×


Լուսանկարը՝ Մարկոս դե Պաուլա/Ռիոյի քաղաքապետարան

Քրիստոս Ամենափրկչի զարմանալի գաղտնիքները. հսկա արձանում թաքնված պատմություններ

Այսօր Քրիստոս Ամենափրկիչն աշխարհի ամենահայտնի եւ խորհրդանշական հուշարձաններից է։ Այն հանդիսավորությամբ բացվել է 1931 թվականի հոկտեմբերի 12-ին՝ նշանավորելով մի հավակնոտ նախագծի ավարտը, որում միահյուսվել են արվեստը, ճարտարագիտությունն ու հավատը։ Ռիո դե Ժանեյրոյի վրա վեր խոյացող արձանը մինչ օրս մնում է հույսի, խաղաղության եւ հյուրընկալության հզոր խորհրդանիշ։

Այս վիթխարի արձանի հետ կապված է մի քանի զարմանալի պատմություն. մի նախագիծ, որի միտքն արդեն կար դրա կառուցումից շատ տարիներ առաջ, բացման արարողություն, որը կապված էր միջազգային ռադիոհեռարձակման փորձի հետ, բանվորներ, որոնք աշխատել են գետնից հարյուրավոր մետր բարձրության վրա, եւ նույնիսկ արձանի վրա քանդակված մի փոքրիկ սիրտ, որն իր գաղտնիքն ունի։

Լուսանկարը՝ Վիքիպեդիա Կորկովադու լեռը, 1930 թ.


Գրեթե 80 տարի փայփայված երազանք

Պատմությունը սկսվում է 1931 թվականից շատ առաջ։ Ըստ տեղեկությունների՝ 1850-ական թվականներին Պեդրո Մարիա Բոս անունով մի քահանա առաջարկել էր Կորկովադու լեռան գագաթին քրիստոնեական հուշարձան կառուցել, սակայն այդ ժամանակ նրա գաղափարը չէր իրականացել։

Անհրաժեշտ եղավ սպասել մինչեւ 1921 թվականը, որպեսզի նախագիծը կյանքի կոչվեր։ Բրազիլիայի բնակչության, հատկապես կաթոլիկների շրջանում, մեծ դրամահավաք կազմակերպվեց, եւ քահանայի երազանքն ի վերջո իրականություն դարձավ։

Լուսանկարը՝ Վիքիպեդիա Քրիստոս Ամենափրկչի արձանը Ռիո դե Ժանեյրոյում


Քրիստոսի արձանի սրտում թաքնված գաղտնիքը

Արձանի վրա կա մի հետաքրքիր դետալ, որը շատ այցելուներ չեն նկատում. Քրիստոսի կրծքավանդակին պատկերված է ոճավորված սիրտ, որը խորհրդանշում է Հիսուսի Սուրբ Սիրտը։

Քրիստոս Փրկչի սրբավայրի տվյալներով՝ այդ սրտի ներսում ինժեներներ Էյտոր Լեւին եւ Պեդրու Ֆերնանդես Վիանան տեղադրել են ապակե փոքրիկ սրվակ, որի մեջ մագաղաթ է՝ իրենց ընտանիքների տոհմածառերով։ Այդ կերպ նրանք ցանկացել են արտահայտել իրենց հավատքն ու երախտագիտությունը։

Հսկայական արձանի ներսում թաքնված է մի փոքրիկ ու անձնական մանրուք, որը հիշեցնում է հուշարձանի կառուցմանը մասնակցած մարդկանց մասին։

Լուսանկարը՝ Մարկոս դե Պաուլա/Ռիոյի քաղաքապետարան Քրիստոս Ամենափրկչի արձանը Ռիո դե Ժանեյրոյում


Իտալիայից լուսավորված արձանը

Արձանի բացման օրը նախատեսված էր տպավորիչ տեխնիկական փորձարկում։ Իտալացի գյուտարար Գուլիելմո Մարկոնին, որը հայտնի էր ռադիոկապի ոլորտում իր աշխատանքներով, պետք է ազդանշան ուղարկեր Իտալիայից՝ Բրազիլիայում գտնվող արձանի լուսավորությունը միացնելու համար։

Նախագիծը հիմնված էր անլար տեխնոլոգիայի վրա, որն այդ ժամանակաշրջանի համար չափազանց տպավորիչ էր։

Իտալիայի մշակույթի նախարարության տվյալներով՝ փորձը հաջողությամբ է ավարտվել։ Ժամը 22։20-ին Մարկոնին Հռոմից ռադիոազդանշան է ուղարկել, իսկ Ռիոյից ստացված հեռագիրը հաստատել է, որ արձանը լուսավորվել է։

Սակայն պատմական աղբյուրներում հանդիպում է նաեւ մեկ այլ վարկած. վատ եղանակի պատճառով հնարավոր չի եղել արձանը լուսավորել հեռակառավարմամբ, եւ լույսերը միացվել են տեղում։ Այսպիսով, արձանի լուսավորման պատմությունը տարբեր աղբյուրներում տարբեր կերպ է ներկայացվում։

Լուսանկարը՝ Վիքիպեդիա Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոս Ամենափրկիչը


Ինժեները բնակվել է լեռան գագաթին

Շինարարությունը դժվար էր. բանվորները ստիպված էին աշխատել մեծ բարձրության վրա, տեղափոխել ծանր շինանյութեր եւ բարդ պայմաններում միացնել արձանի տարբեր մասերը։ Չնայած այս դժվարություններին՝ VaticanNews-ի հաղորդմամբ՝ շինարարության ընթացքում աշխատողների մահվան դեպքեր չեն արձանագրվել։

1926-1931 թվականներին՝ շինարարական աշխատանքների ընթացքում, գլխավոր ինժեներ Հեյտոր Լեւին բնակվել է Կորկովադու լեռան գագաթին։ Հուշարձանի պատվանդանը նրան ծառայում էր որպես աշխատասենյակ, որտեղ նա ուսումնասիրում էր նախագծերը եւ վերահսկում շինարարական աշխատանքները։

Ռիո դե Ժանեյրոյի Քրիստոս Ամենափրկիչը


Քրիստոս Ամենափրկչի սրբավայրի հաղորդմամբ՝ մեկ անգամ նա փրկվել է ընկնելուց, որը կարող էր ճակատագրական լինել։ Այդ դեպքը խորապես ազդել է ինժեների վրա եւ, ենթադրաբար, նպաստել նրա՝ կաթոլիկություն ընդունելուն։

Քրիստոս Ամենափրկիչը պարզապես հսկայական արձան չէ, այլ հավատի, հաստատակամության, նորարարության եւ համերաշխության խորհրդանիշ։ Նրա բացված ձեռքերի հետեւում թաքնված են տասնամյակների երազանքներ, տեխնիկական բացառիկ նվաճումներ եւ մարդկային պատմություններ, որոնք երբեմն մնում են անհայտ։

Պատրաստեց՝ Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանը/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW