1928 թվականի հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Սոլակ գյուղում ծնվեց մի մարդ, ում վիճակված էր դուդուկի մեղեդին հասցնել աշխարհի ամենահեղինակավոր բեմեր եւ հնչեցնել հոլիվուդյան ֆիլմերում: ՀՀ ժողովրդական արտիստն իր երաժշտությամբ դարձավ հայկական հոգու դեսպանն աշխարհում:
Ծննդյան 98-ամյակի առթիվ Bravo.am-ը զրուցել է նրա թոռան՝ դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերի հետ, որը կիսվել է անձնական հուշերով ու լեգենդար պապիկի պատգամներով։
Առաջին դուդուկն ու մանկությունը
Վարպետի մանկությունը դժվարություններով լի էր։ Մայրը վաղ էր մահացել, իսկ հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի զինվոր էր, եւ Ջիվան Գասպարյանը մեծացել է որբանոցում։ Դուդուկ նվագել սկսել է վեց տարեկանից։
«Պատմում էր իր դժվար եւ արկածներով լի մանկության մասին՝ երբեմն, իհարկե, դրանք համեմելով սրամիտ կատակներով»,- հիշում է թոռը։
Լուսանկարը՝ Գասպարյանների արխիվ 16-ամյա Ջիվան Գասպարյանը՝ կենտրոնում, 1944 թ.
Դուդուկի հանդեպ սերը սկսվել է համր կինոնկարներից, որոնք ցուցադրվում էին այն ժամանակվա հայտնի վարպետների նվագակցությամբ։ «Առաջին գործիքը ստացել է Մարգար Մարգարյանից եւ միշտ իր մոտ էր պահում: Այդ տարիքում նույնիսկ շատ աշխատասեր էր եւ միակ ցանկությունն էր հասնել կատարելության»,- պատմում է Ջիվան Գասպարյան կրտսերը։
Այդ աշխատասիրությունն էլ նրան տարավ մեծ բեմեր։ 1947 թվականին Մոսկվայում ազգային սիրողական համույթի հետ ելույթից հետո Ստալինից նվեր ստացավ «Պոբեդա» ժամացույց։ 1949 թվականին ընդունվեց Թաթուլ Ալթունյանի անվան հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլ, իսկ որպես մենակատար՝ առաջին ելույթն ունեցավ Երեւանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
Ջիվան Գասպարյանը
Մարդ տեսակը
Ընտանիքում եւ մտերիմների շրջապատում Ջիվան Գասպարյանը սիրված էր իր ջերմությամբ, հոգատարությամբ ու սկզբունքայնությամբ։
«Նա շատ ինքնատիպ մարդ էր՝ պատվի չափազանց բարձր զգացումով, հայրենասեր: Նվիրված, ամեն մի մանրուքի հանդեպ ուշադիր, հոգատար ամուսին էր, հայր ու պապիկ: Եվ, իհարկե, հավատարիմ ընկեր էր։ Շատ հյուրընկալ էր. սիրում էր հյուրասիրել եւ մեծ պատասխանատվությամբ էր պատրաստվում հյուրեր ընդունելուն»,- անկեղծանում է թոռը։
Պարուհի Աստղիկ Զարգարյանն ու ամուսինը՝ Ջիվան Գասպարյանը
Անակնկալը, արցունքներն ու Վարպետի հպարտությունը
Ջիվան Գասպարյան կրտսերը ջերմությամբ է հիշում դեպի դուդուկն իր անձնական ուղին ու պապիկի հետ կապված ամենահուզիչ դրվագներից մեկը.
«Լոս Անջելեսում սովորելիս կարոտն իմ մեջ սեր արթնացրեց դեպի դուդուկը։ Մինչ այդ պապիկս ինձ ու եղբորս ասում էր, որ սովորենք նվագել։ Երկուսս էլ երաժշտական դպրոց էինք հաճախում, բայց ցանկություն չունեինք։ Ի զարմանս պապիկիս՝ մի օր հեռախոսով խոսելիս նրանից դուդուկ խնդրեցի։ Ուղարկեց գործիքը։ Սկսեցի փորձել՝ լսելով նրա նվագը։ Մորաքրոջս տանը փակվում էի մի փոքր սենյակում ու ցածրաձայն նվագում, որ հարեւանները չբողոքեն։
Շուտով պապիկս եկավ Լոս Անջելես եւ հյուրանոցում սկսեց ինձ հետ պարապել։ Մի քանի օր անց նա կանչեց մորս ու մորաքրոջս։ Միասին համեղ հաց կերանք, ապա ասաց, որ նրանց համար անակնկալ ունի։ Ինձ գլխով արեց, որ սկսեմ նվագել, ու ես նվագեցի։ Իհարկե, շատ հուզված էի։ Սկզբում նկատեցի, որ մայրս ու մորաքույրս ժպտում էին՝ կարծես կատակ էին սպասում, բայց քիչ-քիչ լրջացան ու հուզմունքից լաց եղան։ Պապիկս ուրախ ու մի փոքր էլ հպարտ ասաց. «Ա՛յ, ըստեղ ձեզ կլացացնի»։ Ա՜յ, այսպիսի Վարպետ էր նա»։
Կրտսեր եւ ավագ Ջիվան Գասպարյանները
Ծննդյան օրվա առթիվ
Անվանի դուդուկահարի ծննդյան տարեդարձերը միշտ իսկական տոնի էին վերածվում։
«Այդ օրը հավաքվում էինք բոլորս՝ ընտանիքով, բարեկամներով, եւ մեզ միանում էին նաեւ նրանք, ովքեր հիշում էին եւ ցանկանում էին շնորհավորել նրան։ Հավաքույթը վերածվում էր իսկական խնջույքի՝ մինչեւ լույս»,- հիշում է թոռը։
Ջիվան Գասպարյանն ուսումնասիրում է իր արձանը
Ընտանիքն այսօր էլ պահպանում է այդ ավանդույթը․ «Այս անգամ էլ կհավաքվենք՝ մեր ընտանիքով, լավ հիշողություններով»։
Պատգամը
Ջիվան Գասպարյանն արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների, ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ անցկացվող փառատոններում։ 1978 թվականին նրան շնորհվել է ժողովրդական արտիստի պատվավոր կոչումը:
1988 թվականից սկսվեց նրա միջազգային հաղթարշավը՝ Բրայան Ինոյի, Փիթեր Գաբրիելի, «Կրոնոս» կվարտետի հետ համագործակցություններով, լոնդոնյան ելույթներով ու «Քրիստոսի վերջին գայթակղությունը», «Գլադիատոր», «Ռոնին», «Օնեգին», «Արյունոտ ադամանդ» եւ այլ ֆիլմերի սաունդթրեքերով։ Գասպարյանը թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունեցել 1000-ից ավելի ձայնագրություն եւ շուրջ 20 հազար համերգ։
Սակայն նույնիսկ համաշխարհային ճանաչման հասնելուց հետո նա երբեք չկորցրեց մարդկային նկարագիրը եւ սերունդներին պատգամում էր ապրել պատվով։
Ավագ եւ կրտսեր Ջիվան Գասպարյանները
«Նրա խորհուրդները շատ էին, բայց հատկապես հիշում ենք պատվի եւ անպատվության մասին ասածը․ «Փառքից անպատվություն մի քայլ է։ Երբ ընկերոջդ պաշտոն են տալիս, նորից ծանոթացիր հետը»,- պատմում է Ջիվան Գասպարյան կրտսերը։
Չիրականացած ծրագրերն ու ամենամեծ հետքը
«Ցավոք, պապիկը չհասցրեց իր ստեղծած բաս դուդուկի եւ երգերի հեղինակային իրավունքները ստանալ։ Հույս ունենք, որ այդ հարցերը կլուծվեն»,- նշում է թոռը։
Ջիվան Գասպարյան կրտսերն առանձնացնում է դուդուկի համաշխարհային ճանաչման գործում պապիկի ունեցած դերը. «Ջիվանի թողած ամենամեծ հետքը մեր մշակույթում նրա կատարումներն են։ Նա հայկական երաժշտությունը ներկայացրեց աշխարհին: 2005 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակեց դուդուկը եւ նրա երաժշտությունը որպես մարդկության ոչ նյութական ժառանգության գլուխգործոց»։
Տեքստը՝ Լիանա Թեհմուրյանի
Լուսանկարները տրամադրել է Ջիվան Գասպարյան կրտսերը


×
129






