեպի իր ներաշխարհ՝ ավելի հանգիստ ու խաղաղ տարածություն, եւ թերեւս լսել մի բան, որը հաճախ հնարավոր չէ լսել»,- ասում է ռեժիսորը։

Միայն մեկ հանդիսատեսի համար ներկայացում ստեղծելու որոշման հիմքում անմիջական շփման ձգտումն էր. «Այս ձեւաչափն ընտրեցի մտերմիկ մթնոլորտ ստեղծելու եւ պատմության ու այն դիտող ու լսող անձի միջեւ ուղիղ կապ հաստատելու համար»։


Ներկայացումը դիտողներից մեկն այն առաջին հերթին կապեց մանկության հիշողությունների հետ. «Ընկղմվեցի հիշողություններում։ Շատ հաճելի զգացողություն էր»։

Ներկայացման ընթացքում տեսած քարերը, խեցիներն ու փոքրիկ կախազարդերը նրա համար մանկության «գանձեր» էին դարձել։


«Կարծում եմ՝ հեղինակը թերեւս ուզում էր մեզ մի փոքր ուղեկցել կյանքի ճանապարհով՝ մանկությունից մինչեւ այն, ինչ մեզ սպասվում է հետո, այն մարդկանց, որոնց հանդիպում ենք… Սա փոքրիկ անդրադարձ էր կյանքի ճանապարհին՝ մանկության հիշողություններից մինչեւ ապագայի անորոշությունները»,- ասում է Նադեժդան։

Ռեժիսորի համար այս տարբեր ընկալումները ներկայացման կարեւոր մասն են։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր հանդիսատես այն յուրովի կզգա՝ սեփական կյանքի փորձի, հիշողությունների, անձնական պատմությունների ու երեւակայության պրիզմայով։

Տեքստը եւ լուսանկարները՝ Կիմա Սարգսյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW