×


Նարինե Գրիգորյանի՝ կարոտից ծնված ներկայացումը. Նարեկ Բաղդասարյանը՝ «Թրեյսիի վագր»

Եթե կորցրել եք ձեր «վագրին» ու չգիտեք՝ որտեղ գտնել, գնացեք Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն․ այնտեղ համախոհներ ունեք՝ նրանք էլ են նույն փնտրտուքով տարված։ Իսկական վագրանարեկ դարձած Նարեկ Բաղդասարյանը ձեզ կտանի Նյու Յորքի աղմկոտ փողոցներով, կստիպի զգալ ծանր պարկերի բեռը, միասին կվայելեք սուրճի բույրն ու կմտորեք կարեւոր թեմաների շուրջ։

Վիլյամ Սարոյանի ամենատարբերվող ու յուրահատուկ ստեղծագործություններից «Թոմ Թրեյսիի վագրը» Նարինե Գրիգորյանը դարձրել է ազդեցիկ ներկայացում, որում Նարեկ Բաղդասարյանը հերթական անգամ ցուցադրում է իր բազմաշերտ ու հարուստ դերասանական տաղանդի եւս մեկ կողմը։ Նա իսկական Թոմ Թրեյսի է, ու դրանում ոչ մի ակնթարթ չեք կասկածում։ Իր կերպարին դերասանը մոտեցել է յուրահատուկ սիրով ու հոգատարությամբ։ 


«Վիպակին ծանոթ էի, բայց ոչ խորապես: Այն Սարոյանի ամենայուրօրինակ ու հետաքրքիր գործն է։ Այստեղ խոսքը մեր ներսում եղած վագրի մասին է, որին երբեմն կորցնում ենք, երբեմն՝ վերագտնում։ Այդ վագրը խորհրդանշում է մեր ուժը, կիրքը, կյանքի հանդեպ սերը, ապրելու ցանկությունն ու այն լավ կողմերը, որոնք օգնում են ապրել։ Ասես՝ վագրին ունենալը կյանքի իմաստն է»,- Bravo.am-ի հետ զրույցում նշել է դերասանը։
 
Նրա հերոսը պատանեկան տարիքում է առաջին անգամ տեսնում իր «վագրին». միասին աշխատանքի են անցնում, սիրահարվում, հիասթափվում ու շարունակում ապրել, մինչեւ մի օր կենդանին անհետանում է։ Բայց առանց նրա Թրեյսին էլ նման չէ իրեն. չկան նախկին կիրքն ու ձգտումները, մինչեւ վագրը որոշում է դուրս գալ քաղաքի փողոցներ ու իրարանցում է առաջացնում ոչ միայն մարդկանց շրջանում, այլ նաեւ Թրեյսիի հոգում: 


Բաղդասարյանը խոստովանում է, որ սկսել է ավելի հաճախ կորցնել իր վագրին, ինչը մասամբ տարիքով է պայմանավորված. «Երբ աշխարհի համակարգը սկսում ես հասկանալ, ավելի դժվար ես ապրում, բայց դա ճիշտ չէ։ Պետք է այդ կիրք-վագրը միշտ ունենալ: Հատկապես մեր գործում առանց այդ վագրի չենք կարող ազնիվ աշխատել բեմում։ Դերը հենց դրանով է առանձնահատուկ ինձ համար, որ շատ լավ եմ հասկանում իմ կերպարին։ Հարցն այն էր, որ պետք էր ճշմարիտը զգալ եւ որպես մարդ ու դերասան անկեղծ լինել ինքդ քեզ հետ։ Առաջին հերթին պիտի իմ վագրին ճանաչեի»։

Ներկայացումը մեկ անգամ խաղացել էին սեպտեմբերին՝ «Սարոյանական օրերի» շրջանակում, իսկ պրեմիերաները կայացան հոկտեմբերին։ Դերասանի համար այդ ժամանակահատվածը մտորելու առումով շատ կարեւոր է եղել: «Առաջնախաղի թոհուբոհի մեջ երբեմն որոշ կարեւոր մանրուքներ կորցնում ես. լարվածությունն է խանգարում: Հետո ժամանակ է անցնում, ու ամեն ինչ ավելի հանգիստ ես դասավորում քո ներսում»,- բացատրել է նա։


Թեեւ Համազգայինի բեմում Սարոյանի ստեղծագործություններ մշտապես եղել են (Սոս Սարգսյանը բեմադրել էր «Մի գավաթ բարություն»-ը, Նիկոլայ Ծատուրյանը՝ «Փրկության կղզի»-ն, Արմեն Էլբակյանը՝ «Քո  կյանքի ժամերը»), սակայն վերջին տարիներին այդ առումով բացթողում ունեին, պատմել է թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։ 

«Վերջին 6-7 տարիներին մեր խաղացանկում Սարոյան չունեինք, ու ինձ հաճախ էին այդ մասին հարցնում։ Խնդիրն այն էր, որ ինձ համար Սարոյանի գրքերն ավելի շատ գրականություն ու փիլիոսոփայություն են, քան թատրոն։ Երբեք թատերական դաշտում նրան չեմ սիրել, չնայած` Ծատուրյանի ու Էլբակյանի բեմադրությունները միշտ շատ եմ հավանել։ Ինձ համար Սարոյանը թատրոնի նյութ չէր. նրա պիեսները չեմ սիրել ու մտքովս էլ չի անցել բեմադրել»,- նշել է նա:


«Վիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանի առաջարկով Գրիգորյանը որոշել է ամեն դեպքում անդրադառնալ հեղինակին։ Գործի ընտրությանը նպաստել է Ռուբեն Բաբայանի «Անպարկեշտ Թոմի մեկնաբանությունները» ներկայացումը։ Գրիգորյանին հատկապես գրավել է այն, որ երկխոսություններից մեկի ժամանակ հերոսներն անդրադառնում են Սարոյանի «Թրեյսիի վագրին» ու այն ամենասիրելի ստեղծագործություն անվանում։

«Ընդ որում՝ դա այնպես է ասվում, որ ուղեղիդ մեջ տպվում է։ Մտածեցի՝ այս ինչ վիպակ է, որ չեմ կարդացել։ Հետո իմացա, որ այն մեծ ազդեցություն է ունեցել ժամանակի գրողների վրա, իսկ երբ կարդացի, հավանեցի հենց շատ տարբեր լինելը։ Հիմնադրամի առաջարկով որոշեցինք անդրադառնալ մի ստեղծագործության, որը դեռ չէր բեմադրվել։ Սկզբում այն պետք է բեմադրեր Լիլի Էլբակյանը, որի մտքերն ինձ շատ էին դուր եկել, բայց նա զբաղված էր «Լա Լա Լենդ»-ով, իսկ մենք ընդամենը մեկ ամիս ունեինք»,- ոգեւորությամբ պատմել է Նարինե Գրիգորյանը։ 


Այդ ընթացքում նա պատրաստվում էր Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնի մրցույթին եւ այդ շրջանը բնորոշում է որպես «շատ դժբախտ»։  Քանի որ զրկված էր արվեստից ու ստեղծագործելուց, հասկացել է, թե թատրոնի շնորհիվ կյանքը որքան գեղեցիկ է ու վառ։

«Գիտակցեցի, թե ինչ երջանիկ օրեր եմ ապրել, երբ ազատ էի ու ստեղծագործում էի։ Մի օր աթնացա եւ հարցաշարի փոխարեն որոշեցի «Թրեյսիի վագրը» կարդալ, միանգամից մտքիս մեջ ամբողջ ներկայացումը ծնվեց։ Երեւի, երբ պոկված ես լինում սիրելի գործից, կարոտն այդպես է արտահայտվում։ Միանգամից տեսա, որ ներկայացումը սկսվելու է սափրվելու տեսարանով։ Գիտեմ՝ Նարեկն ինչպես է մազերը հարդարում ու գելով պատում, ինչպես է ատամները կրճտացնում, ու որ նա հենց այն մարդն է, որը ներսում վագր ունի։ Այնքան ոգեւորված էի, որ մեկ օրում ամբողջ ներկայացումը ծնվեց, ու հարցաշարն էլ արագ սովորեցի։ Զգացի, թե ոնց է արվեստը թեւեր տալիս։ Որոշեցի՝ հենց քննությունն ավարտվի, սկսելու ենք բեմադրել»,- խանդավառությամբ կիսվել է նա:


Ինչպես միշտ, Գրիգորյանն իր ոգեւորությունը Տաթեւ Ղազարյանի հետ է կիսել, ու թեեւ ստիպված են եղել ամառային արձակուրդի չմեկնել, մեկ ամսից էլ պակաս ժամանակում հասցրել են ներկայացումը ժամանակին ավարտին հասցնել։ Գրիգորյանը փորձել է ինքն իրեն չկրկնել ու բոլորովին նոր բան ստանալ.

«Հաճախ ինքս ինձնից՝  ռեժիսոր Նարինեից, հոգնում եմ։ Նույնիսկ դերասաններն են ասում. «Դու քեզ կրկնում ես: Սա արդեն «... եւ նորից գարուն»-ում արել ես»։ Ու այդ հոգնելու արդյունքում նոր բան է ծնվում։ Իհարկե, երբ հեղինակ ես փոխում, նա իր հետ անպայման նորն է բերում: Հասկանում էի, որ այս գործը շատ է կապված սուրճի արարողության հետ, եւ ուզում էի՝ հանդիսատեսին սուրճ հյուրասիրենք, նրանք մեզ մոտիկ լինեն, եւ, ինչպես վիրահատական սեղանին, հերոսի հոգին ածելիով բացենք ու ցույց տանք: Իսկ Նարեկն այն դերասանն է, որը կարող է մինչեւ վերջ քրքրվել»:


Գրիգորյանին դուր է գալիս, որ Սարոյանը երկատված խաղ է խաղում ու գաղտնիք թողնում՝ իրադարձությունների կիզակետում ներառելով ամբողջ քաղաքը: Բայց այն, ինչն ամենաշատն էր բեմադրիչին դուր գալիս, բեմում ամենաբարդն էր ստանալ. «Քաղաքում ամեն ինչ կանգ է առնում, ու ոչինչ տեղի չի ունենում։ Ու հենց դա ստանալ չէինք կարողանում: Այնքան դժվար էր դա թատերական դարձնել: Մի օր նստել էինք, ու ասացի. «Չգիտեմ՝ ինչ անենք», Նարեկն արձագանքեց. «Գիտես, ինձ դուր է գալիս, որ չգիտենք՝ ինչ անել»։ Իսկապես թեւաթափ էի, որովհետեւ գործը չէր ճկվում: Զգում էի, որ այն, միեւնույն է, մի մարդու հոգին բացելով չի ավարտվում: Մասշտաբը մեծանում է: Ու ի վերջո մեր ուզածը ստացվեց»:

Նրա համար վագրը միստիկ արարած է, որին մարդիկ չեն տեսել, բայց միեւնույն է՝ հավատում են: «Ոնց որ Հիսուսին տեսել են կամ չեն տեսել, ասես հրաշք տեղի ունենա։ Ամեն մեկը ներկայացումն իր փորձառության չափով է ընկալում, կարեւորը՝ մարդու փորում թիթեռներ թռչեն»։

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW